Լրահոս
Օրվա լրահոսը

Պետական մարմինների դեմ բողոքներ գրեթե չեն ներկայացվում, օգոստոսի դրությամբ՝ միայն մեկն էր. փորձագետ

Հունվար 20,2023 15:12

Հասկանալու համար, թե ովքեր են դիմում դատարան, ինչ խնդիրներով և արդյոք ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը, բացի վերահսկողություն իրականացնելուց, նաև որևէ անելիք ունի՝ խախտումները կանխելու ուղղությամբ, 500-ից ավելի վճիռներ ենք ուսումնասիրել և՛ քաղաքացիական գործերով, և՛ վարչական, նաև 100-ից ավելի որոշումներ, որոնք վերաբերել են աշխատանքից ազատման խնդիրներին՝ ինչպես կարգապահական հիմքով, այնպես էլ ոչ կարգապահական, նաև աշխատավարձերի բռնագանձման հետ կապված խնդիրներին։ Այս մասին այսօր «Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի գործունեության առանձնահատկությունները և խնդիրները աշխատանքային իրավունքի ոլորտում» հանրային քննարկմանն ասաց «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ փորձագետ Աննա Մելիքյանը։

Նրա խոսքով՝ մշտադիտարկումը ցույց է տվել, որ մեծամասամբ աշխատողների հայցերը բավարարվում են։ «Քաղաքացիական գործերով հայցվորների մեծամասնությունը կանայք են՝ հիմնականում մարզերից, իսկ վարչական գործերով ճնշող մեծամասնությունը տղամարդիկ են։ Աշխատանքից ազատման դեպքերով մարզերից և Երևանից գրեթե հավասարաչափ հայցեր են ներկայացվել, իսկ աշխատավարձերի բռնագանձման վերաբերյալ մեր դիտարկած գործերի 82 տոկոսի դեպքում Երևանում են հայց ներկայացրել»,- նշեց փորձագետը՝ նկատելով, որ ուշադրություն պետք է դարձնել Երևանից դուրս բնակչությանը աշխատանքային իրավունքների մասին իրազեկման խնդրին։

Պրակտիկայի ամփոփման արդյունքում, փորձագետը մի քանի խնդիր առանձնացրեց, որոնց վրա անհրաժեշտ է սևեռել պետական և տեսչական մարմինների ուշադրությունը՝ գործունեությունն ավելի արդյունավետ և պրոակտիվ դարձնելու համար:

«Մեր դիտարկումը ցույց է տվել, որ պետական մարմինների դեմ բողոքներ գրեթե չեն ներկայացվում, օգոստոսի դրությամբ` միայն մեկն էր, թեև օրենսդրությունը չի կաշկանդում, որ վերահսկողություն իրականացվի ոչ միայն մասնավոր, այլ նաև հանրային գործատուների շրջանում։ Արձանագրված խնդիրներից են աշխատողին աշխատանքային պայմանագիր չտրամադրելը, աշխատանքից ազատման դեպքում ժամանակին չծանուցելը կամ ոչ պատշաճ ծանուցելը և այլ աշխատանք չառաջարկելը։ Աշխատանքից ազատման հրամաններում հաճախ բացակայում է իրավական կամ փաստական հիմքը։ Լուրջ խնդիր է նաև աշխատանքից ազատման դեպքում վերջնահաշվարկ չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը։ Արձանագրվել են նաև խտրականության դեպքեր, օրինակ՝ հղիության հիմքով խտրական վերաբերմունք է ցուցաբերվել և անձն աշխատանքի չի ընդունվել, նաև գրանցվել է դեպք, երբ աշխատանքից ազատվել է կենսաթոշակային տարիքի հասած աշխատակիցը, այն դեպքում, երբ աշխատանքային պայմանագրով դա նախատեսված չի եղել,- նշեց փորձագետը։

Փորձագիտական խումբն արձանագրել է, որ տեսչական մարմնի լիազորությունը իրականացնելու համատեքստում գործատուների հետ աշխատանքի հարցում իրազեկման անհրաժեշտություն կա: Տեսչական մարմինը գործատուններին պետք է տեղեկացնի, որպեսզի նրանք հրամաններում ապահովեն  փաստական և իրավական հիմքերը: Աննա Մելիքյանի խոսքով, քանի որ տեսչական մարմինը վերահսկողություն է իրականացնում, ոչ միայն խախտումն արձանագրելու, այլ նաև կանխելու համար:

Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031