Լրահոս
Օրվա լրահոսը

«Այս քայլով իրավիճակն ավելի է վատթարանալու»․ Աշոտ Մելիքյանը՝ կառավարության որոշման մասին

Հունվար 20,2023 14:18

ՀՀ կառավարության որոշմամբ՝ մարզպետարանների Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի ստորաբաժանումները կվերանան եւ կմիավորվեն «Անձնակազմի կառավարման, փաստաթղթաշրջանառության և հասարակայնության հետ կապերի վարչության» ներքո։ Այսինքն՝ կկրճատվեն տեղեկատվության մասնագետները։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում մտահոգություն էր հայտնել Ինֆորմացիայի ազատության կենտրոնի հիմնադիր եւ նախագահ Շուշան Դոյդոյանը։

Շուշան Դոյդոյան

Նա կարճամիտ քայլ էր որակել նման որոշում կայացնելը ու զարմանքով նշել, որ փոխանակ առկա տեղեկատվական մարդկային ու տեխնիկական պաշտոնական ռեսուրսները հզորացնելու՝ առանց որեւէ ուսումնասիրության նման որոշում է կայացվում։

Aravot.am-ը թեմայի վերաբերյալ մեկնաբանություն խնդրեց նաեւ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանից։ «Ես կարծում եմ, որ այդ որոշումը խիստ քննադատության է արժանի, որովհետեւ առանց այն էլ եւ լրագրողները, եւ շարքային քաղաքացիները ամենեւին էլ գոհ չեն պետական ատյանների հետ աշխատելուց, այսինքն` պաշտոնական տվյալներ ստանալու իրենց փորձերը հաճախ հաջողությամբ չեն պսակվում։ Այս քայլով, կարծում եմ, իրավիճակն ավելի է վատթարանալու»,-ասաց պարոն Մելիքյանը։

Նրա խոսքով․ «Առհասարակ մեզանում մամուլի խոսնակների կամ հասարակայնության հետ կապերի վարչությունների, բաժինների, այդ ստորաբաժանումերի աշխատանքի կատարելագործման, հմուտ մասնագետներ նշանակելու անհրաժեշտություն կա։ Հետհեղափոխական շրջանում բավականին շատ գերատեսչություններում նոր մարդիկ են եկել, որոնք չեն տիրապետում այդ մասնագիտության այնպես, ինչպես որ հարկն է։ Եվ մեր դիտարկումները ցույց են տալիս, որ լրագրողների եւ լրատվամիջոցների հարցումները պետական մարմիններին շատ հաճախ կամ հանիրավի մերժվում են, կամ պատասխանները լղոզված են լինում, եւ հայցվող տվյալները չեն տրամադրվում նրանց։ Մենք մեր զեկույցներում այդ իրավիճակն արտացոլում ենք։

Ամեն դեպքում այս որոշումը շատ մտահոգիչ է։ Ապագան ցույց կտա, թե որքանով դա կբարելավի կամ կվատացնի իրավիճակը։ Բայց այսպես՝ առաջին գնահատականն այն է, որ ոչ թե նման կրճատումներ կամ տեղափոխումներ է պետք անել, այլ այդ պաշտոններում աշխատող մարդկանց անհրաժեշտ է վերապատրաստել, բարձրացնել նրանց որակավորումը եւ առավելագույն հնարավորություն տալ ազատ շփվելու, որպեսզի հանրային նշանակության ամբողջ տեղեկատվությունը տրամադրեն եւ լրատվամիջոցներին, եւ քաղաքացիներին՝ անհրաժեշտության դեպքում»։

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031