Լրահոս
Օրվա լրահոսը

Բացելով «Նոր էջ» պատերազմի մասնակից երիտասարդների կյանքում. կայացավ ծրագրի հաշվետվության ներկայացման միջացառումը

Հունվար 19,2023 17:48

Հունվարի 18-ին «Հոլիդեյ ինն» հյուրանոցում տեղի ունեցավ մարտական գործողություններին մասնակցած երիտասարդների համար «Նոր Էջ» նախագծի շրջանակներում իրականացված ծավալուն աշխատանքների ներկայացումը։

Հայաստանի Մարդկային Ռեսուրսների Ասոցիացիայի հեղինակային կորպորատիվ սոցիալական պատասխանատվության նախագիծը մշակվել է մարտական գործողությունների ավարտից անմիջապես հետո և գործում է 2021թ. հունվարից:
Նախագծի նպատակն է պատերազմի մասնակիցներին և զինհաշմանդամներին սեփական կարողությունները զարգացնելու, հստակ գիտելիքներ ու հմտություններ ձեռք բերելու հնարավորություն ընձեռել՝ այդպիսով նպաստելով լիարժեք աշխատանքային կյանքին վերադառնալուն:

Արդյունքում ներկայումս «Նոր Էջ»-ի աջակցությամբ պատերազմի մասնակցած ավելի քան 850 երիտասարդի հնարավորություն ընձեռվեց կրթվելու և զարգանալու իրենց ցանկություններից և աշխատաշուկայի պահանջներից բխող ուղղություններով:

Ծրագրի ներկայացման շրջանակներում Հայաստանի Մարդկային Ռեսուրսների Ասոցիացիայի նախագահ Արփի Կարապետյանը ևս մեկ անգամ կարևորեց ծրագրի արդյունավետ կազմակերպման հենց սկզբնական շրջանից շահառուների խորքային բազայի հավաքագրումը, որում բացի ժողովրդագրական տվյալներից ներառվեց նաև տեղեկատվություն երիտասարդների կրթության, հետաքրքրությունների, կարիքների, ունակությունների և կարողությունների մասին:

Մեկնարկից ի վեր շահառուներից 854-ն արդեն ավարտել են նախագծով նախատեսված կամ ըստ ուղղորդման որևէ դասընթաց կամ կրթական ծրագիր և 185-ը ներկա պահին մասնակցում են տարատեսակ դասընթացների: Հարկ է նշել նաև, որ 52 երիտասարդ ընդունվել է աշխատանքի:

Նշվեց նաև, որ ներկա պահին նախագծին շարունակաբար գրանցվող մասնակիցների թիվը ձգտում է 2000-ի, որից 1450-ը լրացրել են կարիքների գնահատման հարցաթերթը:

Միջոցառմանը մասնակցեցին պատերազմի մասնակից երիտասարդները, ՀՀ կառավարության, ոլորտում գործունեություն ծավալող հիմնադրամների և կազմակերպությունների ներկայացուցիչները։

Հատուկ ուշադրության արժանացավ շահառուների կողմից «Նոր Էջ» նախագծի կարևորության գնահատումը և ակնկալիքների արտացոլումը։

Ծրագրի շահառու վայոցձորցի Ռաֆայել Բաբոյանը, ով մասնակցել է վարորդական իրավունքի տեսական և գործնական դասընթացներին, նշել է. «Այսպիսի մեծ մասշտաբով ծրագրեր կազմակերպելը հեշտ չէ, ես արդեն իսկ ինձ լավ եմ զգում, որ հնարավորություն ունեմ միանալ այսպիսի նախագծի: Անկեղծ ասած, մի քիչ էլ զարմացած եմ, որ երկրում այսպիսի նախագիծ ունենք»:

Իսկ Սմբատ Մկրտչյանը, ով Կոտայքի մարզում է ապրում, մեծ ոգևորությամբ արձանագրում է. «1000-ից ավել շահառու ու բոլորին անհատական վերաբերմունք. ցնցող ծրագիր է։ Շշմեցուցիչ գործունեություն եք ծավալում, մի քանի անհատով պետության գործառույթներին համարժեք աշխատանք եք իրականացնում»:

Ծրագրի շրջանակներում շահառու պատերազմի մասնակից Մանուկ Մանուկյանը նշել է․ «Բավականին մեծ աշխատանք եք կատարում, որի համար շնորհակալ եմ, սակայն ոլորտային մասով կարող եք ընդլայնել, որպեսզի մասնակիցների հետաքրքրության մակարդակը ավելի բարձրանա»:

Մասնակիցները բարձր գնահատեցին նախաձեռնության կարևորությունը և անհրաժեշտությունը՝ նշելով, որ ողջունելի է, որ ծրագիրն իրականացնում է թիրախավորված և հասցեական աջակցություն շահառուներին։

Նախագիծը շարունակական է, նպատակ հետապնդելով ներգրավել նոր գործընկերների և համատեղ ուժերով ընդլայնել աջակցության ծավալը և ուղղությունները՝ բացելով նոր էջ հայրենասիրական դժվարին ուղին անցած երիտասարդների կյանքում։ Պատերազմին մասնակցած երիտասարդները շարունակում են գրանցվել․․․

Նվիրատվություն կատարելու համար՝

Հաշվեհամար (ՀՀԴ)՝ 1570058290960400
«ՄՌ Ասոցիացիա» մարդկային ռեսուրսների կառավարման ՀԿ

Հայաստանի ՄՌ Ասոցիացիայի մասին. Հայաստանի ՄՌ Ասոցիացիան 2010 թ-ից առ այսօր ունի ավելի քան 600 անդամ և բաժանորդ Հայաստանի տարբեր ընկերություններից: Ասոցիացիայի նպատակն է համախմբել ՄՌ ոլորտի առաջատար մասնագետներին՝ ՄՌ ոլորտի հանրայնացման, մասնագիտական զարգացման, «ՄՌ ակումբ» գործնական հանդիպումների ու մարդկային ռեսուրսների կառավարման (ՄՌԿ) դաշտի բարելավման միջոցով:

«ՄՌ Ասոցիացիա» մարդկային ռեսուրսների կառավարման ՀԿ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031