Սերժ Սարգսյանի եւ նրա ընտանիքի անդամների գործով Հակակոռուպցիոն դատարանում այսօր կայացած նախնական լսումների ժամանակ, իբրեւ ապօրինի գույք նկատի առնված գումարների հաշվարկներին վերաբերվող Անուշ Սերժի Մինասյանի շահերի ներկայացուցչի շատ հարցերի հստակ պատասխաններ չհնչեցին: Հայցվորի ներկայացուցիչը հայտարարեց, որ արդեն դատական բուն գործընթացի ժամանակ մասնագիտական պատասխաններ կտրվեն: Պատասխաններ չհնչեցին նաեւ հայցադիմումում ամրագրված անկանխիկ վճարումների մասով՝ նույն պատճառաբանությամբ: Իսկ երջանակահիշատակ Ռիտա Սարգսյանի՝ իբրեւ Սերժ Սարգսյանի հետ փոխկապակցված անձի, դեմ ներկայացված հայցի պահանջը, պատասխանողի համար առնվազն տարակուսելի էր, քանի որ հայտնի չէ, թե մահացած մարդու կատարած գործողությունների համար դատարանում ո՞վ պետք է պատասխաններ տա:
Հիշեցնենք, ՀՀ հակակոռուպցիոն դատարանում այսօր տեղի ունեցան ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եւ նրա ընտանիքի անդամների գործով նախնական լսումները: Ըստ հայցադիմումի, Սերժ Սարգսյանի գույքը 38 տոկոսով, իրավասու մարմինը համարում է «ապօրինի ձեռք բերված»:
Սերժ Սարգսյանի եւ Սաթենիկ Սարգսյանի շահերի ներկայացուցիչ Ամրամ Մակինյանն էլ հայցվորի ներկայացուցչից հետաքրքրվեց՝ այս գործով վարույթը հարուցվել է 2020 թվականի հոկտեմբերի 7-ին, Ռիտա Ալեքսանդրի Սարգսյանը մահացել է 2020 թվականի նոյեմբերի 20-ին. իմանալով, որ տիկին Սարգսյանը մահացել է, դուք երկու տարի շարունակե՞լ եք ուսումնասիրել մահացած անձի գույքը եւ եկամուտները: Ըստ Ամրամ Մակինյանի, առկա նյութերը, որոնք կհրապարակվեն դատական գործընթացի ժամանակ, պարզապես ջախջախում են հայցվորի առաջ քաշած վարկածը, որ Ռիտա Սարգսյանի եւ Սերժ Սարգսյանի կատարած ծախսերը նույնական են: Հայցվորի ներկայացուցիչ Ենոքյանը հայտարարեց, որ Ամրամ Մակինյանի հարցադրումը հռետորական է ու նկատեց, որ վարույթ իրականացնող մարմինը՝ մինչեւ մարդու մահվան փաստը, արձանագրել է 95 միլիոն ավանդի առկայությունը բանկային հաշվում եւ դրա վրա հաշվեգրվող տոկոսը: Նա հավելեց, որ իրավասու մարմնի կողմից ուսումնասիրվել է Սերժ Սարգսյանը եւ հաշվի առնելով ամուսնական կապը՝ ամբողջական ծավալով է ուսումնասիրվել: Պատասխանն Ամրամ Մակինյանին չբավարարեց:
Կարդացեք նաև
Ուշագրավ էր հայցվորի ներկայացուցչի այն հայտարարությունը նաեւ, որ հայտարարագրերը մասամբ են հիմք ընդունվել վարույթ իրականացնող մարմնի կողմից: Հիմք է ընդունվել աշխատավարձի մասը, կանխիկ դրամական միջոցների, զարդերի մասով հայտարարագրերը հիմք չեն ընդունվել, քանի որ դրանց ստացման մասին տեղեկատվությունը պարզ չէ:
Մանրամասները՝ տեսանյութում
Ի պատասխան դատավորի հարցի, հայցվորի ներկայացուցիչը պատասխանեց, որ սույն գործով իրավասու մարմինը ուսումնասիրել է Սերժ Սարգսյանին, իսկ Սաթենիկ Սարգսյանը եւ Անուշ Մինասյանը գործով պատասխանող են, քանի որ հանդիսանում են լուսահոգի Ռիտա Սարգսյանի առաջին ժառանգներ:
Այլ մանրամասները՝ տեսանյութում
Նիստը հետաձգվեց, որպեսզի հայցվոր կողմը հնարավորություն ունենա հայցի փաստական հիմքերի վերաբերյալ հստակ տեղեկություններ ներկայացնի: Դատական հաջորդ նիստի վերաբերյալ լրացուցիչ ծանուցում կտրվի:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ