Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Խորհուրդ տվեցին Իրանում չցուցադրել Հեյդար Ալիեւի մասին ֆիլմը». «Ազգ»

Հունվար 20,2023 11:01

Իրանի ռադիոյի եւ հեռուստատեսության հասարակության հետ կապի վարչությունից տեղեկանում ենք, որ իրանցի հեռուստադիտողների համար հեռարձակվող իրանական «Սահար» հեռուստաալիքը մտադիր էր դեկտեմբերի 11-ին եւ 12-ին Հեյդար Ալիեւի մասին վավերագրական ֆիլմ ցուցադրել: Սակայն, ֆիլմի անոնսը եթերում հայտնվելուց հետո, Բաքվում դժգոհության մեծ ալիք է բարձրանում:

Իրանական մամուլից տեղեկանում ենք, որ «Սահար» հեռուստաալիքի արխիվային տեսադարանին պահ դրված Ալիեւների ու Փաշաեւների կլանային իշխանության, մասնավորապես՝ Հեյդար Ալիեւի հակաիրանական քաղաքականության մասին պատմող տեսաֆիլմի ցուցադրումն արգելելու համար, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը մեծ ջանքեր է գործադրում:

Դեկտեմբերի 11-ին, եթերազրկված վավերագրական ֆիլմի ցուցադրման ժամին, ըստ իրանական iswnews կայքի, «ԱԶԱՏ ԱՐԵՆԱ» ծրագրի հաղորդավարն ուղիղ եթերով հայտնել է, որ ԻԻՀ որոշ պաշտոնատար անձանց կողմից խորհուրդ է տրվել չցուցադրել Ֆիլմը: Պատճառների մասին «ԱԶԱՏ ԱՐԵՆԱ»-ի հաղորդավարը պարզաբանել է.

«Հեյդար Ալիեւի մասին պատմող տեսանյութի ցուցադրման լուրը տարածվելուց հետո, Ադրբեջանի Հանրապետության նախագահի աշխատակազմից, վարչապետի գրասենյակից ու որոշ նախարարների կողմից ֆիլմը չցուցադրելու հորդորով հեռախոսազանգեր են հնչել: Մեր երկրի (Իրան) որոշ հեռատես ու խոհեմ պաշտոնյաներ նույնպես խորհուրդ տվեցին, հանուն Ադրբեջանի ժողովրդի, եւ ի շահ երկկողմ հարաբերությունների, չցուցադրել վավերագրական ֆիլմը: Եվ մենք ընդունեցինք այդ խորհուրդը»:

Iswnews կայքը ֆիլմի ցուցադրման հարցում Բաքվի մտահոգության պատճառների մասին գրում է. «Խնդիրն այն է, որ Հեյդար Ալիեւի մասին պատմող վավերագրական ֆիլմը, փաստավավերագրական տեղեկատվության եւ հարցազրույցների միջոցով, բացահայտում է Ալիեւների ու Փաշաեւների կլանային քաղաքականության էությունը: Ի ցույց է դրվում Ադրբեջանի նախկին նախագահ, Խորհրդային Միության Կոմունիստական Կուսակցության Կենտրոնական Կոմիտեի Քաղբյուրոյի անդամ Հեյդար Ալիեւի ընտանիքի, նրա ազգային պատկանելության եւ քաղաքական անցյալի մասին պատմող տվյալներ: Տեսանյութում նկարագրված են այնպիսի դեպքեր, ինչպիսիք են՝ Իլհամ Ալիեւի հոր՝ 1990 թվականի հունվարի 19-20-ին Ադրբեջանի Խորհրդային Հանրապետությունում կազմակերպած հայերի կոտորածների, Արցախի առաջին պատերազմի հրահրման հանգամանքների, մարդկանց ֆիզիկական ոչնչացման, Թուրքիայում Քուրդիստանի բանվորական կուսակցության (PKK) հիմնադրման եւ այլ դեպքերի մասին»:

Ըստ iswnews կայքի, եթերազրկված վավերագրական ֆիլմի գովազդային հոլովակի առաջին մասում ցուցադրվել է Արցախի առաջին պատերազմի օրերին Բաքվում գտնվող ԻԻՀ նախկին պատգամավոր, Իրանի Մեջլիսի արտաքին հարաբերությունների եւ անվտանգության հանձնաժողովի նախագահի տեղակալ Մանսուր Հաղիղաթփուրի հարցազրույցը, որը մի շարք ուշագրավ բացահայտումներ է անում Արցախի առաջին պատերազմի մասին:

Հաղիղաթփուրի տված հարցազրույցից տեղեկանում ենք Աֆղանստանից Ադրբեջան բերված 2000 մուջահիդների ռազմական գործողությունների մեջ ներգրավելու պատճառների մասին: Ըստ իրանցի պատգամավորի, ռազմական գործողություններին մուջահիդների ներգրավումը պայմանավորված էր նրանով, որ ադրբեջանցի զինվորականները ռազմադաշտից փախչում էին, քանի որ հայկական ուժերը ձայնագրում էին տանկերի դղրդյունը, եւ բեռնատարներով շարժվելիս՝ հեռարձակում ձայնագրությունը: Ազերիներն էլ վախեցած՝ փախչում էին:

Գրիգոր ԱՌԱՔԵԼՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031