«Այն, ինչ ասում է Լավրովը, ասում է վերին աստիճանի կոնկրետ իրավիճակի համար եւ կոնկրետ իրենց կարծիքը։ Տվյալ դեպքում մեջբերում է անում պարտադիր նորմից, եւ եթե Լավրովի անունը չտանք, ապա այն վերաբերում է նաեւ Արցախին եւ Ադրբեջանին։ Ավելին՝ մի մոլորություն կա։ Մենք՝ փորձագետներով, երեւի լավ չենք դա բացատրում»,-Aravot.am-ի հետ զրույցում ասում է ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան, «Ընդդեմ իրավական կամայականության» հ/կ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը՝ անդրադառնալով ինքնորոշման իրավունքի եւ տարածքային ամբողջականության վերաբերյալ Սերգեյ Լավրովի հայտարարությանը։
Հիշեցնենք, որ հունվարի 18-ին Լավրովը մամուլի ասուլիսի ժամանակ, խոսելով Ուկրաինայի առնչությամբ միջազգային իրավունքի նորմերի մասին, հայտարարել է, որ Ռուսաստանը հարգում է ՄԱԿ-ի կանոնադրությունը, որի համաձայն՝ կարեւոր է հարգել երկրների սուվերեն հավասարությունը եւ նրանց ինքնորոշման իրավունքը, բայց Ուկրաինայի իշխանությունը հետամուտ չէ դրանց, հետեւաբար, Ուկրաինայի իշխանությանը հնարավոր չէ օրինական համարել։
Բացատրելով ինքնորոշման իրավունքի հանդեպ ՌԴ դիրքորոշումը՝ Սերգեյ Լավրովը նշել է․ «ՄԱԿ-ի կանոնադրությունն ասում է, որ գլխավորը պետությունների սուվերեն հավասարությունն է։ Ազգերի ինքնորոշման սկզբունքը հիշատակված է առաջինը, ինչպես նաեւ պետությունների տարածքային ամբողջականությունը։ Այս երկու սկզբունքները՝ ազգերի ինքնորոշման իրավունքը եւ տարածքային ամբողջականությունը, որոնք հիշատակված են միեւնույն մակարդակում, ի սկզբանե, ՄԱԿ-ի կանոնադրության ձեւավորման եւ ընդունման ժամանակ, հարցեր էին առաջացնում՝ ի վերջո ո՞ր մեկն է առաջնայինը։ ՄԱԿ-ի բոլոր անդամները մի քանի տարի երկար քննարկել են այդ թվում նաեւ այս հարցը եւ այլ հարցեր, որոնք կապված են կանոնադրության մեկնաբանության հետ։ Արդյունքում 1970թ․-ին լույս աշխարհ եկավ եւ մինչեւ հիմա էլ իրավական ուժ ունի ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի հռչակագիրը՝ միջազգային իրավունքի զարգացող սկզբունքների եւ պետությունների միջեւ փոխհարաբերությունների մասին։ Դրանում մի ամբողջ բաժին է նվիրված պետությունների ինքնորոշմանը։ Դրանում ասվում է, որ այդ սկզբունքն ունիվերսալ է, որ կա նաեւ տարածքային ամբողջականության հարգման սկզբունք եւ որ բոլորը պարտավոր են հարգել տարածքային ամբողջականության սկզբունքը՝ այն պետությունների հանդեպ, լսեք ուշադիր, որոնց կառավարությունները հետամուտ են ինքնորոշման սկզբունքին եւ ներկայացնում են տվյալ տարածքում ապրող բոլոր ժողովուրդների հետաքրքրությունները։ Այսինքն, կանոնադրության համաձայն՝ մենք պարտավոր ենք հարգել այն պետությունների տարածքային ամբողջականությունը, որոնց կառավարությունները ներկայացնում են իրենց երկրների ողջ բնակչությանը»։
Թեեւ այս հայտարարությանը հաջորդած հարցն Ուկրաինային էր վերաբերում, Լավրովը, սակայն, առհասարակ ինքնորոշման իրավունքի վերաբերյալ էր դիրքորոշում հայտնում, ուստի տիկին Ալավերդյանից հետաքրքրվեցինք՝ սա որքանո՞վ է առնչվում կամ կարո՞ղ է առնչվել Արցախի հիմնահարցին։ Մեր զրուցակիցը նշում է, որ կա կարեւոր տարբերություն՝ Արցախը չի առանձնացել ներկայիս Ադրբեջանից, Արցախի եւ Ադրբեջանի տարածքային ամբողջականություններն իրար հետ չեն խաչվում․ «Ադրբեջանն անընդմեջ տանում է նրան, որ ինքը «ծնող» պետություն է Արցախի համար։ Իսկ իրականում սա շատ խորը մոլորություն է, որը ՀՀ-ում պետական մակարդակում կրկնել են պաշտոնյաները՝ չհասկանալով, որ Արցախի հիմնահարցը տանում են փակուղի։ Մեկ ուրիշ բան էլ։ Եթե միջազգային այս կամ այն սուբյեկտն անգամ այդպես է կարծում (իրականում այդպես չէ), ապա անգամ այդ դեպքում Ադրբեջանի կառավարությունը չի ներկայացնում ողջ ժողովրդին։ Բոլոր փաստերը խոսում են այն մասին, որ Արցախը չի ինքնորոշվել Ադրբեջանի կազմում, այլ դուրս է եկել այն բանից առաջ, երբ ժամանակակից Ադրբեջանը ճանաչվել է։ Ավելին՝ Ադրբեջանն ասել է, որ ինքը սովետական հանրապետության իրավահաջորդը չէ։ Ադրբեջանն ամբողջությամբ իրեն զրկել է սահմանադրական կարգավիճակից՝ համարվելու սովետական հանրապետություն, իսկ Արցախը ոչ թե ինքնորոշվել է Ադրբեջանի կազմում, այլ Սովետական Ադրբեջանի կազմից դուրս է եկել, նոր դրանից հետո ճանաչվել է Ադրբեջանը։ Սա շատ կարեւոր է։ Իրականում Արցախի հանրապետությունը ոչ մի կապ չունի Ադրբեջանի տարածքային ամբողջականության հետ, բայց եթե անգամ միջազգային այս կամ այն հարթակներում շարունակում են այսպես ներկայացնել, ապա բերում ենք նշյալ հիշատակումը»։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ