«Այս գործը շատ ավելի փոքր նշանակություն ունի մեզ համար, քան այն, ինչ տեղի է ունենում այսօր՝ սահմաններում. 15 զոհ ունենք, չորս վիրավոր»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի շահերի ներկայացուցիչ Ամրամ Մակինյանն՝ անդրադառնալով Հակակոռուպցիոն դատարանում Սերժ Սարգսյանի եւ նրա դուստրերի դեմ քննվող հայցին:
Հիշեցնենք, ՀՀ հակակոռուպցիոն դատարանում այսօր տեղի ունեցան ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եւ նրա ընտանիքի անդամների գործով նախնական լսումները: Ըստ հայցադիմումի, Սերժ Սարգսյանի գույքը 38 տոկոսով, իրավասու մարմինը համարում է «ապօրինի ձեռք բերված»:
Անդրադառնալով գործի օրինականությանն Ամրամ Մակինյանը հիշեցրեց, որ ժամանակին դատախազությանն առարկություններ են ներկայացրել՝ գործի ծայրահեղ անօրինական լինելու մասին, քանի որ գործընթացը սկսելիս գործում եղել են փաստական տվյալներ, որոնք անհիմն են եղել: Ուսումնասիրությունը սկսելու ժամանակահատվածում, ըստ պաշտպանի, Սերժ Սարգսյանի անունով որեւէ գույք ընդհանրապես չի եղել հայտնաբերված, առավել եւս ենթադրյալ կասկածելի ծագման, որը կգերազանցեր 50 միլիոն դրամը: Սկսված գործընթացը նա համարում է դատարկ: Տերյան 66 հասցեում գտնվող վիճելի բնակարանը, որը վերագրվում է Սերժ Սարգսյանին, ըստ Ամրամ Մակինյանի այն բնակարանն է, որտեղ Սաթենիկ Սարգսյանն իր ընտանիքով բնակվում է մինչ օրս:
Դատախազության թեզը, որ մինչ 1995 թվականը Սարգսյանների ընտանիքի աշխատած գումարները եւ եկամուտները համարվում են փոշիացված, Ամրամ Մակինյանը որակում է «խելագարության կանխավարկած», որին իրենք չեն պատրաստվում տուրք տալ: Պաշտպանի համար անհասկանալի է, թե դատախազությունն ի՞նչ կոմունալ ծախսերի մասին է խոսում, երբ նախագահ Սերժ Սարգսյանի ընտանիքը 1993 թվականից ապրել է կառավարական ամառանոցներում ու հայտնի փաստ է, որ կան պատական պաշտոնյաներ, որոնց հետ կապված ծախսերը պետությունն է իրականացնում:
Կարդացեք նաև
Ամրամ Մակինյանը ուշագրավ է համարում գործընթացի սկսելը՝ 2020 թվականի հոկտեմբերի 7-ը, երբ ՀՀ-ն պատերազմական վիճակում էր եւ խայտառակ ծանր դրության մեջ:
Այլ մանրամասները՝ տեսանյութում:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ