«Արցախի շրջափակման ընթացքում ի հայտ եկած տնտեսական խնդիրները և դրանց լուծման ուղիները» թեմայով հոդվածների շարք
I․ Արցախը պետք է զարգացնի իր սեփական արտադրությունը
2022 թվականի դեկտեմբերի 12-ի վաղ առավոտյան, ադրբեջանական այսպես ասած էկոակտիվիստների մի ստվար զանգված` էկո-ահաբեկչության քողի տակ, փակել է Ստեփանակերտ- Գորիս միջպետական մայրուղին և դրա հետևանքով առաջ են եկել մի շարք տնտեսական խնդիրներ:
Որոնք են`
Կարդացեք նաև
- Առաջին հերթին խնդիրը բնակչության ազատ տեղաշարժի խոչընդոտումն է,
- Ապրանքաշրջանառության դադարեցումը (ներմուծում և արտահանում),
- Երկրի ֆինանսական կայունության խախտումը, հիմնականում բանկերը աշխատում են ՀՀ բանկերին կից ( մասնաճյուղերն են),
- Տնտեսվարող սուբյեկտների աշխատանքի խոչընդոտումը (ստորև ներկայացրել եմ իմ կողմից կատարված ԱՀ ԱՎԾ նախագահի կողմից հանձնարարված հարցման արդյունքները),
- ԱՀ ամենախոշոր հարկատու Base Metals ընկերության գործունեության ժամանակավոր դադարումը,
- Նույն կազմակերպության շուրջ 1000-ից ավելի աշխատողների առանց աշխատանքի մնալն,
- ԱՀ պետբյուջեի ճեղքումը, քանզի հարկային եկամուտները` կապված կազմակերպությունների գործունեության դադարեցման հետ, զգալի կնվազի,
- Գործազրկության մակարդակը,
- Զբոսաշրջիկների այցելության խոչընդոտումը,
- Տնտեսության շուրջ 30 տարի հետ մնալն,
- Էլեկտրաէներգիայի ոչ բավարար քանակությունը, (միայն Սարսանգի ջրամբարի շահագործումը բավարար չէ ԱՀ-ում էլեկտրաէներգիայի անհրաժեշտ քանակությունը ապահովելու համար ),
- Պարենային ապրանքների, դեղորայքի բացակայությունը, առաջին անհրաժեշտության ապրանքների գրեթե չլինելը և այլն:
Այս խնդիրների առաջացման պատճառները ուսումնասիրելով, կփորձեմ առաջարկել դրանց լուծման ուղիները:
Քանի որ, ճանապարհի փակ լինելու պատճառով դադարել է ապրանքաշրջանառությունը, այսինքն` տնտեսվարող սուբյեկտները չեն կարողանում ապրանքներ ներմուծել, իսկ արտադրական կազմակերպությունները արտահանել իրենց ապրանքները դեպի այլ պետություններ, հիմնականում ՀՀ և ՌԴ և, այդ իսկ պատճառով, հիմնականում դադարեցրել են իրենց գործունեությունը (բացի որոշ կազմակերպություններից, որոնք պահեստում ունեին որոշակի քանակի հումք ժամանակավոր գործունեություն ծավալելու համար) կառաջարկեմ հետևյալ տարբերակները`
- Ունենալ հումքի որոշակի պաշար, որը բավարար կլինի որոշակի ժամանակահատված իրացնելու համար,
- Աշխատել օգտվել տեղական հումքից, օրինակ` հացի կամ հրուշակեղենի արտադրության համար ալյուրը ոչ թե ներմուծել ՀՀ-ից, այլ օգտվել տեղական արտադրությունից («Գառնի Գրուպ», «Էռմի», «Աուկցիոն» ՍՊԸ-ներ):
Քանի որ, ԱՀ-ում ֆինանսական հոսքը դադարել է, ԱՀ բանկային համակարգը և հատկապես «Արցախբանկ» ՓԲԸ-ն, ում պատկանում են ԱՀ քարտապանների զգալի հատվածը, չի կարողանում լիակատար շարունակել իր գործունեությունը, դրա համար ԱՀ կառավարությունը պետք է ձեռնարկի բավարար միջոցներ ԱՀ-ում գտնվող Կարմիր Խաչի միջազգային կազմակերպության և ՌԴ խաղաղապահ ուժերի հետ համատեղ լուծելու համար ԱՀ ֆինանսների ներհոսքի խնդիրը:
Պետք է անհապաղ միջոցներ ձեռնարկել Կաշենի հանքի շահագործումը վերսկսելու համար: Գործունեության ժամանակավոր դադարումը կհանգեցնի պետբյուջեի ճեղքվածքին, քանզի տարեկան ԱՀ պետբյուջե` հարկային մուտքերի տեսքով փոխանցում են շուրջ 40 մլրդ. դրամ: Ինչը կազմում է ԱՀ տարեկան բյուջեի ծախսային մասի շուրջ 20%-ը:
Կարևոր խնդիր է նաև պարենային և առաջին անհրաժեշտության ապրանքների բացակայությունը և նվազումը, ինչը բնակչությանը դրդրում է խուճապի մատնվել և առավելագույնս պաշարներ հավաքել հետագայի համար: Սակայն դա նույնպես մեծ խնդիր է: Քանզի առաջանում է կտրուկ ապրանքների պակաս, իսկ բնակչության մի մասը կարողանում է ձեռք բերել տվյալ ապրանքները, մյուսները կամ չեն հասցնում գնել կամ էլ ժամանակ չեն ունենում: Արդյունքում առաջանում է դեֆիցիտ և դա կարող ենք կարգավորել միայն պետական մակարդակով: Տվյալ դեպքում ԱՀ կառավարությունը մշակել է կտրոնային ռեժիմին անցնելու ծրագիրը:
ԱՀ ԱՎԾ նախագահի հանձնարարությամբ կատարել եմ հետազոտություն, բացահայտելու համար թե շրջափակման պայմաններում, ինչն է խոչընդոտում ԱՀ արտադրական կազմակերպությունների գործունեությանը, հարցնելով թե որտեղից են ստանում արտադրական հումքը, արդյոք այն տեղական է, թե՞ ներմուծվում է արտաքին շուկաներից:
Հետազոտությունը իրականացրել ենք հեռախոսազանգերի միջոցով և եկել ենք հետևյալ բացահայտմանը: Ըստ շուրջ 300 արտադրական կազմակերպությունների հաշվապահների պատասխանների ` կազմակերպությունների 41% օգտագործում են միայն տեղական հումք, 52%-ը՝ ներմուծված հումք, իսկ մասամբ ներմուծված հումք օգտագործում են կազմակերպությունների 7%-ը։
Հիմնականում ներմուծվում են եվրոդռների և պատուհանների արտադրության համար նախատեսված հումքը և նյութերը, ինչը տեղական շուկայում բացակայում է:
Էլեկտրաէներգիայի անհրաժեշտ քանակը ապահովելու համար կառաջարկեմ ՀԷԿ-երի կառուցման նախագծերի իրականացում, ինչը ԱՀ-ում արդեն իսկ իրականացվում է «Գետավան Էներջի»-ի կողմից: Աշխատանքները նախատեսվում են ավարտել 2024-25թթ:
Պետք է սկսել հայրենական արտադրանքի ավելացմանը ուղղված նախագծեր: ԱՀ գյուղաջակցության հիմնադրամի կողմից տրամադրված գյուղական բիզնեսին, բուսաբուծությանն ուղղված ֆինանսական հատկացումները ինչպես տեսնում ենք նպատակին չի ծառայել: Պետությունը պետք է հետամուտ լինի, որպեսզի պետբյուջեից հատկացված ֆինանսական միջոցները ծառայի իր նպատակին:
Գյուղատնտեսությունը պետք լինի ԱՀ կարևոր ճյուղերից մեկը: Ապահովի առաջին հերթին ներքին սպառման իր պահանջները:
Անորոշության և ռիսկայնության բարձր մակարդակի պայմաններում ավելի ու ավելի է ավելանում ներքին շուկայի վրա շեշտը դնելու պետության պարտավորությունները:
Իրա ԽԱՉԱՏՐՅԱՆ,
Արցախի պետական համալսարանի մագիստրատուրա 2-րդ կուրս