«Կարող է ժամանակավոր զորանոցը վերանորոգված չլինի, պատերը սվաղած չլինեն, բայց այդտեղ մաքրությունն ու պայմանները, հակահրդեհային պատրաստությունը, վառարանի հետ վարվելու նույն պահանջները պետք է լինեն, ինչպես այլ զորանոցների, օրինակ՝ ժամանակավոր կացարան, վրանային պայմաններ, թե ժամանակակից զորանոց, այս բոլոր դեպքերում նույն պահանջներն են, ղեկավար կազմն այդ ամենը պետք է ապահովի»,-այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց պաշտպանության նախկին նախարար, ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն՝ անդրադառնալով Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղակայված զորանոցի հրդեհին, որի հետեւանքով 15 զինծառայող է մահացել, 3-ը տարբեր աստիճանի վնասվածքներով հիվանդանոցում են։
Օհանյանն ասաց, որ եթե ջեռուցումը կազմակերպվում է վառարանով, ապա հակահրդեհային պահանջների նկատմամբ խիստ վերաբերմունք պետք է լինի։
«Այդ զորանոցում գտնվող զինվորներն այդ վիճակում հենց այնպես չեն հայտնվել։ Այսինքն, երկար ժամանակ է, ինչպես նշեց կառավարության ղեկավարը, 2020 թվականի պատերազմից հետո են իրենք գտնվել այդ ժամանակավոր կացարանում։ Երկու տարին բավարար է եղել ոչ միայն կացարանը կարգի բերելու, այլեւ նորից՝ զրոյից կացարաններ կառուցելու համար։ Ասում են՝ Իտալիայից մոդուլներ էին բերում։ ՀՀ-ն ունի այն ներուժը, որ տեղում կառուցի համապատասխան պայմաններ իր զինծառայողների համար։ Նախկինում բազմաթիվ այդպիսի շենք-շինություններ եմ կառուցել՝ խիստ վերահսկողության ներքո»,-ասաց նախկին նախարարը։
Նա ասաց, որ ցավով է ընդունում բանակի թերությունները․ «Վերջին տարիներին բավականին լուրջ հարված է հասցվել բանակի կարգապահությանը։ Այդ կարգապահության մեջ զինծառայողների, ենթակաների նկատմամբ պահանջկոտության զուգակցումը նրանց անձնական արժանապատվության, հարգանքի եւ հոգատարության սկզբունքը փոխարինվել է լոյալ պայմանների ստեղծմամբ, բանակի քաղաքականությունը վերածվել կենցաղային մակարդակի փիարի։ Կարգապահությունը՝ արտաքին տեսքից սկած մինչեւ հեռախոսների բաժանումը, բավականին իջել է։ Երբ կարգապահության մակարդակն իջնում է, դրա հետեւանքն արտակարգ պատահարներ են լինում»։
Կարդացեք նաև
Օհանյանն ասաց, որ իշխանությունը, բանակի ղեկավարությունը պարտավոր էին իմանալ, որ նման պայմաններում գտնվող զինծառայողներ կամ զորանոց կա եւ պարտավոր էին պայմաններ ստեղծել․ «Այս դեպքը պետք է ահազանգ լինի, որ մնացած հատվածներում եւս մեկ անգամ ուսումնասիրեն եւ վերահսկեն, կարգի բերեն պայմանները։ Բանակի ծառայողական քննության հիմնական նպատակը միայն քրեական գործի հարուցումը չէ, այլ՝ նման իրավիճակների կանխարգելումը»։
Անդրադառնալով երեկ ԶՈՒ –ում տեղի ունեցած պաշտոնանկություններին, Օհանյանն ասաց՝ դա այնպիսի դեպք էր, որ ԶՈՒ ղեկավար կազմը պետք է լիներ դեպքի վայրում, եւ պետք էր անմիջապես ծառայողական քննություն նշանակվեր՝ հանձնաժողովի ստեղծմամբ, տվյալ դեպքում, Օհանյանի կարծիքով՝ նախարարի կամ փոխնախարարի գլխավորությամբ․«Ծառայողական քննության արդյունքում պետք է որոշումներ ընդունեին։ Միանգամից հանել զորամիավորման հրամանատարությանը, նշանակում է գլխատել ողջ հրամանատարական կազմին։ Դա նման է նրան, երբ պատերազմից առաջ միանգամից փոխում էին նախարարին, գլխավոր շտաբի պետին, Արցախի ՊԲ հրամանատարին եւ այդ կադրային արագ փոփոխություններն են, որ հարվածել են բանակի ղեկավարման համակարգին»։
Օհանյանի դիտարկմամբ՝ իշխանության ներկայացուցիչները պաշտոնանկությունների մասին խոսելիս նշել են, թե որ կորպուսի զինվորականներին են ազատել, մինչդեռ այդ անվանումը տվյալ զորամիավորման գաղտնի անվանումն է, նրանք իրավունք չունեն բարձրաձայնել զորամիավորման անունը․«Իրենք սա էլ չգիտեն, բայց երկիր են ղեկավարում»։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ