Լրահոս
Օրվա լրահոսը

«Վերջին դատաստանին բոլորովին մտադիր չեմ փաստաբան վարձել ինձ պաշտպանելու համար»

Հունվար 20,2023 14:00

Մեծանուն երգիծաբան Լեռ Կամսարի 135-ամյակի առթիվ այս տարի լույս կտեսնի նրա «Գեթսեմանի պարտեզի աքսորյալները» 1949թ. անտիպ օրագրությունը: Ներկայացնում ենք նրա անտիպներից մի հատված:

«Ես դժոխքից չեմ սարսափում: Ինչո՞ւ։

Որովհետեւ սա 15 տարի է ուղիղ, որ ես հալածվում եմ սովետական կառավարության կողմից։ Սկզբում, ճիշտ է, իմ կյանքը կատարյալ դժոխք էր, բայց հետզհետե այնքան վարժվեցի հալածանքին, որ հիմա կառավարությունը դեռ մտրակը չվերցրած, ես սկսում եմ փախչել. շատ թեթեւ, շատ արագ, շատ ուրախ։ Եթե ասեմ հալածանքից սկսել եմ հաճույք զգալ՝ չեմ սխալվի։ Ճշմարիտ է, տան եւ ընտանիքիս կարոտը տանջում է մի քիչ, բայց երազը գալիս է այդ բացը լրացնելու։

Անցյալ գիշեր գաղտագողի մեր տուն էի մտել եւ երեխաներիս գրկած կարոտս էի առնում. այն կողմից թաղային միլիցիային նկատելուս պես երեխաներս ցած թողի փախա, գոհ այն մտքից, որ դրանով վրեժս լուծեցի։

Մի այդպիսի հարված էլ բանտում եղած ժամանակ եմ հասցրել կառավարությանը։ Երբ աքսորվելուս՝ վերջին տեսակցությունն էին տալիս ընտանիքիս հետ, ես աջ նայեցի, ձախ նայեցի, երբ տեսա բանտային հսկիչը չկար, գաղտագողի հարձակվեցի ու այնքան համբուրեցի երեք երեխաներիս, որ եթե կառավարությունն իմանար…պիտի կործանվեր։

Վրեժս լիակատար առնելու համար, ես համբուրեցի նաեւ կնոջս։

Ա՛խ, որ հիշում եմ այդ դեպքը, որքա՛ն եմ բորբոքվում այս կառավարության դեմ…

Ճիշտ եմ ասում, եթե ձեռքս ընկներ՝ կատաղությունիցս կհամբուրեի աշխարհի բոլոր կանանց. այն ժամանակ տեսնեինք ինչ պիտի լիներ մեր կառավարության վիճակը։

Այժմս ես հալածվում եմ կառավարության բոլոր օրգաններից. հալածվում եմ թաղային միլիցիայից, տնային լիազորից, Չեկայից, Ցեկայից, գավառային շրջկոմից, գործկոմից, մեր դիրեկտորից եւ այլն, բայց որսի համար ի՞նչ հետաքրքիր է, կամ ինչո՞ւ պիտի ետեւը նայի՝ հաշվելու համար, թե քանի շներից է հալածվում…

Հիմա՝ երեւակայեցեք, որ ես ընդամենը 15 տարի հալածվելով, արդեն սովորել եմ դրան ու չեմ նեղվում՝ դժոխքում հազարավոր տարիներ առաջ տանջվող մեղավորը կնեղվի՞։ Անկարելի է, որ նեղվի։ Ընդհակառակը։ Եթե չտանջվի՝ այն ժամանակ կնեղվի։

Ես, օրինակ, առանց հալածանքի մի օր չեմ ապրի։ Ես ավտոմատ եմ դարձել այլեւս՝ ինքնիրենս, առանց ուրիշի օգնության հալածվում եմ շատ հաջող…»:

«Առավոտ» օրաթերթ,
19.01.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031