2022 թվականի դեկտեմբերի 27-ին տեղի ունեցավ «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի արտահերթ նիստը, որի ժամանակ քննարկվեց նաև Արցախին հրատապ մարդասիրական աջակցություն ցուցաբերելու հարցը: Համահայկական համախմբման շնորհիվ, Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով հումանիտար ճգնաժամը մեղմելու նպատակով, առաջին փուլով, «Հայաստան» հիմնադրամը 100 տոննա պարենային մթերք է նվիրաբերել ՀՀ–ում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչությանը: Հաջորդիվ օգնությունը կլինի առաջին անհրաժեշտության դեղորայքի տեսքով:
Հիշեցնենք, որ 2021-2022թթ.–ին «Հայաստան» հիմնադրամն Արցախում իրականացրել է ավելի քան 32 միլիարդ դրամի բազմոլորտ ծրագրեր՝ ուղղված հետպատերազմյան շրջանի հաղթահարմանը։ Կառուցվել և շահագործման են հանձնվել հարյուրավոր բնակարաններ ու առանձնատներ, վերակառուցվել ու հիմնանորոգվել են դպրոցներ ու մանկապարտեզներ, կառուցվել են ավելի քան 52 կմ ռազմավարական ճանապարհներ, ջրամատակարարման ցանցեր, ինչպես նաև ֆինանսավորվել են առողջապահական, կրթական, մշակութային և այլ կարևոր ոլորտների զարգացմանն ուղղված տասնյակ ծրագրեր:
«Հայաստան» համահայկական հիմնադրամ