Լրահոս
Օրվա լրահոսը

«Բնականաբար, պատճառը քաղաքական է». հունվարի 21-ից «Երկիր մեդիա»-ն եթերում չի լինի, հեռուստաընկերությունը դատարան է դիմել. «Հրապարակ»

Հունվար 20,2023 11:17

Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովը 2022 թվականի դեկտեմբերի 2-ին կայացած նիստում որոշեց հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման հանրապետական սփռման իրավունք տալ 4 հեռուստաընկերության։
Դրանք են՝ «Արմենիա TV» ՓԲ, «Ա-TV» ՍՊ, «Շանթ» ՍՊ, «Մուլտի մեդիա-Կենտրոն TV» ՓԲ ընկերությունները։ Մրցույթին մասնակցող Հ2 եւ «Երկիր մեդիա» հեռուստաընկերություններն ամենաքիչ միավորներն էին հավաքել։

«Երկիր մեդիա» հեռուստաընկերության տնօրեն Բագրատ Եսայանը «Հրապարակի» հետ զրույցում ասաց, որ վաղը «Երկիր մեդիա» հեռուստաընկերության եթեր հեռարձակման վերջին օրն է, սակայն եթե անջատեն հեռուստաալիքը, ապա այդ սլոթը կմնա ազատ, ՀՌՀ-ն այն չի համարում օգտագործման ենթակա:

Եսայանի խոսքով` հունվարի 21-ից «Երկիր մեդիայի» հեռուստադիտողները կարող են իրենց հետեւել միայն կաբելային TV-ների միջոցով, իսկ ահա «Երկիր մեդիայի» ներկայացրած հայցի վերաբերյալ դատարանը հունվարի 19-ին պետք է վճիռ կայացներ` հայցը բավարարեր կամ մերժեր, սակայն այդպես էլ որեւէ վճիռ դեռեւս չի կայացրել` նիստը հետաձգվել է: «Հրապարակը» զրուցել է Բագրատ Եսայանի հետ:

Ինչո՞ւ է դատարանը ձգձգում վճիռը հրապարակելու պրոցեսը: Ի վերջո, մի քանի ժամից «Երկիր մեդիան» այլեւս եթերում չի լինի:

– Դատարանը հունվարի 19-ին պետք է որոշում կայացներ` ընդունե՞լ հայցը, թե՞ ոչ, սակայն դեռեւս պատասխան չկա: Դատական հայցը ՀՌՀ-ի դեմ է: Մենք դիմել էինք ՀՌՀ-ին, որպեսզի իր նախորդ որոշումը, որը կայացվել էր 2022-ի օգոստոսին, վերանայի: Դատարանը որոշում էր կայացրել չեղյալ համարել հինգ սլոթի արդյունքները, հեռուստաընկերությունները դիմել էին ՀՌՀ-ին` եթերը չանջատելու խնդրանքով, նկատի ունենալով քաղաքացու տեղեկություն ստանալու իրավունքը: ՀՌՀ-ն TV-ների այդ դիմումը բավարարել էր: ՀՌՀ-ի որոշումը հետեւյալն էր` մինչեւ հինգ սլոթների ամփոփումը դատարանի որոշմամբ լիցենզիայից զրկված հինգ հեռուստաընկերություններին թույլատրել եթեր հեռարձակելու իրավունք, սակայն 2022-ի դեկտեմբերին մրցույթ հայտարարվեց չորս հեռուստաընկերության համար, հինգերորդ սլոթը մնաց մրցույթից դուրս, քանի որ կիրառվել էր արգելանք: Փաստացի հինգերորդ սլոթն արգելանքի տակ է այսօր, եւ այն, մեր կարծիքով, կարող է օգտագործել «Երկիր մեդիան»: Մենք դիմել էինք, որպեսզի հանձնաժողովը մեր եթերը չանջատի, քանի որ սլոթն ազատ է, սակայն մեզ մերժել են: Դիմել ենք դատարան:

Փաստորեն, ՀՌՀն նախընտրեց «Կիսաբաց լուսամուտներ» հեռարձակող, հնդկական սերիալներ ցուցադրող TV-ներին, սակայն ոչ «Երկիր մեդիային»: Հատկանշական է, որ ՀՌՀ անդամների շարքերում կան, այսպես կոչված, մտավորականներ: Օրինակ, գրող, մշակույթի նախկին նախարար Հակոբ Մովսեսը, ով զօրուգիշեր պայքարում էր աղավաղված խոսքի եւ անճաշակության դեմ, այսօր փաստացի նախընտրում է վերոնշյալ ցածրորակ պրոյեկտները, սակայն ոչ ձեզ: Ինչո՞ւ:

– Բնականաբար, պատճառը քաղաքական է: Որոշումն ամբողջությամբ տեղավորվում է այս իշխանությունների քաղաքական մոտեցումներում: Ես այլ բան չեմ կարող ասել:

Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031