Հունվարի 19-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Մեքսիկա–Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությանը՝ գլխավորությամբ խմբի ղեկավար Բերենիսե Խուարես Նավառատեի։
Հանդիպմանը ներկա էր նաև Մեքսիկայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արմելլա Շաքարյանը և ՀՀ-ում Մեքսիկայի պատվավոր հյուպատոս Նիկոլայ Կոստանդյանը։
Հանդիպմանը Ամենայն Հայոց Կաթողիկոսը հույս հայտնեց, որ պատվիրակության այցը Հայաստան առավել կխորացնի երկու երկրների բարեկամական հարաբերությունները տարբեր ոլորտներում։ Վերհիշելով հայրապետական իր այցը Մեքսիկա՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսը նաև իր գոհունակությունն արտահայտեց հայկական համայնքի նկատմամբ Մեքսիկայի իշխանությունների հոգատար վերաբերմունքի համար։
Անդրադառնալով տարածաշրջանում տիրող ծանր իրավիճակին և Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակմանը՝ Նորին Սրբությունն իր մտահոգությունը հայտնեց Արցախի ժողովրդի խաղաղ ու ազատ ապրելու իրավունքի դեմ նոր ոտնձգությունների և դրանց հետևանքով ստեղծված հումանիտար աղետի առնչությամբ։ Հայոց Հայրապետը կարևոր նկատեց միջազգային հանրության հետևողական գործուն քայլերը Լաչինի միջանցքի վերաբացման ուղղությամբ։
Իր խոսքում խմբի նախագահ Բերենիսե Խուարես Նավառատեն կարևորեց ջանքերի գործադրումը հանուն տարածաշրջանում խաղաղության հաստատման և ապահով կյանքի իրավունքի պաշտպանության։
Կարդացեք նաև
Զրույցի ընթացքում Վեհափառ Հայրապետը նաև տեղեկություններ փոխանցեց Մայր Աթոռի կողմից Ադրբեջանի վերահսկողության ներքո հայտնված տարածքներում Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության պահպանության և Լաչինի միջանցքի վերաբացման ուղղությամբ տարվող աշխատանքների վերաբերյալ:
Մայր Աթոռ Ս. Էջմիածին