ԵԽԽՎ–ում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը
Երեկ Ադրբեջանի ԳՇ պետը այցելել է օկուպացված Քարվաճառ և Լաչին՝ ստուգելու տեղի զորամասերի մարտական պատրաստության մակարդակը: «ԳՇ պետը լսել է օպերատիվ իրավիճակի և մարտական հերթապահության կազմակերպման վերաբերյալ զեկույցներ, տվել համապատասխան հանձնարարականներ ՝ հնարավոր սադրանքները ժամանակին և վճռական կերպով կասեցնելու ուղղությամբ»,–նշված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնեմ նաև, որ հունվարի 14-ին Ադրբեջանի ՊՆ ղեկավարը ծառայողական խորհրդակցություն էր կազմակերպել, որի շրջանակներում Հասանովը կոնկրետ հանձնարարականներ էր տվել «ստորաբաժանումների մարտական պատրաստականության բարձր մակարդակի պահպանման և ցանկացած պահի հնարավոր սադրանքը կանխելու պատրաստակամության վերաբերյալ»:
Նման հայտարարությամբ նա հանդես էր եկել 2022 թ. հուլիսի 30-ին (երեք օր անց հարձակվեցին Լաչինի միջանցքի ուղղությամբ ու փոխեցին երթուղին), սեպտեմբերի 10–ին (2 օր անց նրանք հարձակվեցին ՀՀ–ի վրա), նոյեմբերի 5-ին և այս տարվա հունվարի 14-ին:
Կարդացեք նաև
Այս զարգացումների ու հայտարարությունների ֆոնին կարդում ես իշխանականների ձևակերպումները ՀՀ ՊՆ 15 զինծառայողի ողբերգական մահվան կապակցությամբ և ևս մեկ անգամ համոզվում ես, թե որքան անհամարժեք ենք մեր առջև ծառացած սպառնալիքների հանդեպ: Ես չեմ կարող հասկանալ, թե ինչպես կարելի է այսպես արժեզրկել մարդկանց մեջ պայքարը, կռիվը, այսքան անտարբեր լինել, նման վերաբերմունք ձևավորել բանակի հանդեպ: Այսպես բանակ չեն պահում, այսպես բանակ քանդում են, իսկ դա այն բանակն է, որը միակ իրական ուժն է՝ հակառակորդից եկող սպառնալիքներին դիմակայելու համար: