Լրահոս
Օրվա լրահոսը

«Դատարանի դռնից մի կողպեք կախեք, պրծեք»․ Շիրակի բոլոր դատավորներին միանգամից տեղափոխել են Երևան

Հունվար 19,2023 21:15

ԲԴԽ-ն երեկ որոշում է կայացրել Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի քրեական մասնագիտացմամբ 4 դատավորների տեղափոխել մայրաքաղաք։ Սա հարուցել է մարզի փաստաբանների, բազում քաղաքացիների, կալանավորների ու նրանց հարազատների զայրույթը։

Գյումրեցի փաստաբան Հայկ Հարությունյանը, բարձրաձայնելով այս թեման, բացատրություն է պահանջում։

«18.01.2023 թվականին որոշել են Շիրակի մարզի քրեական մասնագիտության 4 դատավորների տեղափոխել Երևան: Հիմա այս երևույթը ինչպես բացատրել, երբ այս պայմաններում ստացվում է, որ 4 դատավորի վարույթներում առկա գործերը նորից պետք է սկսեն սկզբից քննել, և փաստացի Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը մնում է առանց քրեական մասնագիտությամբ դատավորների»:

Aravot.am-ի հետ զրույցում Հայկ Հարությունյանը մանրամասնեց, որ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը քրեական մասնագիտացմամբ 4 դատավորներ ունի, որոնք 6-7 ամիս է՝ ինչ նշանակվել էին։

«Բոլորի տեղափոխման հրամանը երեկ են տվել, մնում է դատարանի դռանը մի կողպեք կախեն։ Գոնե առանձին-առանձին տեղափոխեին, էլի կհասկանայիր, ասենք մեկին տեղափոխեին, տեղը ուրիշ դատավոր բերեին, որ քրգործերի վրա այսքան շատ չազդեր, բայց սա ի՞նչ վերաբերմունք է Շիրակի մարզի նկատմամբ։

Չորս դատավորի վարույթում հիմա ինչ գործ կա, նորից, զրոյից պիտի սկսվի։ Դատավորները վեց-յոթ ամիս է՝ ինչ եկել են Շիրակի մարզ, նրանց ամառն են նշանակել, երկար էլ չեն մնացել, նոր դատավորներ են, չենք էլ հասցրել դեմքերը նորմալ տեսնել, միայն նրանցից մեկը՝ Տիգրան Ոսկանյանն է, որ 1 տարուց ավել էր մնացել Շիրակի մարզում։

Կա քրեական գործ, որը 5-6 դատավորի ձեռքով է անցել։ Նույն վիճակը ստեղծվել է նաև քաղաքացիական գործերով դատավորների պահով, մենք ՝ փաստաբաններս, նամակ ուղարկեցինք ԲԴԽ՝ խնդրելով ուշադրություն դարձնել այս խնդրին։ Գրեցինք, որ հասկանում ենք՝ ընթացիկ կարող է փոփոխությունների կարիք լինի, բայց մասսայաբար դատավորներին փոխելով՝ ո՞ւր ենք հասնում։ Հասարակ ամուսնալուծության գործը 2-3 տարի է՝ չենք կարող ավարտել։ Ոչ մի պատասխան չստացանք։

Պատասխանը եղավ այն, որ հիմա էլ անցան քրեական գործով դատավորներին տեղափոխելուն։

Այսօր նիստ ունեինք, դատավորը դեռ չտեղափոխված՝ նիստը չանցկացրեց, գիտի, որ պիտի գնա, թեև նախագահն դեռ չի ստորագրել  տեղափոխման հրամանը։ Սա կալանավորի իրավունքի խախտում չէ՞։ Սպասենք, թե ինչ նոր դատավորներ կբերեն, քանի ամիս կմնան Շիրակի մարզում։

Գործերը կուտակում են ու տեղափոխվում, երիտասարդ դատավորներ են, գալիս, վեց ամիս մնում, թողնում, գնում են, Շիրակի դատարանը դարձել է փորձադաշտ։

Գործ կա, 5-6 դատավորի ձեռքի տակով է անցել, կալանավորն ասում է՝ ի՞նչ կլինի մի դատավոր գտեք, դատվենք, մենակ էլ չգնանք, գանք, նյարդերս մի քիչ հանգիստ մնան։

Բառեր չեմ գտնում բնութագրելու այդ որոշումը, որ ասեմ՝ չեն պատկերացնում, քաղաքացիների համար խնդիրներ են ստեղծում, հաստատ պատկերացնում են, ուղղակի միտումը չեմ հասկանում։

Ստացվում է, որ պետությունն անիմաստ փող է տալիս մարզի դատավորներին, որովհետև մի քանի ամիս աշխատում են, փաստացի ավարտին չեն հասցնում գործը, նոր դատավոր է գալիս, զրոյից սկսում, հինը ինչ արել, չի արել, արդեն կարևոր չէ։ Ստացվեց, որ նրանց անմիաստ փող տվեցինք, էլ պետության փողերի վատնումը ոնց է լինում։

Գործեր կան՝ 8-9 տարի քննվում են, բայց դրանք ողջամիտ ժամկետում պիտի ավարտվեն»,- ասում է Հայկ Հարությունյանը։

Փաստաբան Թամարա Յայոլյանն էլ մեզ հետ զրույցում նշեց, որ դատավորների փոփոխության պատճառով նիստերը տարիներ են տևում, դատերը չեն ավարտվում։ Ըստ նրա, անտանելի վիճակ է ստեղծվում։

Թամարա Յայլոյանը նշում է նաև, որ շատ հաճախ  դատական նիստերը հետաձգվում են կալանավորներին դատարան տեղափոխող մեքենա չլինելու պատճառով։ Կալանավորներն ամիսներով դատարան չեն բերում, բացի այդ դատավորներ են փոխում, որոնք քրգործերին ծանոթանում են զրոյից։

Նա դիմել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին։

Թե ինչ պատասխան է ստացել, կանդրադառնանք առաջիկայում։

Ի դեպ, Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Գոռ Հարությունյանը ևս պատրաստվում է հեռանալ, տեղափոխվում է ՀՀ վերաքննիչ դատարան։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031