Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Աղետի ենք ականատես լինում. կոչ եմ անում ձեռնարկել բոլոր միջոցները Լեռնային Ղարաբաղի երեխաներին աջակցելու». Ժաննա Անդրեասյանը դիմել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ՊՀԾ-ի ղեկավարներին

Հունվար 19,2023 16:51

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը  պաշտոնական նամակներով դիմել է ՄԱԿ-ի  մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) գործադիր տնօրեն Քեթրին Ռասելին և Պարենի համաշխարհային ծրագրի (ՊՀԾ) գործադիր տնօրեն Դեյվիդ Բիսլիին: ԿԳՄՍ նախարարը բարձրացրել է Լեռնային Ղարաբաղի շրջափակման հետևանքով ստեղծված հումանիտար ճգնաժամի և կրթության իրավունքի խախտման խնդիրը, որն անդառնալի ազդեցություն ունի մարդու իրավունքների վրա։

Հիշեցնելով, որ 2022 թվականի դեկտեմբերի 12-ից Ադրբեջանի Հանրապետությունը շրջափակել է Լեռնային Ղարաբաղը Հայաստանի Հանրապետության և ամբողջ աշխարհի հետ կապող միակ ճանապարհը, ինչի մասին Ժաննա Անդրեասյանը ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրենին տեղեկացրել էր նաև իր նախորդ նամակում, նախարարը վերստին շեշտել է հումանիտար ճգնաժամի անդառնալի հետևանքների մասին։

«Բազմաթիվ դպրոցականներ և ուսանողներ, որոնք Հայաստանում էին և մասնակցում էին փոխանակման որոշ ծրագրերի, չեն կարողանում վերադառնալ Լեռնային Ղարաբաղ՝ իրենց ուսումը շարունակելու հայրենի հաստատություններում: Թեև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն ապահովել է բոլոր միջոցները՝ նրանց ուսումը Հայաստանի համապատասխան հաստատություններում շարունակելու համար, այնուամենայնիվ, տեղի է ունեցել կրթության իրավունքի շոշափելի խախտում՝ հաշվի առնելով ուսումնական ծրագրերի տարբերությունները։

Խախտվում է նաև երեխաների՝ ընտանիքում մեծանալու իրավունքը։ Տասնյակ անչափահասներ, որոնք մնացել են առանց ուղեկցության, արգելափակված են Հայաստանում կամ Լեռնային Ղարաբաղում, մինչդեռ նրանց ծնողները գտնվում են Լաչինի միջանցքի երկու կողմերում»,- մասնավորապես նշել է նախարարը՝ շեշտելով հոգեկան առողջության և ընտանիքների վերամիավորման իրավունքի հրատապ անհրաժեշտությունը:

«Մենք իսկական աղետի ենք ականատես լինում Լեռնային Ղարաբաղում թե՛ հումանիտար, թե՛ զարգացման համատեքստում՝ գրեթե մեկ ամիս տևած շրջափակման պատճառով։ Օրեցօր հրամայական է դառնում ապահովելու  երեխաների՝ ապահով միջավայրում մեծանալու անօտարելի իրավունքը, վճռական քայլեր ձեռնարկելու՝ ապահովելու համար բոլոր անհրաժեշտ պայմանները նրանց իրավունքների իրացման համար։ Ցանկանում եմ Ձեր ուշադրությունը հրավիրել այս խնդիրների վրա և կոչ եմ անում ՅՈՒՆԻՍԵՖին ձեռնարկել բոլոր հնարավոր միջոցները Լեռնային Ղարաբաղի երեխաներին աջակցելու համար»,- ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) գործադիր տնօրեն Քեթրին Ռասելին ուղղված նամակը եզրափակել է Ժաննա Անդրեասյանը:

ՄԱԿի Պարենի համաշխարհային ծրագրի գործադիր տնօրեն Դեյվիդ Բիսլիին ուղղված նամակում ևս ԿԳՄՍ նախարարն ընդգծել է, որ սննդամթերքի անբավարար մատակարարման պատճառով 2023 թվականի հունվարի 9-ից Լեռնային Ղարաբաղի 30 դպրոցների 56 նախադպրոցական խմբերը, երկարօրյա ծառայություն իրականացնող 16 հանրակրթական հաստատությունները, ինչպես նաև 41 մանկապարտեզներ ժամանակավորապես դադարեցրել են իրենց գործունեությունը։ Արդյունքում՝ 6498 աշակերտ զրկվել է կրթության իրավունքից։
«Էներգակիրների բացակայության պատճառով խաթարվել է տրանսպորտի աշխատանքը, ինչը բացասաբար է ազդել նաև գյուղական դպրոցներում ուսումնական գործընթացի վրա, որտեղ այլ բնակավայրերում բնակվող ուսուցիչները չեն կարողանում հաճախել դասերի։ ՀՀ միջին մասնագիտական և արհեստագործական ուսումնական հաստատություններում սովորող մի քանի տասնյակ ուսանողներ, որոնք մինչ շրջափակումը եղել են Լեռնային Ղարաբաղում, չեն կարողանում վերադառնալ Երևան և շարունակել ուսումը։ Միևնույն ժամանակ, ավելի քան 270 երեխաներ այս պահին չեն կարողանում վերադառնալ Լեռնային Ղարաբաղում գտնվող իրենց ընտանիքներ և ժամանակավոր խնամակալություն են ստանում Հայաստանում։ Ընդհանուր առմամբ՝ Ադրբեջանի թշնամական գործողությունների հետևանքով խախտվել են Լեռնային Ղարաբաղի շուրջ 22000 երեխաների իրավունքներն ու ազատությունները»։

Շեշտելով, որ կրթության իրավունքի խախտումն անընդունելի է և պետք է խստորեն դատապարտվի, ԿԳՄՍ նախարարն ընդգծել է, որ միջազգային հանրությունը պետք է հրատապ և արդյունավետ արձագանքի Ադրբեջանի կողմից միջազգային մարդասիրական իրավունքի խախտումներին և ձեռնարկի համապատասխան միջոցներ՝ վերականգնելու Լեռնային Ղարաբաղ և հակառակ ուղղությամբ տեղաշարժի ազատությունն ու անվտանգությունը, ինչպես նաև լուծելու ԼՂ ժողովրդի մարդասիրական կարիքները։

«Այս սարսափելի իրավիճակում կոչ եմ անում ՄԱԿի ՊՀԾին՝ որպես մասնագիտացված մարդասիրական գործակալություն, արագ ներգրավվել ճգնաժամի հաղթահարման գործընթացում՝ օգտագործելով իր տրամադրության տակ գտնվող բոլոր հասանելի գործիքները՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղի երեխաներին և ապահովելու նրանց կրթության իրավունքը»,- նշված է նամակում։

ՀՀ ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031