«Դա Ռուսաստանի դիրքորոշումը չէ, այլ ՄԱԿ-ի համապատասխան բանաձեւի վերարտադրությունը՝ միջազգային իրավունքի նորմերի վերարտադրություն։ Ուստի այստեղ դիրքորոշման կամ կարծիքի խնդիր չկա, ուղղակի կոնտեքստը կիրառման մի քիչ զարմանալի է»,-Aravot.am-ի հետ զրույցում ասում է միջազգային իրավունքի փորձագետ Արա Խզմալյանը՝ անդրադառնալով ինքնորոշման իրավունքի եւ տարածքային ամբողջականության սկզբունքների վերաբերյալ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի մեկնաբանությանը։
Հիշեցնենք, որ հունվարի 18-ին Լավրովը մամուլի ասուլիսի ժամանակ, խոսելով Ուկրաինայի առնչությամբ միջազգային իրավունքի նորմերի մասին, հայտարարել է, որ Ռուսաստանը հարգում է ՄԱԿ-ի կանոնադրությունը, որի համաձայն՝ կարեւոր է հարգել երկրների սուվերեն հավասարությունը եւ նրանց ինքնորոշման իրավունքը, բայց Ուկրաինայի իշխանությունը հետամուտ չէ դրանց, հետեւաբար, Ուկրաինայի իշխանությանը հնարավոր չէ օրինական համարել։
Բացատրելով ինքնորոշման իրավունքի հանդեպ ՌԴ դիրքորոշումը՝ Սերգեյ Լավրովը նշել է․ «ՄԱԿ-ի կանոնադրությունն ասում է, որ գլխավորը պետությունների սուվերեն հավասարությունն է։ Ազգերի ինքնորոշման սկզբունքը հիշատակված է առաջինը, ինչպես նաեւ պետությունների տարածքային ամբողջականությունը։ Այս երկու սկզբունքները՝ ազգերի ինքնորոշման իրավունքը եւ տարածքային ամբողջականությունը, որոնք հիշատակված են միեւնույն մակարդակում, ի սկզբանե, ՄԱԿ-ի կանոնադրության ձեւավորման եւ ընդունման ժամանակ, հարցեր էին առաջացնում՝ ի վերջո ո՞ր մեկն է առաջնայինը։
ՄԱԿ-ի բոլոր անդամները մի քանի տարի երկար քննարկել են այդ թվում նաեւ այս հարցը եւ այլ հարցեր, որոնք կապված են կանոնադրության մեկնաբանության հետ։ Արդյունքում 1970թ․-ին լույս աշխարհ եկավ եւ մինչեւ հիմա էլ իրավական ուժ ունի ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի հռչակագիրը՝ միջազգային իրավունքի զարգացող սկզբունքների եւ պետությունների միջեւ փոխհարաբերությունների մասին։ Դրանում մի ամբողջ բաժին է նվիրված պետությունների ինքնորոշմանը։ Դրանում ասվում է, որ այդ սկզբունքն ունիվերսալ է, որ կա նաեւ տարածքային ամբողջականության հարգման սկզբունք եւ որ բոլորը պարտավոր են հարգել տարածքային ամբողջականության սկզբունքը՝ այն պետությունների հանդեպ, լսեք ուշադիր, որոնց կառավարությունները հետամուտ են ինքնորոշման սկզբունքին եւ ներկայացնում են տվյալ տարածքում ապրող բոլոր ժողովուրդների հետաքրքրությունները։ Այսինքն, կանոնադրության համաձայն՝ մենք պարտավոր ենք հարգել այն պետությունների տարածքային ամբողջականությունը, որոնց կառավարությունները ներկայացնում են իրենց երկրների ողջ բնակչությանը»։
Կարդացեք նաև
Թեեւ այս հայտարարությանը հաջորդած հարցն Ուկրաինային էր վերաբերում, Լավրովը, սակայն, առհասարակ ինքնորոշման իրավունքի վերաբերյալ էր դիրքորոշում հայտնում, ուստի մասնագետից հետաքրքրվեցինք՝ սա որքանո՞վ է առնչվում կամ կարո՞ղ է առնչվել Արցախի հիմնահարցին։
Արա Խզմալյանը նախ շեշտում է, որ նշյալ երկու սկզբունքների հարաբերակցության տեսանկյունից միջազգային իրավունքում հստակ ամրագրված է, որ տարածքային ամբողջականության սկզբունքը գործում է պետությունների միջեւ հարաբերություններում, իսկ ինքնորոշման իրավունքի սկզբունքը գործում է էթնիկ խումբ-պետություն հարաբերություններում․ «Այսինքն, այս երկու սկզբունքները զուգահեռ են եւ այդքան էլ չեն հակադրվում։ Իսկ պայմանական բացառությունն առ այն, որ տարածքային ամբողջականության հարգումը պայմանավորված է ինքնորոշման իրավունքի հարգմամբ, կոնտեքստից մի քիչ դուրս է հանված։ Խոսքը նրա մասին է, որ ինքնորոշման սկզբունքը չի թույլատրում սահմանների վերանայում, այսինքն՝ պետությունից անջատում այն պարագայում, երբ տվյալ պետության կառավարությունը ներկայացուցչական է եւ հարգում է փոքրամասնության ինքնորոշման իրավունքը։ Բնականաբար, խոսքն ազգային պատկանելիությունը պահպանելու, սոցիալապես ինքնորոշվելու, մշակութային առումով ինքնորոշվելու իրավունքի մասին է։ Դրանք միջազգային իրավունքի նորմեր են։ Այս պարագայում Ռուսաստանը կոնտեքստից դուրս է հանում դրանք»։
Արա Խզմալյանի խոսքով՝ ինքնորոշման իրավունքը թույլ չի տալիս հարձակում գործել մեկ այլ պետության տարածքի վրա, անգամ եթե կարծում ես, թե այդ պետությունը չի հարգում իր բնակչության որեւէ էթնիկ խմբի ինքնորոշման իրավունքը․ «Ուրիշ հարց է, որ բավականին ծիծաղելի է այն համատեքստում, որ Ռուսաստանը հարգում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, եւ անում է նման հայտարարություն Ուկրաինայի դեմ։ Բայց ինքնին այդ հայտարարությունը մեզ օգուտ չի տալիս կամ վնասում։ Կանոնը պարզ է, իսկ վկայակոչումը՝ կոնտեքստից դուրս»։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ