Լրահոս
Օրվա լրահոսը

Պատերազմին մասնակցած բլոգեր Միշելը՝ պատերազմի եւ իր կարիերայի մասին

Հունվար 20,2023 13:00

Մեր օրերում սոցիալական կայքերը  առօրյայի անբաժան մասն են կազմում։ Շատերն այն օգտագործում են հարազատների, ընկերների հետ շփման կամ աշխատանքային օրվա ավարտից հետո լիցքաթափվելու համար։ Բայց կան նաեւ այնպիսիք, որոնք սոցցանցերի տարբեր հարթակներն օգտագործում են  իրենց առօրյա կյանքը ցուցադրելու, հետաքրքիր տեսանյութեր նկարահանելու եւ դրանք տարածելու համար։  Նրանցից մեկը 44-օրյա պատերազմի մասնակից, բլոգեր Միշել Ղայթանջյանն է, որի հետ էլ զրուցել ենք։

– Քա՞նի տարեկանից հետաքրքրվեցիք վիդեոբլոգերությամբ։

– Վիդեոբլոգինգով սկսեցի հետաքրքրվել 12-13 տարեկանից՝ հիմնականում ռուս բլոգերների յութուբյան վիդեոները նայելիս, ցանկացա իքս եւս փորձել, քանի որ արդեն հասցրել էի սիրել վիդեոստեղծման ոլորտը։

– Ո՞ր սոցիալական հարթակում տեղադրեցիք ձեր առաջին հոլովակը։

– Յութուբյան իմ առաջին ռուսական ալիքում։

– Ո՞ր տարիքային խումբն է ձեզ ավելի շատ հետեւում։

– Շատ են իմ հասակակիցները, երբ նոր էի սկսել. ավելի շատ դեռահասներն էին հետեւում, որոնք տարիների ընթացքում ինձ հետ մեծացել են ու հայտնվել գերակշռող (18-25 տարեկան) թիրախային խմբի մեջ։

– Ի՞նչ եք կարծում՝ Հայաստանում զարգացա՞ծ է վիդեոբլոգինգը։

– Ես եղել եմ ամենաառաջին  մարդկանցից մեկը, ով սկսել է զարգացնել տվյալ ոլորտը Հայաստանում, ու բարեբախտաբար, այն արդեն բավականին զարգացած է ու շարունակում է զարգանալ։

– Ո՞ր սոցիալական հարթակն է ձեզ ավելի հոգեհարազատ։

– Հոգեհարազատը Յութուբն է, քանի որ ամեն ինչ սկսել եմ հենց այնտեղից։ Ներկայիս դրությամբ ինստագրամը ամենաակտիվն է ինձ մոտ, բայց ամենահարազատը միշտ մնում է Յութուբը։

– Որտե՞ղ եք սովորում եւ ի՞նչ մասնագիտություն ունեք։

– Ներկա դրությամբ բուհիս ուսմանը դադար եմ տվել, սովորում էի Հայաստանում ֆրանսիական համալսարանի Մարքեթինգի ֆակուլտետում։

– Գիտեմ, որ նաեւ երգում  եք եւ ձայնագրված երգեր ունեք…

– Ես երգել շատ եմ սիրում ու դրա միջոցով սիրում եմ ինքնարտահայտվել, այս տարվանից սկսած ցանկանում եմ ավելի խորացված զբաղվել իմ երաժշտական կարիերայով ու հասնել ոչ պակաս հաջողությունների, ինչ բլոգինգով։

– Երբեւէ մտածե՞լ եք վիդեոբլոգինգով  չզբաղվելու մասին։

– Նման մտքեր չեն եղել, քանի որ ներկա պահին ինձ լավագունը պատկերացնում եմ մեդիա ոլորտում։

– Որտե՞ղ եք ծառայել։

– Ծառայել եմ Արցախի Մարտակերտի շրջանի Ներքին Հոռաթաղ գյուղում՝ 6 ամիս Երեւանում Կապի զորամասի ուսումնական գումարտակում մասնագիտական պատրաստությունից եւ կրտսեր-սերժանտ կոչում ստանալուց հետո։

– Մասնակցել  եք  44-օրյա պատերազմին։ Ի՞նչ զգացիք, երբ սկսվեց պատերազմը։

– Զգացումները շատ բարդ է նկարագրել, որովհետեւ դրանցից ոչ մեկը մինչ այդ ինձ ծանոթ չէր։ Շոկ, վախ, լիքը էմոցիաներ ու սառնություն՝ իրավիճակը ավելի ռեալ ու նյութական ընկալելու համար։ Պատերազմի մասին կարող եմ խոսել շատ երկար։ Կարճ՝ այն ինձ տվեց դեռեւս կյանքիս ամենամեծ ու դժվար մարտահրավերը, որը ինձ փոխեց ու ստիպեց տեսնել աշխարհը լրիվ այլ կերպ, կրթեց ապրել այսօր ու ձգտել  ապրել պատկերացրածս ամենասիրուն կերպով։ Ցավոք, ինձանից խլեց ընկերներ ու տեւական ուրախություն։ Կարծում եմ՝ դեռ երկար կհասկանամ՝ ինչ փոխեց պատերազմը։

Զրուցեց Մարամ ԶԱՔԱՐՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ,
19.01.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031