Աշխատանքային իրավունքների պաշտպանության ոլորտում լուրջ փոփոխություններ էին նախատեսվում Մարդու իրավունքների ազգային ռազմավարությունում, նաև Աշխատանքային օրենսգրքում փոփոխությունների լայն փաթեթ էր շրջանառվում։ Այս մասին այսօր, «Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի գործունեության առանձնահատկությունները և խնդիրները աշխատանքային իրավունքի ոլորտում» հանրային քննարկմանն ասաց «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ նախագահ Արաքս Մելքոնյանը (լուսանկարում)։
Նրա խոսքով, ծրագիրն իրականացվում է «ԵՄ-ն հանուն աշխատանքային իրավունքների» շրջանակներում, այն ֆինանսավորվում է ԵՄ կողմից: Տարբեր գործընկերների հետ աշխատանքի արդյունքում Աշխատանքային օրենսգրքում կատարվող փոփոխությունների են առաջարկներ ներկայացվել:
«Ինչպիսի մեխանիզմներ ունի ՀՀ-ն աշխատանքային իրավունքների պաշտպանության համար, որքանով են դրանք արդյունավետ և ինչ զարգացումներ կարող են ունենալ և կատարելագործվել այդ մեխանիզմները։ Այս ծրագրի շրջանակներում ուսումնասիրվել է պետական վերահսկողության իրականացումը տեսչական մարմնի կողմից։ Արդյոք այն բավարար է, արդյոք համապատասխանում է ՀՀ միջազգային պարտավորություններին, արդյոք մարմինն ունի բավարար ռեսուրսներ, գործիքակազմ, անձնակազմ ու ընթացակարգեր իր առջև դրված բազմաթիվ լիազորություններն իրականացնելու համար։ Մելքոնյանի խոսքով՝ 2021թ․ հուլիսի 1-ից իրավական ուժ ստացավ Աշխատանքային օրենսգրքի փոփոխությունը, որով տեսչական մարմինը, ի լրումն այլ պայմանների դիտարկումների, վերահսկողություն է իրականացնում գործատուների կողմից աշխատանքային օրենսգրքի, Աշխատանքային իրավունքի այլ նորմեր պարունակող իրավական ակտերի, պայմանագրերի, այդ թվում՝ անհատական և կոլեկտիվ պայմանագրերով նախատեսված դրույթների իրականացման վրա, նաև ստանում է բողոքներ աշխատողներից։ Փորձը ցույց տվեց, որ աշխատողները հիմնականում բողոք են ներկայացնում այն ժամանակ, երբ աշխատանքային հարաբերությունները դադարած են լինում գործատուի հետ, և հիմնականում նման բողոքներ ներկայացնում են մասնավոր ոլորտի գործատուների դեմ։ Այս համատեքստում շատ կարևոր է հասկանալ, թե ինչ գործառույթներ ունի ԱԱՏՄ-ն վերահսկողական լիազորությունների շրջանակներում, արդյոք կատարում է պատշաճորեն, և ինչ խնդիրներ կան այս ոլորտում և օրենսդրական պարզության և գործնականում իմպլեմենտացիայի առումով»,- ընդգծեց Մելքոնյանը։
Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ