Լրահոս
Օրվա լրահոսը

Խրոնիկական ցավեր, հոդացավ․ ինչու են դրանք սրվում գիշերը կամ ցուրտ ու խոնավ եղանակի պայմաններում

Հունվար 20,2023 09:30

Կարո՞ղ են արդյոք խրոնիկական ցավերը սրվել գիշերվա ժամերին

Խրոնիկական ցավերից տառապող մարդկանց շրջանում անցկացված որոշ հետազոտություններ ցույց են տվել, որ այդ ցավերը, սովորաբար, ուժեղանում են գիշերվա ժամերին։

«Օրվա ավարտը դեռ չի նշանակում, որ մարդիկ ձերբազատվում են ցավի սրացումներից։ Որոշ դեպքերում հենց գիշերվա ժամերին է ցավն ուժեղանում՝ խանգարելով քնի գործընթացին»,-ասում է դոկտոր Էլեն Սլոուսբին՝ Հարվարդի համալսարանից։

Երբ է ցավը համարվում խրոնիկական

Ցավը խրոնիկական է համարվում, եթե տևում է 2-3 ամիս ու ավելի, և սովորաբար առաջանում է վնասվածքներից հետո կամ հիվանդությունների պատճառով՝ դառնալով մշտական խնդիր։ Խրոնիկական ցավը, կախված խնդրից, հիմանակնում անհանգստացնում է որոշակի հոդերի ու մկանների շրջանում կամ կարող է ներառել մարմնի կոնկրետ հատվածները՝ մեջքը, պարանոցը և այլն։ Մշտական ցավը կարող է նաև տարածվող բնույթի լինել, ինչպես լինում է արթրիտի կամ ֆիբրոմիալգիայի ժամանակ։

Խրոնիկական ցավի ծանրությունն ու ախտանիշները տարբեր են լինում՝ բութ ցավ, կրակող, այրող կամ ծակող ցավ, Էլեկտրահարություն հիշեցնող ցավ, ծակծկոցի, թմրածության զգացում և այլն։

Ինչո՞ւ է խրոնիկական ցավն ուժեղանում գիշերը

Գիշերային ցավերի առաջացման պատճառները մի քանիսն են։ Ինչպես նշում է դոկտոր Սլոուսբին, հիմնական գործոն կարող են լինել հորմոնները. «Գիշերն այն ժամանակահատվածն է, երբ հակաբորբոքային ազդեցություն ունեցող կորտիզոլ հորմոնի արտադրությունն ամենացածր մակարդակում է գտնվում»։

Նոր հետազոտությունը ցույց է տվել, որ ցավը կարող է կապված լինել մարդու կենսառիթմի հետ․ «Թերևս դրանով է բացատրվում, թե ինչու են որոշ մարդիկ ցավի սրացումներ ունենում օրվա կոնկրետ ժամերին, օրինակ՝ գիշերը», – նշում է դոկտոր Սլոուսբին։

Թեև խրոնիկ ցավերի համար երբեք էլ հարմար ժամեր չեն կարող լինել, բայց գիշերային ցավերն ավելի խնդրահարույց են, քանի որ խանգարում են քունը։ Իսկ քնի անբավարարությունն ազդում է ցավը հաղթահարելու մեր ունակությունների վրա։ Համենայնդեպս անքնությամբ տառապող մարդկանց կեսը տառապում է նաև խրոնիկական ցավերից։

«Անքնությունն առաջացնում է քնի անբավարարություն՝ հանգեցնելով ցիտոկինների ակտիվ արտադրության։ Սպիտակուցների, որոնք մասնակցում են օրգանիզմի բորբոքային գործընթացներին՝ մարդկանց ավելի զգայուն դարձնելով ցավի նկատմամբ»,-ասում է Սլոուսբին։

Ինչ անել՝ գիշերային ցավերը թեթևացնելու համար

Քնից առաջ փորձեք հանգստացնող այնպիսի գործողություններ իրականացնել, որոնք լարված օրվանից հետո կնախապատրաստեն միտքն ու մարմինը քնին։

  • Տաք ցնցուղ ընդունեք։
  • Մի քանի ձգող վարժություններ կատարեք։
  • Մի քանի րոպե շնչառական վարժություններ կատարեք։

Լավ տարբերակ է սեփական շունչը հաշվելը։ Փակեք աչքերն ու շնչառական պարզ վարժություններ կատարեք․ ներշնչելիս մտովի հաշվելով՝ 1, արտաշնչելիս՝ 2, շարունակեք մինչև 10-ը և կրկնեք վարժությունն ըստ անհրաժեշտության։ Այդ վարժությունը շեղում է ուշադրությունը ցավից, և հիմնականում մարդը քնում է որոշ ժամանակ անց։

  • Քնի համար հարմար պայմաններ ստեղծեք․ սենյակի ջերմաստիճանը շատ տաք չպիտք է լինի, սենյակը պիտի հնարավորինս մութ լինի։
  • Դիմեք սպիտակ աղմուկի օգնությանը՝ միացնելով բնության ձայներ կամ հանգստացնող երաժշտություն։
  • Կարող եք օգտագործել բարձերը՝ որպես հենարաններ ցավոտ տեղերի համար, օրինակ՝ ծնկների տակ, եթե ցավում է ձեր մեջքը։
  • Փորձեք համակարգել մտքերը․ խրոնիկական ցավերից տառապող մարդիկ հաճախ են անհանգստանում, որ ուր որ է իրենց մոտ ցավեր կսկսվեն, ինչն ավելի է մեծացնում սթրեսն ու անհանգստությունը։

Իհարկե, դժվար է պահպանել դրական տրամադրվածությունը, երբ ձեզ անընդմեջ անհանգստացնում են ցավերը, սակայն դա լարվածությունը թուլացնելու ևս մեկ տարբերակ է։ Եթե արթնանում եք ցավից, թույլ տվեք մարմնին վերականգնվել՝ միացրեք հանգիստ երաժշտություն կամ կարդացեք, ցանկալի է ոչ էլեկտրոնային սարքավորումներից, որոնք կապույտ լուսարձակում ունեն (համակարգիչներ, հեռախոս և այլն)․ դրանք ազդում են քնի բնականոն փուլերի վրա։

Ինչու են հոդերը ցավում խոնավ, ցուրտ եղանակին

Հետազոտությունները մինչ այժմ չեն հաստատել եղանակի ու հոդացավի միջև պատճառահետևանքային կապերը, թեև շատերն են պնդում, որ կարող են կանխատեսել եղանակը՝ իրենց մոտ հոդացավեր սկսվելուն պես։

Համարվում է, որ բարոմետրիկ ճնշման փոփոխությունները, որոնք տեղի են ունենում եղանակային պայմանների փոփոխությունների ժամանակ, առաջացնում են հոդերում այդ զգացողությունները։ Մարմինը շրջապատող օդի ճնշման նվազեցման պատճառով հոդերի շրջանում մկանները, ջլերն ու այլ հյուսվածքները լայնանում են, ինչը կարող է ցավեր առաջացնել։

Եվս մեկ հնարավոր պատճառ է այն, որ ցուրտ ու խոնավ եղանակին մարդն այնպիսի գործողություններ է կատարում, որոնք ուժեղացնում են ցավը կամ հոդերի կաշկանդվածություն են առաջացնում։ Օրինակ այդպիսի եղանակին մարդն ավելի շատ է նստակյաց կյանք վարում, խուսափում դուրս գալուց։ Կարող է դեր խաղալ նաև այն, որ մարդիկ եղանակային փոփոխություններից անհարմարություններ են սպասում, և այդ շրջանում ավելի են կենտրոնանում իրենց անհանգստացնող խնդիրների վրա։

Եղանակի հետ կապված հոդացավի դրսևորումները կանխարգելելու համար խորհուրդ է տրվում շարունակել քայլել, ֆիզիկական վարժություններ և ձգումներ կատարել։

Պատրաստեց Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ

Աղբյուր՝ Harvard Health, Մեթյու Սոլան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031