Լրահոս
Օրվա լրահոսը

«Արցախն իրացրել է ազգերի ինքնորոշման իրավունքի ամենաբարձր մակարդակով դրսեւորումը»․ Վահե Գրիգորյան

Հունվար 20,2023 11:12

Հունվարի 18-ին ՌԴ ԱԳ նախարարը մամուլի ասուլիսի ժամանակ, խոսելով Ուկրաինայի առնչությամբ միջազգային իրավունքի նորմերի մասին, հայտարարել է, որ Ռուսաստանը հարգում է ՄԱԿ-ի կանոնադրությունը, որի համաձայն՝ կարեւոր է հարգել երկրների ինքնիշխան հավասարությունը եւ նրանց ինքնորոշման իրավունքը, բայց Ուկրաինայի իշխանությունը հետամուտ չէ դրանց, հետեւաբար, Ուկրաինայի իշխանությանը հնարավոր չէ օրինական համարել։

Բացատրելով ինքնորոշման իրավունքի հանդեպ ՌԴ դիրքորոշումը՝ Սերգեյ Լավրովը նշել է․ «ՄԱԿ-ի կանոնադրությունն ասում է, որ գլխավորը պետությունների ինքնիշխան հավասարությունն է։ Ազգերի ինքնորոշման սկզբունքը հիշատակված է առաջինը, ինչպես նաեւ պետությունների տարածքային ամբողջականությունը։ Այս երկու սկզբունքները՝ ազգերի ինքնորոշման իրավունքը եւ տարածքային ամբողջականությունը, որոնք հիշատակված են միեւնույն մակարդակում, ի սկզբանե, ՄԱԿ-ի կանոնադրության ձեւավորման եւ ընդունման ժամանակ, հարցեր էին առաջացնում՝ ի վերջո ո՞ր մեկն է առաջնայինը։ ՄԱԿ-ի բոլոր անդամները մի քանի տարի երկար քննարկել են, այդ թվում նաև այս հարցը եւ այլ հարցեր, որոնք կապված են կանոնադրության մեկնաբանության հետ։ Արդյունքում 1970թ․-ին լույս աշխարհ եկավ եւ մինչեւ հիմա էլ իրավական ուժ ունի ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի հռչակագիրը՝ միջազգային իրավունքի զարգացող սկզբունքների եւ պետությունների միջեւ փոխհարաբերությունների մասին։ Դրանում մի ամբողջ բաժին է նվիրված պետությունների ինքնորոշմանը։ Դրանում ասվում է, որ այդ սկզբունքն ունիվերսալ է, որ կա նաեւ տարածքային ամբողջականության հարգման սկզբունք եւ որ բոլորը պարտավոր են հարգել տարածքային ամբողջականության սկզբունքը՝ այն պետությունների հանդեպ, լսեք ուշադիր, որոնց կառավարությունները հետամուտ են ինքնորոշման սկզբունքին եւ ներկայացնում են տվյալ տարածքում ապրող բոլոր ժողովուրդների հետաքրքրությունները։ Այսինքն, կանոնադրության համաձայն՝ մենք պարտավոր ենք հարգել այն պետությունների տարածքային ամբողջականությունը, որոնց կառավարությունները ներկայացնում են իրենց երկրների ողջ բնակչությանը»։

Վահե Գրիգորյան

Անդրադառնալով այս հայտարարությանը՝ Aravot.am-ի հետ զրույցում իրավագետ Վահե Գրիգորյանը նախ նշում է․ «Երբ խոսքն ինքնորոշման իրավունքի մասին է, ապա ամբողջ աշխարհը բաժանվում է երկու մասի, թե ինչպիսին պետք է լինի ազգերի ինքնորոշումը՝ հարգելո՞վ տարածքային ամբողջականության սկզբունքը, թե ոչ։ Եթե ուզում ենք ազգերի ինքնորոշման իրավունքի հիմքեր, ապա պետք է սկսել դեռ Վուդրո Վիլսոնից եւ առաջին աշխարհամարտից հետո ընկած ժամանակահատվածից ձեւավորվող միջազգային իրավական համակարգից։ Սկզբնապես ազգերի ինքնորոշման իրավունքի նպատակը կայսրությունների փլուզման իրավական հիմքեր ստեղծելն էր։ Իհարկե, դա ճշմարտացի եւ արդարացի իրավունք է, բայց ի սկզբանե ներդրման նպատակը դա է եղել»։

Վահե Գրիգորյանի խոսքով․ «Հետագայում ԱՄՆ-ն, որը չունի ազգություն, այլ ժողովուրդ, հասկացավ, որ ծավալապաշտական քաղաքականության մեջ իր իսկ տարածքում այն կարող է լուրջ խոչընդոտներ առաջ բերել, ինչով պայմանավորված՝ ձեւավորվեց տարածքային ամբողջականությունն ազգերի ինքնորոշման սկզբունքին հակադրելու հարցը։ Այստեղից է առաջացել այդ հայտնի վեճը, սակայն գործնականում, ինչպես ՌԴ ԱԳ նախարարն է նշել, ազգերի ինքնորոշման իրավունքը եւ տարածքային ամբողջականության սկզբունքները միմյանց չեն հակասում, ուղղակի կան մեկնաբանման հստակ կանոններ։ Ազգերի ինքնորոշման իրավունքն անկախ պետություն ստեղծելու մակարդակում առաջանում է այն ժամանակ, երբ պետությունը, որն իր տարածքի մեջ է ներառում տվյալ ազգի բնակության արեալը, չի ապահովում վերջիններիս խաղաղ զարգացման հնարավորությունները»։

Հարցին՝ այսինքն, թեման որքանո՞վ է վերաբերելի Արցախի հարցին, Վահե Գրիգորյանը, շարունակելով նշյալ միտքը, ասաց․ «Արցախի դեպքում ակնհայտ է, որ Ադրբեջանը երկար տարիներ քաղաքական, տնտեսական ճնշումներ է իրականացրել ԼՂ ինքնավար մարզի հանդեպ, նաեւ գրգռել է ազգային ատելություն այն հայերի հանդեպ, որոնք ապրել են ԼՂ ինքնավար մարզում։ Հետեւաբար, ԼՂ հայությունը, առաջնորդվելով ՄԱԿ-ի կանոնադրությամբ եւ ազգերի ինքնորոշման իրավունքի խստագույն պահպանման սկզբունքով, ինչպես նաեւ ԽՍՀՄ սահմանադրությամբ իրեն տրված իրավունքով, իրացրել է ազգերի ինքնորոշման իրավունքի ամենաբարձր մակարդակով դրսեւորումը, այսինքն՝ ստեղծել է անկախ պետություն։ Իհարկե, չի կարելի ասել, որ ազգերն առհասարակ կարող են տեղափոխվել որեւէ պետության տարածք եւ ստեղծել անկախ պետություն, այսինքն՝ անջատվել եւ ստեղծել անկախ պետություն, եւ ՌԴ-ն էլ չի կարող նման մոտեցում ցուցաբերել, որովհետեւ խոսքը բազմազգ պետության մասին է, բայց նման մոտեցումը կիրառելի եւ թույլատրելի է այն ժամանակ, երբ, ինչպես ասացի, պետական մակարդակով ազգի նկատմամբ նրա բնակության մշտական տարածքում իրականացվում են բռնաճնշումներ, տնտեսական սանկցիաներ, քաղաքական հետապնդումներ եւ այլն, ու բանը հասնում է անգամ քաղաքացիական բախումների։ Պատմությանը ծանոթները գիտեն Բաքվի, Սումգայիթի, Գանձակի դեպքերը, գիտեն, թե ինչ առանձին սպանություններ են տեղի ունեցել ԼՂ ինքնավար մարզում՝ զուտ ազգային պատկանելիության հողի վրա։ Եղել են դեպքեր, երբ խոշտանգելով սպանել են նաեւ երեխաներին՝ հայ լինելու հիմքով։ Այլ տարբերակ չի մնացել, քան օգտվելու ազգերի ինքնորոշման իրավունքի ամենաբարձր դրսեւորումից»։

Վահե Գրիգորյանը հավելեց․ «Երբ Ֆրանսիայի ԱԺ նախագահը հայտարարում է, որ իրենք չեն պատրաստվում ճանաչել ԼՂ անկախությունը, քանի որ հիմնվում են միջազգային իրավունքի վրա, առաջանում է միջազգային իրավունքի ոչ որպես իրական գործիք լինելու վառ ապացույց, որովհետեւ Ֆրանսիան ԵՄ եւ ՆԱՏՕ անդամ առաջին պետությունն է, որը պաշտոնական մակարդակում ճանաչել է Կոսովոյի անկախությունը։ Հետեւաբար, ապացուցվում է, որ ՀՀ գործընկեր ներկայացող որոշ պետություններ շատ երկերեսանի եւ երկակի ստանդարտներ են կիրառում հայ ազգի նկատմամբ»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031