Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Սերժ Սարգսյանի դստեր՝ Անուշ Մինասյանի դեմ հայցից դատախազությունը կհրաժարվի՞

Հունվար 19,2023 17:56

Անուշ Սերժի Մինասյանի դեմ ներկայացրած հայցից իրավասու մարմինը կհրաժարվի՞, թե՞ ոչ, կքննարկի վերադաս դատախազը: Համենայնդեպս, այսօր Հակակոռուպցիոն դատարանում այդպես հայտարարեց իրավասու մարմնի լիազոր ներկայացուցիչն այն բանից հետո, երբ պատասխանող կողմը ներկայացրեց ժառանգության իրավունքի վկայագրի պատճենն, ըստ որի՝ Ռիտա Ալեքսանդրի Սարգսյանի միակ ժառանգը հանդիսանում է Սաթենիկ Սերժի Սարգսյանը:

Հիշեցնենք, ՀՀ հակակոռուպցիոն դատարանում այսօր տեղի ունեցան ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եւ նրա ընտանիքի անդամների գործով նախնական լսումները: Ըստ հայցադիմումի, Սերժ Սարգսյանի գույքը 38 տոկոսով, իրավասու մարմինը համարում է «ապօրինի ձեռք բերված»:

Հայցադիմումում Սաթենիկ Սերժի Սարգսյանի մասով նշված է, որ 2009 թվականի մարտի 16-ից մինչեւ 2019 թվականի ապրիլի 26-ը աշխատել է առողջապահության նախարարության աշխատակազմում որպես տնտեսագետ եւ այդ ընթացքում նրա եկամուտները կազմել են մոտ երկու միլիոն դրամ: Թվաբանական հաշվարկ կատարելով՝ պաշտպանը պատասխանողի ներկայացուցչին դիմեց. «Ճի՞շտ եմ հասկանում, անձը աշխատել է տասը տարի, ստացել է, ընդհանուր առմամբ՝ երկու միլիոն դրամից մի քիչ պակաս, որը, եթե բաժանում ենք 10 տարիների վրա, ստացվում է 198 գազար դրամ, որը եթե բաժանում ենք 12 ամսվա մեջ, ստացվում է, որ անձն ամեն ամիս ստացել է 16 հազար 500 դրամ աշխատավարձ, որը որ նվազագույնից ավելի պակա՞ս է»:

Լիազոր մարմնի ներկայացուցիչն ասաց, որ հայցադիմումում զետեղված են առողջապահության նախարարության, ՊԵԿ տվյալները, որոնք էլ իբրեւ հիմք են ընդունվել: Ապա հավելեց, որ արտադատական փուլում Սաթենիկ Սարգսյանի ներկայացուցիչը հայցադիմումում նշված նյութերի վերաբերյալ առարկություններ չի ներկայացրել, այլապես դրանք վերահաշվարկի տրված կլինեին:

Պատասխանողի ներկայացուցիչը նաեւ հետաքրքրվեց՝ դատախազությունը հաշվի առե՞լ է, որ Սերժ Սարգսյանը 1993 թվականից հանդիսացել է պաշտոնատար անձ եւ օգտվել է այնպիսի արտոնություններից, որոնք թույլ են տվել սպառողական նվազագույն զամբյուղի ինչ-որ մի մաս առնվազն չվճարել, դա հայցադիմումում հաշվի առնվե՞լ է: Դատախազության լիազոր ներկայացուցիչը հայտարարեց, որ դրա ապացույցները ներկայացվեն՝ իրենք հաշվի կառնեն, մինչդեռ վիճակագրական կոմիտեն եւ այլ պետական մարմինները նման փաստեր չեն ներկայացրել: Պատասխանողը նկատեց, որ դա օրենքով սահմանված փաստ է:

Սերժ Սարգսյանի աշխատավարձերին, դրամ-դոլար-ռուբլի հարաբերակցություններին վերաբերվող հարցուպատասխանը՝  տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031