«Քաղաքական պատասխանատվություն միշտ էլ կա, պետք է լինի»,- «Հոդված 3» ակումբում «Ո՞վ է պատասխանատու բանակում տեղի ունեցած ողբերգության համար» թեմայով քննարկման ժամանակ հայտարարեց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ, իրավապաշտպան Արթուր Սաքունցը` անդրադառնալով Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանի հրդեհի համար պատասխանատվությանը:
Նա փաստեց՝ միշտ էլ բարձրաձայնել են այս խնդիրների մասին, կան գործիքակազմեր, որոնցով պահանջվում է ամենօրյա աշխատանք, ինչը չի արվում պատշաճ կերպով: Իրավապաշտպանը շեշտեց. «Պատասխանատվության էությունը ոչ միայն նման դեպքերի կանխարգելումն է, այլև այդ նպատակով ինստիտուցիոնալ փոփոխությունների կատարումը: Այն հարվածը, որը 2020-ի պատերազմի ժամանակ ստացան մեր զինված ուժերը, այլ մոտեցումներ էր պահանջում և համարժեք մոտեցում քաղաքականության փոփոխության առումով, զինվորական ծառայության պայմանների առումով, այսինքն՝ այնպես չէ, որ պատասխանատվության հարցը միայն կոնկրետ միջադեպի ժամանակ ենք բարձրացնում: Այն գործողությունները, որոնք պիտի բխեին քաղաքացիների անվտանգության ապահովման սկզբունքից, չապահովվեցին: Իսկ որո՞նք են երաշխիքները, որ նման իրավիճակներ կրկին չեն լինի»:
Հարցին՝ ինչպե՞ս կգնահատի մարդու իրավունքների նկատմամբ նման վերաբերմունքը, երբ զինվորների կացարանն անգամ պատուհաններ չունի, այլ ճաղավանդակներ, արդյոք վերադաս անձ այնտեղ գնացե՞լ էր ու նորմա՞լ էր համարել այդ վիճակը, ՀՀ ՄԻՊ աշխատակազմի քրեական արդարադատության ոլորտում և զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության դեպարտամենտի ղեկավար Հրանտ Ջիլավյանն այսպես պատասխանեց. «ՄԻՊ հաստատությունն ունի այդ հնարավորությունը մշտադիտարկման նպատակով այցելել ԶՈՒ տարբեր ստորաբաժանումներ, տեղակայման վայրեր: 2022-ին իրականացրել ենք 6 այց, որի շրջանակներում այցելել ենք Գեղարքունիքի, Սյունիքի, Վայոց ձորի մարզերում տեղակայված զորամասեր: Խաղաղ պայմաններում զինծառայողների զոհվելու դեպքերից մեկը 2022-ի կրկին հրդեհի հետևանքով մահացությունն էր: Պաշտոնական պարզաբանում ենք պահանջել ՊՆ-ից, Գլխավոր դատախազությունից, ոչ միայն պատասխանատվության հարցով, այլև ՊՆ-ի կողմից ձեռնարկվելիք միջոցառումների վերաբերյալ, թե ինչ են անում, որ հետագայում նման դեպքերը կանխվեն»:
Հրանտ Ջիլավյանը կարևորեց այն հարցը, թե ինչ են պատասխանատու գերատեսչությունները պլանավորում հետագայում նման դեպքերի բացառման համար: Նա նաև հայտնեց, որ իրենց մշտադիտարկումների արդյունքում հայտնաբերել են զինվորների կացարաններում գերբնակեցվածության խնդիրներ, ինչը պատճառաբանել են, որ սա ժամանակավոր բնույթ ունի: Այս առիթով նա ասաց. «Թեկուզ ժամանակավոր կացարանում պետք է առաջնային անվտանգության միջոցները լինեն այնպիսին, որոնք մարդու կյանքի համար վտանգ չսպառնան: Պահանջել ենք պարզաբանում, եթե դա եղել է քաղաքացիական նշանակության օբյեկտ ժամանակին, պետք է համապատասխանեցվեին առնվազն ճաղավանդակների մասով, անվտանգության կանոնների պահպանման տեսանկյունից: Այս առումով անվտանգության կանոնների պահպանման պատասխանատվությունը կամ միջադեպի պատասխանատվությունը պետության պարտավորությունն է, որ պարտավոր է հնարավոր առավելագույնն անել քաղաքացու կյանքի իրավունքը պաշտպանելու համար»:
Կարդացեք նաև
Խոսելով նման ողբերգական միջադեպերը ծնող պատճառների մասին՝ Հրանտ Ջիլավյանն ասաց. «Պատճառներից մեկը բանակում դեռևս գտնվող ոչ կանոնադրական հարաբերություններն են կամ վատ բարքերը, ոչ պատշաճ վերահսկողությունը ժամկետային զինծառայողներին ավելի բարձր օղակի կողմից, և դա էլ ունի իր պատճառը՝ սպայական ոչ լրիվ համալրվածությունը: Արձանագրել ենք դեպքեր, երբ մեկ սպան կատարել է երկու կամ ավելի պաշտոնի պարտականություններ: Մի կողմից իր համար գերծանրաբեռնվածության է դա հանգեցնում, մյուս կողմից պարտականությունների՝ ոչ ամբողջական կատարելու անհնարինության: Իջնում է նաև կարգապահությունը: Նաև այսպիսի իրավիճակների պատճառը ժամկետային զինծառայողների և սպայական կազմի գիտելիքի պակասն է»:
Դիտարկմանը՝ քննությունը չավարտված ինը մարդու պաշտոնանկ են անում, մինչդեռ երբ հարցը հասնում է քաղաքական պատասխանատվությանը, ասում են, որ քննություն պետք է տարվի և հարցին՝ ինչպե՞ս կգնահատեք այս իրավիճակը, Արթուր Սաքունցը պատասխանեց. «Դրան վերաբերվում եմ որպես անպատասխանատու մոտեցում: Այ, հենց այդպես դա քավության նոխազների նշանակումն է քաղաքական պատասխանատվության ինստիտուտն օրակարգից հանելու նպատակով: Անկախ կոնկրետ դեպքի հետ կապված՝ ով է բենզինի տարան վերցրել, խնդիրն այն է, որ 1.5-2 տարի զինվորները գտնվում են այդ կացարանում: ՊՆ նախարարը, ԳՇ պետը պատասխանատու են: Վերջին հաշվով, բացի ՄԻՊ մշտադիտարկումից՝ կա գերատեսչական վերահսկողություն: Ես կհասկանայի այդ կորպուսի հրամանատարի հեռացումը, եթե ցույց տային, հիմնավորեին, որ օրինակ՝ ԳՇ պետը մեկ բան ասել է և չեն կատարել: Չենք տեսնում ԳՇ պետի, ՊՆ նախարարի կողմից կատարված գործողությունների մասին տեղեկություն: Իսկ ի՞նչ է՝ պետք է դեպքը լինի, նոր այս մոտեցո՞ւմը լինի: Թող կարգադրեին, որ պետք է կացարանի ճաղավանդակները հանել, որևէ վաշտի հրամանատար չի կարող ինքնագլուխ որոշումներ կայացնել տեղակայման հետ կապված հարցերով»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ