Լրահոս
Օրվա լրահոսը

«Նման աղմկահարույց միջադեպերի պարագայում ցանկացած ժողովրդավար երկրում առնվազն ամենաբարձր մակարդակով են լինում պաշտոնանկություններ»․ Զարուհի Հովհաննիսյան

Հունվար 19,2023 23:30

«Ինձ համար դժվար է գնահատել այս զինվորականների անհատական մեղքի բաժինը»,- հարցին՝ ինչպե՞ս կգնահատեք առանց քննության հրդեհից ժամեր անց պաշտոնանկությունները զինված ուժերում, «Մեդիա կենտրոնում» «Ողբերգություն N զորամասում. ինչո՞ւ պատահեց» թեմայով քննարկման ժամանակ  այսպես արձագանքեց «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության հիմնադիր և ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը։

Անդրադառնալով Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանի հրդեհի համար պատասխանատվություն կրելու հարցին՝ իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանն ասաց․ «Նման աղմկահարույց միջադեպերի պարագայում ցանկացած ժողովրդավար երկրում առնվազն ամենաբարձր մակարդակով են լինում պաշտոնանկություններ, դեռևս եթե դրանք չկան, ուրեմն գործ ունենք համակարգային լուրջ բացթողումների և խնդիրների հետ»։

Զարուհի Հովհաննիսյանը կարևորեց այն հարցը՝ արդյոք 2020-ի արյունալի պատերազմից, մեր տարբեր դիրքային փոփոխություններից հետո պատշաճ կերպով կահավորվո՞ւմ են ՀՀ-ում զորամասերը, զինվորները տեղակայվա՞ծ են այնպիսի շենքային պայմաններում, որոնք կարող են պատշաճ ու անվտանգ համարվել մարդու ապրելու, կյանքի համար պիտանի։ Այս առիթով հավելեց․ «Այս դեպքում կարելի է ասել՝ ոչ։ 21-րդ դարի երրորդ տասնամյակում ունենալ նման պայմաններ, որ վառարանով ջեռուցվի զորամասը, անընդունելի է»։

Դանիել Իոաննիսյանի կարծիքով՝ այս խնդրին պետք է գլոբալ կերպով անդրադառնալ՝ ո՞րն է մեր համազգային մոտեցումը անվտանգության կանոններին։

ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը չհամաձայնեց։ Նա վրդովվեց․ «Ջեռուցման հարցը, հրահանգավորման հարցը, շահագործման կանոնների հարցը հրամանատարության անմիջական պատասխանատվությունն է։ Իսկ ընդհանուր այդ իրավիճակի նկատմամբ հսկողության պատասխանատուն զինվորական ղեկավարությունն է։ Ի՞նչ է՝ զինվորի վրա ե՞ք թողնում»։ Դանիել Իոաննիսյանն ասաց․ «Խնդիրը միայն հրդեհային անվտանգությունը չէ, միայն կացարանները չեն, միայն գոմը՝ կացարան չդարձնելը չէ։ Խնդիրն այն է, որ զինված ուժերի կառավարում չկա։ Մենք հաճախ ասում ենք սովետական ավանդույթներ։ Սովետականից շատ ավելի վատ է։ Մենք այն վիճակում ենք, որ փառք ենք տալիս սովետական ժամանակներին։ Եվ այսպիսի վատ կառավարման համակարգում և տոտալ հանրային լոյալության պարագայում ակնկալել, որ հրդեհային անվտանգություն կլինի զինվորականների կացարանում, չի լինի։ Մեծ բաներ պիտի փոխվեն այս երկրում։ ԶՈՒ հրամանատարությունը էական փոփոխություններ պիտի կրի»։

Արթուր Սաքունցը համաձայնեց կառավարման որակի հետ կապված դիտարկումներին և ասաց, որ խնդիրը միայն կարողության բացակայությունը չէ, այլ որ նաև ձգտում չունենալը․ «Չկարողանալով հանդերձ չեն էլ ուզում լսել։ Բազմիցս ահազանգված, բարձրաձայնած խնդիրների  վերաբերյալ գոնե չեն էլ ասում, որ մենք այս լուծումները կարող ենք տալ։ Չի կարելի հանրային կարծիքից հեռանալ, մեկուսանալ։ Բա էդ հեղափոխությունն ինչի՞ համար է արվել, որ նույն կերպ կառավարվի՞․․․այդ զորամասում նույնիսկ նորմալ պատուհաններ չեն եղել, որ մարդիկ կարողանան բացեն, դուրս գան։ Բա մենք զինծառայողների ծնողներից ստանում ենք ահազանգեր, հրապարակում ենք։ Բայց զրո վերաբերմունք»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031