Սկիզբը` այստեղ
Անկարան պարզ է, որ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը մատնանշելով` Վաշինգտոնից կակնկալեր, որպեսզի չհիշատակվեր Հայոց ցեղասպանության փաստը: Իսկ պաշտոնական Երեւանի համար դա ընդունելի՞ է:
Անցյալ տարի նոյեմբերին Բալիում «Մեծ քսանի» գագաթնաժողովի լիդերները «Մեծ 20»-ը ողջունեցին Անկարայի քաղաքականությունը ոչ միայն էներգետիկայի կամ առողջապահության, այլեւ Ուկրաինային առնչվող նախաձեռնությունների, այդ թվում՝ գերիների փոխանակման եւ հացահատիկի գործարքի կայացման հարցերում: Էրդողանը հպարտացել էր, որ Թուրքիայի շնորհիվ է հաջողվել Բալիում Եզրափակիչ հռչակագրում «հավասարակշռված մոտեցում ապահովել մասնավորապես ռուս-ուկրաինական հակամարտությանը վերաբերող մասում»: Էրդողանի խոսքով, դա հնարավոր է դարձել շնորհիվ ակտիվ երկխոսության, որը Թուրքիան վարում է Ռուսաստանի եւ Ուկրաինայի հետ:
Թուրքիայի նախագահը նաեւ գովեստով նշել է, որ Անկարան լուրջ ներդրում է ապահովել Միացյալ Նահանգների եւ Ռուսաստանի երկխոսության գործում, կազմակերպելով երկու երկրների հետախուզական կառույցների ղեկավարների հանդիպումը:
Կարդացեք նաև
Արեւմուտքից էլ հաճախ հնչում են Թուրքիայի առնչությամբ հակասական գնահատականներ: Էրդողանն էլ կաշկանդված չի իրեն զգում Արեւմուտքին սպառնալու` տարբեր հարցերում: Օրինակ, վերջերս մի առիթով նշել էր, թե` «Արեւմուտքը Ուկրաինայում միջնորդի դեր ստանձնելու փոխարեն զբաղված է սադրանքներով»:
ԱՄՆ-ի հետ փոխհարաբերությունները վայրիվերումներով են: Էրդողանն անկաշկանդ իրեն կարող է թուլ տալ ԱՄՆ-ին ուղերձներ հղել, թե Ռուսաստանի հետ փոխհարաբերությունները մեր որոշելիքն է, «թող մեզ դասեր չտան` ում հետ ինչ մակարդակի հարաբերություններ ունենալ»:
Ու չնայած Մոսկվա-Անկարա հարաբերությունների ողջ խորությանը` Թուրքիան շարունակում է ԱՄՆ-ի դաշնակիցը մնալ, եւ գոնե այն հարցերում, որտեղ Հայաստանը կարող էր ԱՄՆ-ի միջոցով Անկարային զսպել, մենք նաեւ զրկվում ենք դրանից:
Օրերս թուրքական լրատվականները հաղորդեցին, որ ԱՄՆ-ը` «փոխում է Թուրքիայի նկատմամբ հռետորաբանությունը»: Պարզվում է, ԱՄՆ Կոնգրեսը վերանայել է թուրք-ամերիկյան հարաբերությունների հեռանկարների վերաբերյալ վերջին զեկույցի տեքստը։ Փաստաթղթի տեքստից հանվել են հայտարարություններն ու գնահատականները, որոնք կարող են բացասական ազդեցություն ունենալ երկու երկրների հարաբերությունների վրա։
Կոնգրեսը մեղմացրել է Անկարայի ձեւակերպումը եւ փաստաթղթից բացառել հակասությունների մասին հիշատակումները, օրինակ՝ ձեւակերպումը, որ «1952թ. ՆԱՏՕ-ին անդամակցելուց ի վեր Անկարայի արտաքին քաղաքականությունը ամենաքիչն է ուղղված եղել դեպի Արեւմուտք», սա ամբողջությամբ հանվել են զեկույցից։ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի խոսքերը 1915 թվականին «Օսմանյան պետությունում տեղի ունեցած իրադարձությունների» եւ Թուրքիայում ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ օրենքի գերակայության վիճակի վերաբերյալ ԱՄՆ վարչակազմի գնահատականները եւս հանվել են փաստաթղթից: Հեռացվել են նաեւ Թուրքիայի կողմից ռուսաստանյան արտադրության C-400 զենիթահրթիռային համակարգերի ձեռքբերման վերաբերյալ հիշատակումները, որոնց վերաբերյալ ԱՄՆ-ից Թուրքիայի իշխանությունները երբեմն կոշտ քննադատության էին ենթարկվում:
Միեւնույն ժամանակ նշյալ տեքստին մի հատված է ավելացվել, որում ասվում է, որ «Թուրքիայում առաջիկա ընտրությունների արդյունքները քիչ ազդեցություն կունենան Անկարայի արտաքին քաղաքականության վրա»: Թարմացված տարբերակում ընդգծվել է նաեւ Թուրքիայի նշանակությունն ու ազդեցությունը ՆԱՏՕ-ի համար եւ նրա դերը եվրոպական անվտանգության մեջ ռուս-ուկրաինական հակամարտության համատեքստում։
Հայաստանի իշխանությունները, որոնք ԱՄՆ-ի հետ հարաբերությունների առնչությամբ, կարծես, հրապարակային դժգոհություններ չեն հայտնել, ունե՞ն բացատրություն, թե ինչո՞ւ է Կոնգրեսը մեղմացրել Անկարայի ձեւակերպումը եւ ինչո՞ւ է նշյալ փաստաթղթից հանվել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի խոսքերը` Հայոց ցեղասպանության վերաբերյալ: Դրա պատճառն այն է, որ Հայաստանն ու Թուրքիան բանակցությունների գործընթացի՞ մեջ են, առայժմ անարդյունք, թուրքական իշխանությունների կողմից Ադրբեջանի քաղաքականության լիակատար աջակցության պայմաններո՞ւմ:
Անկարան պարզ է, որ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը մատնանշելով` Վաշինգտոնից կակնկալեր, որպեսզի չհիշատակվեր Հայոց ցեղասպանության փաստը: Իսկ պաշտոնական Երեւանի համար դա ընդունելի՞ է:
Նախընտրելի չէր լինի՞, եթե այդ կետը պահպանվեր ամերիկյան վարչակազմի կողմից, եւ Հայաստանն ունենար ինչ-որ «առավելություններ»` Անկարայի հետ վարվող շփումներում:
Ինչո՞ւ ենք ցանկացած հարցում զիջում, երբ դրա անհրաժեշտությունը, բացարձակապես չկա:
Foreign Policy ամսագիրը՝ վկայակոչելով որոշմանը ծանոթ ամերիկացի եւ եվրոպացի ներկա եւ նախկին պաշտոնյաների, մեկ շաբաթ առաջ տեղեկություններ հրապարակեց այն մասին, որ Թուրքիան 2022թ. նոյեմբերից սկսել է Ուկրաինային մատակարարել ԱՄՆ-ի կողմից մշակված Սառը պատերազմի ժամանակաշրջանի կասետային ռումբեր:
«Արմենպրես»-ը ներկայացրել է հրապարակումը: Խոսքն, այսպես կոչված, կատարելագործված ստանդարտ երկակի նշանակության զինամթերքի (Dual-Purpose Improved Conventional Munition, DPICM) մասին է, որոնք արտադրվել են Թուրքիայում Սառը պատերազմի տարիներին՝ ԱՄՆ-ի հետ համատեղ արտադրության համաձայնագրով։ Տանկեր ոչնչացնելու համար նախատեսված այս զինամթերքի փոքր ռումբերն անմիջապես չպայթելու դեպքում կարող են տարիներ շարունակ մնալ ռազմադաշտում: Յուրաքանչյուր արկ պարունակում է 88 հարվածող մաս:
Foreign Policy-ն նշել էր, որ Թուրքիան ամիսներ շարունակ փորձել է գաղտնի պահել այս քայլը, սակայն սա նաեւ ընդգծում է Անկարայի «վտանգավոր» գործողությունները հակամարտության ամբողջ ընթացքում` Ուկրաինային Bayraktar TB2 անօդաչու թռչող սարքերի մատակարարումը, որոնք օգնեցին կասեցնել Ռուսաստանի առաջխաղացումը Կիեւում, որպես դիվանագիտական միջնորդ հանդես գալը ուկրաինական Օդեսայի նավահանգստից հացահատիկի արտահանման գործում եւ այդ ամենին զուգահեռ՝ ռուսական զենքերի ձեռքբերումը, որն առաջացրել է ՆԱՏՕ-ի զայրույթը:
Պարբերականը նաեւ նշում է, որ առայժմ պարզ չէ՝ արդյոք Թուրքիայի կողմից մատակարարված զինամթերքն օգտագործվել է մարտերում:
Ինչպես նշում է պարբերականը, Կիեւը նախկինում մի քանի անգամ փորձել էր Վաշինգտոնից ստանալ նման զինամթերք, սակայն ԱՄՆ-ն ներկայումս չի կարող DPICM արտահանել այլ երկրներ, քանի որ դա արգելված է ԱՄՆ օրենսդրությամբ։ «Այն բանից հետո, երբ ԱՄՆ-ն հրաժարվեց (Ուկրաինային) կասետային զինամթերք տրամադրել, Թուրքիան միակ վայրն էր, որտեղից նրանք կարող էին ձեռք բերել դրանք: Դա պարզապես ցույց է տալիս, թե ինչպես Թուրքիան, թեեւ փորձում է որոշ առումներով հաճոյանալ Ռուսաստանին, միեւնույն ժամանակ Ուկրաինային իսկապես կարեւոր ռազմական աջակցություն է ցուցաբերում», – ասել է աղբյուրներից մեկը:
Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանատունը եւ Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը Foreign Policy-ին մեկնաբանություն չէին տվել այս հարցի շուրջ, սակայն, ըստ հոդվածի, Անկարայի կողմից DPICM-ի մատակարարումը ցույց է տալիս, թե որքան մեծ դեր է կատարել Թուրքիան բեկումնային պահերին Ուկրաինայում Ռուսաստանի մասշտաբային առաջխաղացումը կանխելու հարցում:
Պարբերականը նաեւ նշել էր, որ Bayraktar TB2 անօդաչուներն, ամենայն հավանականությամբ, դերակատարում են ունեցել ռուսական «Մոսկվա» ռազմանավը խորտակելու գործում: Ըստ թուրք վերլուծաբանների՝ Թուրքիան անօդաչուներն Ուկրաինային է մատակարարում Լեհաստանի տարածքով: «Նույնիսկ այն ժամանակ, երբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը եւ Անկարայում նրա բարձրաստիճան պաշտոնյաները փորձում էին վերլուծաբաններին լռեցնել, նրանց մտերիմներից ոմանք, այդ թվում՝ նախագահի փեսան, ով հանդիսանում է Bayraktar TB2-ներ արտադրող ընկերության խորհրդի նախագահը, բացահայտորեն գովաբանել է անօդաչու թռչող սարքի հզորությունը մարտի դաշտում», – նշվում է հոդվածում: Ի դեպ, Թուրքիան հերքեց Ուկրաինային կասետային զինամթերք մատակարարելու մասին տեղեկությունը:
Այսինքն, պաշտոնական Անկարան ցանկացած խնդրով վարում է անկախ այնպիսի քաղաքականություն, որը չի խոչընդոտում Ռուսաստան-Արեւմուտք առճակատման հասած կոշտ հարաբերություններին: Անկարան չի ճանաչում Ղրիմի օկուպացիան, ուկրաինական բանակին մարտական անօդաչու սարքեր է մատակարարում, եւ պարզ է, որ հանդիսանալով Հյուսիսատլանտյան դաշինքի մաս, Թուրքիան զենք չի վաճառի ՆԱՏՕ-ի անվտանգությանը սպառնացող երկրներին, խոսքը առաջին հերթին վերաբերում է ՀԱՊԿ անդամ երկրներին՝ Ռուսաստանին, Բելառուսին, ինչպես նաեւ, օրինակ` Իրանին։ Սակայն այս ամենով հանդերձ` Պուտին-Էրդողան հարաբերություններում ջերմության, վստահության, փոխըմբռնելիության աստիճանին անգամ արեւմտյան երկրների առաջնորդները, թերեւս, կնախանձեին:
Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ, 19.01.2023