«Սա հանցավոր շարունակական անգործության օրինաչափ հետևանքն է այսպիսի ծանր կորուստներով»,- «Մեդիա կենտրոնում» «Ողբերգություն N զորամասում. ինչո՞ւ պատահեց» թեմայով քննարկման ժամանակ հայտարարեց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը՝ անդրադառնալով Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանի հրդեհին։
Արթուր Սաքունցի համոզմամբ՝ պատասխանատուները պետք է ենթարկվեն պատասխանատվության։ Նա հայտարարեց․ «ԳՇ պետը, ՊՆ նախարարը որպես պատասխանատու պաշտոնատար անձինք պետք է հրաժարական տան անհապաղ։ Այստեղ քրեական պատասխանատվության մասին չէ խոսքը, այլ քաղաքական պատասխանատվության և շարունակական անգործության հետևանքով ոչ պատշաճ կառավարման և պատասխանատվության»։
Արթուր Սաքունցը հիշեցրեց՝ բազմիցս ահազանգել են նշված զորամասում անբարենպաստ շենքային պայմանների մասին։ Նա այս առիթով վրդովվեց․ «Ասում են՝ 104 մետր քառակուսի է եղել։ Էդ քանի՞ հոգին էին այդ տարածքում տեղակայված այսքան ժամանակ։ Մեծ միջոցներ են հատկացվում, ո՞ւր են գնում ֆինանսական այդ միջոցները։ Պլանավորվե՞լ են դրանց թիրախային, նպատակային օգտագործումը։ Ինչո՞վ եք զբաղված։ Եթե մարդկանց ուղեղը զբաղված լիներ զինվորական ծառայության հետ կապված խնդիրներով, ոչ թե սրան-նրան գործի նշանակելու հարցերով՝ ոլորտից դուրս, վստահեցնում եմ, սա չէր լինի։ Դե ֆակտո փաստից հետո արձանագրել խնդիրներ, որոնց մասին արձանագրումներն արված են, բա կարդայի՞ք, լայաղ չէի՞ք անում ուշադրություն դարձնել, որ մարդիկ ասում են՝ կահավորանքը նորմալ չէ։ Սենց դեպք որ եղավ, նոր սկսում են ասել՝ վայ, չգիտեինք»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ