Լրահոս
Օրվա լրահոսը

Ամուսնության առաջարկության առաջին «դաբրոն» ստացավ գերմանացի հանդիսատեսից

Հունվար 20,2023 13:30

Ամանորի նախօրեին շնորհավորանքներից ու բարեմաղթանքներից հետո երկրորդ հորիզոնականում միանշանակ տեղ կգտներ հոգեբան, ֆոտոմոդել, դերասան Հարություն Կրիկյանի՝ Գերմանիայի Գյորլիթ քաղաքի օպերային թատրոնում կայացած Մոցարտի «Կախարդական սրինգ» օպերայի ավարտին հենց բեմում երգչուհի Աննա Ավդալյանին արված ամուսնության առաջարկության մասին լուրը։

«Առավոտը» 2019թ. զրուցել էր Հարությունի հետ, իսկ Աննային՝ որպես երգչուհի, մտաբերեցինք 2015 կամ 16թ. Երեւանի օպերային թատրոնում Ազատ Մանուկյանի «Չարի վերջը» մանկական ներկայացման մեջ Կկվի կերպարում։

Մեզ հետ հանդիպման ժամանակ Հարությունն ասաց, որ Աննայի հետ ծանոթացել է համացանցով, իսկ 2022-ի ամռանը Երեւանի Սուրբ Աննա եկեղեցու բակում կայացած Տիգրանյանի «Անուշ» օպերայի ներկայացումից հետո, որտեղ ինքը հանդես էր գալիս որպես միմանսի արտիստ, հանդիպել է Աննային. նա արձակուրդն անցկացնում էր Երեւանում։ Դա նրանց առաջին «կենդանի» հանդիպումն էր։ «Առաջին իսկ հանդիպումից տպավորություն էր, թե մենք մշտապես ճանաչել ենք միմյանց»,- նշեց մեր զրուցակիցը։ Իսկ ամուսնության առաջարկի մասին հայտնեց հետեւյալը. «Դեկտեմբերի 25-ին ներկա էի Գյորլիթ քաղաքի օպերային թատրոնի «Կախարդական սրինգ» ներկայացմանը, որտեղ Աննան հրաշալի հանդես եկավ Պապագենայի դերերգով։ Քանի որ այդ օպերային թատրոնում վերանորոգման աշխատանքներ էին սկսվել, ներկայացումը տեղի ունեցավ Եվրոպայում իր մեծությամբ 5-րդ շինությունը համարվող պատմական Kaufhaus-ում, որը կառուցվել է 1905թ., ինչպես գերմանացիներն են նշում՝ բոլոր ժամանակների ճարտարապետների ճարտարապետ Իոհաննա Էմիլյա Շաուդտի նախագծով։ Այդ շենքում է 2014-ին նկարահանվել մեր հանդիսատեսին քաջածանոթ Ուես Անդերսոնի «Grand Hotel Budapesht» ֆիլմը։

Ի դեպ, մինչ ներկայացումը ես հանդիպեցի թատրոնի տնօրինությանը, հայտնեցի մտադրության մասին, ինչը ընդունվեց խանդավառությամբ։ Հավաստիացնում եմ, որ Աննան դրա մասին ոչինչ չգիտեր։ Ոչինչ չգիտեին նաեւ նվագախմբի, երգչախմբի, մի խոսքով՝ ներկայացմանն ընդգրկված արտիստները։ Հավանաբար տեսել եք համացանցում տեղադրված տեսագրությունը. ծափողջույններն ու բրավոները երկար ժամանակ չէին լռում։ Փաստորեն, ի վերուստ որոշված էր, որ կյանքիս ամենակարեւոր քայլը պիտի անեմ հայրենիքից հեռու…»։

Հարությունի` Աննային առաջարկության պահը

Հետաքրքրությանը, թե որոշվա՞ծ է արդեն, թե որտեղ են ապրելու եւ ստեղծագործելու, Հարությունի պատասխանը հակիրճ էր՝ «որտեղ բեմը՝ այնտեղ մենք»։

Տեսակապով զրուցեցինք Աննայի հետ։ Երգչուհին հիշեց հայրենիքում ուսումնառության տարիները, որը սկսել է Նիկողայոս Տիգրանյանի անվան երաժշտական դպրոցի դասական երգեցողության դասարանում, Երազիկ Հարությունյանի ղեկավարությամբ, ապա ուսանել է Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի երաժշտագիտության բաժնում, զուգահեռ դասեր առել պրոֆեսոր Գայանե Գրիգորյանից, 2016-ին ուսումը շարունակելու նպատակով մեկնել է Գերմանիա՝ Շտուտգարդի պետական բարձր երաժշտական դպրոց, պրոֆեսոր Ուլրիկե Զոնթագի դասարան։ Հիշեց նաեւ, որ մինչ Գերմանիա մեկնելը աշխատել է Ռոբերտ Մլքեյանի ղեկավարած Հայաստանի պետական կամերային երգչախմբում, որի կազմում որպես մեներգիչ հանդես է եկել աշխարհի հեղինակավոր այնպիսի համերգասրահներում, ինչպիսիք են Բուենոս Այրեսի «Օպերա Կոլոնը», Աթենքի «Մեգարոնը» եւ այլն։
Գերմանիայում ստեղծագործելու տարիների մասին էլ Աննան հայտնեց հետեւյալը. «Առաջին մեծ դերերգս եղել Դոննա Աննան՝ Մոցարտի «Դոն Ժուանում», Շտուտգարդի Վիլհելմա թատրոնում, ապա հրավերներ եմ ունեցել Գյորլիցի թատրոնից, որտեղ դերերգիս անունը դարձյալ Աննա էր, այս անգամ՝ Լեո Ֆալի «Der Liebe Augustin» օպերետում։ Այս կերպարն ինձ համար շատ պատասխանատու էր, որովհետեւ հերոսուհին՝ Աննան, ըստ լիբրետոյի՝ նաեւ հաղորդավար է, այսինքն՝ ես տեքստը ներկայացրի գերմաներեն։ Դերերգերով հանդես եմ եկել Մյունխենի Բավարական թատրոնում եւ այլն։ Շատ ժամանակ կպահանջվի դրանք թվարկելը։ Ինձ համար շատ կարեւոր շրջան է եղել հայաստանյան «Նոր անուններ» ասոցիացիայի անդամ լինելը, որի շնորհիվ դեռեւս տասը տարեկանում մեկնել եմ հյուրախաղերի ԱՄՆ»։ Հավելեց նաեւ, որ այժմ երազում է տարիներ անց դարձյալ բեմ բարձրանալ Երեւանի օպերային թատրոնում։

Աննայի հետ զրույցի ընթացքում Հարությունը մերթընդմերթ հուշում էր, թե չմոռանա նշել, որ նախագահի մրցանակակիր է՝ որպես տարվա լավագույն աշակերտ (Աննան ավարտել է Գյումրիի Ֆոտոն վարժարանի ֆիզմաթ հոսքը գերազանցության մեդալով)։

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ,
19.01.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031