Լրահոս
Օրվա լրահոսը

Արձանագրվել է լրագրողական գործունեության սահմանափակման 2 դեպք, ահաբեկման մասին հայտարարություն. դեկտեմբեր ամսվա մշտադիտարկման արդյունքները 

Հունվար 20,2023 13:50

2022 թվականի մարտ ամսից «Հանուն Չորրորդ Իշխանության» ՀԿ-ն տեղեկատվական դաշտում իրականացնում է մշտադիտարկում, որով յուրաքանչյուր ամիս ամփոփվում է լրագրողական դաշտում արձանագրված խախտումներն ու կարևոր իրադարձությունները: Հերթական մշտադիտարկման արդյունքները վերաբերում են 2022 թվականի դեկտեմբեր ամսին:

Եւ այսպես՝

1.Դեկտեմբերի ամսին լրագրողների նկատմամբ բռնության դեպքեր չեն արձանագրվել:

2.Լրագրողների օրակարգում թիվ մեկ օրակարգային խնդիրը շարունակում է մնալ տարբեր գերատեսչություններից տեղեկատվություն ստանալու և ճշտելու հարցը:

3.Արձանագրվել է լրագրողական գործունեության սահմանափակման երկու դեպք։ Դեկտեմբերի 14-ին Factor TV լրագրողները գնացել են եւ փորձել են նկարահանումներ իրականացնել Լաչինի միջանցքում: Նրանց Գորիսի Տեղ գյուղից այն կողմ չեն թողել, պատճառաբանելով, որ իրենց անվտանգության համար պատասխանատվություն չեն կրում:

Դեկտեմբների 26-ին՝ մի խումբ ակտիվիստների հետ Factor TV եւ Mediahub.am-ի լրագրողները եւս մեկ փորձ արեցին գնալ Լաչինի միջանցք, սակայն այդ փորձը կրկին չեղարկվեց: Պատճառաբանությունը նույնն էր:

4․Արձանագրվել է ահաբեկման մասին հայտարարություն։ ՍիվիլՆեթի նախկին աշխատակից Թաթուլ Հակոբյանը ֆեյսբուքյան գրառում է արել նույնանուն կայքի եթերում Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի հարցազրույցի վերաբերյալ։ Հարցազրույցում Բաբայանը, առանց անուն տալու, նշում է ՍիվիլՆեթի նախկին աշխատակցին՝ ասելով, թե նա իրեն ու մյուսներին մեղադրել է դավաճանության մեջ 1997-ի ղարաբաղյան կարգավորման պլանը վիժեցնելու և Քելբաջարը չհանձնելու համար։ ՍիվիլՆեթի հաղորդավար Արշալույս Մղդեսյանը հորդորել է հանգիստ թողնել իր գործընկերներին։

Թաթուլ Հակոբյանն իր ֆեյսբուքյան գրառմամբ Բաբայանի հայտարարությունն ընդունել է որպես իր դեմ բռնության կոչ։ ՍիվիլՆեթը, հաշվի առնելով թեմայի զգայունությունը՝ յութուբյան իր էջում տեղադրված տեսանյութում հեռացրել է Բաբայանի խոսքի խնդրահարույց հատվածը։

6.Դեկտեմբերի 26-ին ՀՀ Արդարադատության նախարարությունը շրջանառության մեջ դրեց «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծ՝ առաջարկելով սահմանափակել համացանցը ռազմական դրության ժամանակ: Նախագծի փոփոխությունների մեկը ներառում է դրույթ Հայաստանի Հանրապետության տարածքում ինտերնետային կայքերի, սոցիալական ցանցերի, ինտերնետային հավելվածների գործողության ժամանակավոր կասեցում (արգելափակում), ինչպես նաև ինտերնետ հասանելիության մասնակի կամ ամբողջական սահմանափակում: «Հանուն Չորրորդ իշխանության» հասարակական կազմակերպության գնահատմամբ՝ այս նախաձեռնությունը խոսքի ազատության, տեղեկատվություն ստանալու ազատության եւ լրագրողական գործունեության սահմանափակման փորձ է՝ անվտանգության ապահովման պատճառաբանությամբ։

«Հանուն Չորրորդ իշխանության» ՀԿ-ն շարունակում է աչալուրջ հետևել լրատվական դաշտում տեղի ունեցող բոլոր իրադարձություններին և ներհայաստանյան ու արցախյան բոլոր լրատվամիջոցներին ևս մեկ անգամ կոչ անում ներկայացնել լրագրողների կամ կազմակերպության հետ առնչվող խոսքի ազատության, մասնագիտական գործունեության սահմանափակման և այլ դեպքերի հետ կապված իրավական ու էթիկայի բոլոր խախտումները: Առավել աղմկահարույց դեպքերին հրավիրվելու է պատկան մարմինների ուշադրությունը:

 Մեր առաքելությունն է օբյեկտիվ լրատվության և լրագրողական գործունեության պաշտպանությունը։ Մենք պայքարում ենք հանուն մեր իրավունքների և արդարության:

«Հանուն Չորրորդ իշխանության» ՀԿ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031