Լրահոս
Օրվա լրահոսը

«Իմ լուսանկարները համեմված են արեւի փայլով»

Հունվար 20,2023 12:30

Դիլիջանցի լուսանկարիչը՝ լուսանկարչության ոլորտում առաջին քայլերի, հաջողությունների ու երբեք չհանձնվելու մասին։

Օքսաննա Առաքելյանը 18 տարեկան է, Տավուշի մարզի Դիլիջան քաղաքից։ Սովորել է Դիլիջանի թիվ 4 հիմնական դպրոցում, ապա ավագ դպրոցում, իսկ հիմա սովորում է Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտում՝ ապագա ռեժիսոր է։ «Չնայած ունեմ բազում նախասիրություններ, բայց առանձնացնում եմ հատկապես լուսանկարչությունը։ Դա ինձ համար ոչ միայն հոբբի կամ զբաղմունք է, այլ վերջին 2 տարիների ընթացքում դարձել է նաեւ սիրելի աշխատանք»,-ասում է մեր զրուցակիցը։

«12 տարեկան էի, երբ սկսեցի ուսումնասիրել լուսանկարչական արվեստը։ Առաջին քայլերս եղել են Թումո կենտրոնում։ Հենց էստեղ էլ ես առաջին անգամ վերցրել եմ տեսախցիկն ու սկսել իմ ոչ այդքան հեշտ, բայց հետաքրքիր ու արվեստոտ ճանապարհը։ Սովորելու ընթացքում, հիշում եմ՝ նկարում էի այն ամենը, ինչ տեսնում էի, այն, ինչ բոլորն էին տեսնում։ Այնքան շատ էին իմ լուսանկարների քանակը…

Միայն այն փաստը, որ ես կարողանում էի օգտագործել լուսանկարչական տեսախցիկ,  թույլ էր տալիս ինձ մտածել, որ ես պրոֆեսիոնալ լուսանկարչուհի եմ։ Ու հիմա ծիծաղով եմ հիշում այդ մանկական հպարտությունս։ Այդ օրվանից շատ բան է փոխվել։ Այսօր իմ լուսանկարների թիվն այդքան էլ շատ չէ, բայց յուրաքանչյուր լուսանկար իմաստավորված է եւ ունի հստակ նկարագիր, պատմություն, ինչն ավելի կարեւոր է»,-հավելում է նա։

«Աշխատասիրությունս ու սերս դեպի այս արվեստ այնքան մեծացավ, որ մի քանի տարի հետո, մոտ 15 տարեկանում արդեն ունեի հստակ նպատակներ ու ծրագրեր՝ լուսանկարչության հետ կապված։ Չնայած,  դրանք ինձ համար ավելի շատ անիրականալի երազանքներ էին թվում, բայց ես՝ ինքս ինձ հավատալով ու փոքր քայլերով առաջ էի գնում։ Սկսել էի  քաղաքային միջոցառումներ նկարել, մրցույթներում մասնակցություն ունենալ, որտեղ եւս հաջողություններ էի ունենում։ Ուզում էի հիմնել ու իմ քաղաքում բացել սեփական լուսանկարչական ստուդիան, որը կլիներ նաեւ լուսանկարչական դպրոց։ Իմ գիտելիքներով ու փորձով ուզում էի  կիսվել ու այդ ամենը սովորեցնել քաղաքիս պատանիներին։

Ի դեպ, նշեմ նաեւ այն, որ այդ ժամանակ ես չունեի անգամ իմ սեփական տեսախցիկը։ Նկարում էի «Թումո»- ի Դիլիջանի համայնքային կենտրոնի, իմ ընկերների տեսախցիկներով։ Ու ամենագլխավոր նպատակս էր ձեռք բերել իմ սեփական լուսանկարչական տեսախցիկը… 17 տարեկանում հնարավորություն ունեցա մասնակցելու «ԼՂ  պատերազմից տուժած երիտասարդների տնտեսական կայունացում» ծրագրին։ Ծրագրի շրջանակներում սովորեցի գրել բիզնես ծրագիր, կառավարել այն… Դրանից հետո կար դրամաշնորհային մրցույթ, որը հաղթելու դեպքում ես կկարողանայի իրականացնել իմ ծրագիրը։ Արվեստն ու բիզնեսը միացրի իրար, ստացա հետաքրքիր գաղափար եւ այսպիսով, եղա այն բախտավորներից մեկը, ով իր աշխատասիրության ու հավատի շնորհիվ հաղթեց մրցույթում ու ստացավ դրամաշնորհը»,-պատմում է Օքսաննան:

«2022 թվականի մայիսի 21-ին Դիլիջանում բացեցի իմ «Sunny_PHOTOGRAPHY» անունով լուսանկարչական ստուդիայի դռները։ Իսկ թե ինչու «Արեւային լուսանկարչություն», որովհետեւ բազմիցս նշել եմ, որ իմ լուսանկարները համեմված են արեւի փայլով ու գույներով։

Դրամաշնորհով գնել էի բոլոր անհրաժեշտ իրերը, ինչպես նաեւ տեսախցիկ։ Ստուդիան բացելուց հետո սկսեցի ավելի մեծ գործունեություն ծավալել իմ քաղաքում։ Համագործակցում էի բազում կազմակերպությունների հետ։ Փոքր մրցույթներն աստիճանաբար դարձան միջազգային… Չնայած այս ամենին, ես կանգ չեմ առել, այլ շարունակել եմ սովորել եւ ինձ համար նոր բացահայտումներ անել լուսանկարչական արվեստի մասին։ Մասնակցել եմ դասընթացների, որտեղ էլ ավելի եմ բարելավել գիտելիքներս։ Նաեւ ինձանից փոքրերին եւ մեծերին օգնել ու սովորեցրել եմ լուսանկարչական հմտություններ։ Հիմա էլ ուսումնասիրելով ռեժիսուրան, թատերական արվեստը, չեմ դադարում նաեւ աշխատել որպես լուսանկարչուհի։ Ես այդ երկու մասնագիտությունները մեկը մյուսի հետ կապելով ավելի ու ավելի շատ եմ սիրում… Չնայած ունենալով բազում գեղեցիկ ու ստացված լուսանկարներ՝ ես ամենաշատը սիրում եմ իմ այս աշխատանքը։ Այստեղ ես փորձել եմ ցույց տալ իմ հայրենիքի ուժը, հավատը եւ խաղաղության ձգտումը։ Այստեղ ես հայրենասիրական ոգի եմ տեսնում, միասնականություն ու հաղթանակ։ Չգիտեմ՝ ինչքանով է ստացվել փոխանցել այդ ամենը իմ լուսանկարները նայողներին, ինչքանով՝ ոչ, բայց բազում լավ արձագանքներ ու խոսքեր եմ լսել այս աշխատանքիս մասին։ Կարծում եմ՝ յուրաքանչյուրի մոտ էլ ինչ-որ էմոցիաներ են առաջ եկել»,-ասում է մեր զրուցակիցը։

Իսկ սկսնակ լուսանկարիչներին խորհուրդ է տալիս վայր չդնել տեսախցիկը, լուսանկարել հնարավորինս շատ, ստեղծագործել, լինել ազատ գործում եւ մտքում։ Տարբերվել ձեռագրով, սիրել կատարված գործն ու արվեստը։

Էլեն ԱՎԵՏԻՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ,
19.01.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031