Լրահոս
Օրվա լրահոսը

Սերժ Սարգսյանի ընտանիքին պատկանող գույքը 38 տոկոսով համարվել է «ապօրինի ձեռք բերված»

Հունվար 19,2023 16:43

Հակակոռուպցիոն դատարանում այսօր Սերժ Սարգսյանի եւ նրա դուստրերի՝ Անուշ Մինասյանի եւ Սաթենիկ Սարգսյանի գործով կայացան նախնական լսումները: Հայցվոր կողմը ներկայացրեց հայցի հիմքը, ըստ որի` ապօրինի միջոցներով ձեռք բերված գույք են դիտարկվել եւ հօգուտ ՀՀ-ի բռնագանձման են ենթակա Սերժ Սարգսյանից՝ «Արարատ բանկ» ընկերությունում ներդրված 107 միլիոն 998 հազար 656 ՀՀ դրամ ավանդի ողջ գումարը եւ ավանդի դիմաց 2018 թվականից կուտակված տոկոսները՝ 44 միլիոն 280 հազար 352 ՀՀ դրամ: Սաթենիկ Սարգսյանից՝ հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի օրենքի իմաստով Սերժ Սարգսյանին պատկանող Երեւան քաղաքի Տերյան փողոցում գտնվող 66 շենքի 64 բնակարանը եւ Տերյան փողոցի 66 շենքի թիվ 39 հասցեում գտնվող երկու ավտոտնակները:

Հայցվորն առաջարկում է Սերժ Սարգսյանից բռնագանձել նաեւ 165 միլիոն 854 հազար 249 հազար դրամ, որպես ապօրինի ծագում ունեցող դրամական միջոցների մնացորդ: 186 միլիոն 584 հազար 328 ՀՀ դրամ էլ, ըստ հայցի, որը չի հիմնավորվել օրինական եկամուտներով, հնարավոր չէ բռնագանձել, քանի որ 2006-2021 թվականների ընթացքում փոխանցվել է, բայց հնարավոր չէ նույնականացնել փոխանցողին եւ վերադարձնել:

Հայցվորն առաջարկում է բռնագանձել նաեւ Ռիտա Սարգսյանի ժառանգներ համարվող Սաթենիկ եւ Անուշ Սարգսյաններից, Ռիտա Սարգսյանի անունով «Արարատ բանկ» ընկերությունում ներդրված 95 միլիոն դրամ ավանդը եւ սույն ավանդի տոկոսները՝ 30 միլիոն 435 հազար 935 ՀՀ դրամի չափով:

Դատավորի հարցին՝ ի՞նչ փաստական եւ իրավական հիմքերով է հարուցված հայցը, հայցվորի ներկայացուցիչն ասաց, որ իրավասու մարմինը հանգել է այն համոզման, որ Սերժ Ազատի Սարգսյանը չի ունեցել բավարար միջոցներ՝ իր կողմից թվարկված գույքը ձեռք բերելու համար, մասնավորաբար, գույքերից մեկը հաշվառված է Սերժ Սարգսյանի կրտսեր դստեր անվամբ, երբ նա դեռ ամուսնացած չի եղել, ինչը հիմք է հանդիսացել, որպես գույքի իրական շահառու դիտարկել Սերժ Ազատի Սարգսյանին: Հայցվորի ներկայացուցիչը հայտարարեց, որ Սերժ Սարգսյանի գույքը 38 տոկոսով դիտարկվել է ապօրինի ձեռք բերված:

Դատավորը հետաքրքրվեց նաեւ, թե ի՞նչ հիմքով է հայցվորը դատարանից պահանջում բռնագանձել նաեւ Ռիտա Սարգսյանի անվամբ «Արարատ բանկ» ընկերությունում ներդրված ավանդը եւ դրան հաշվեգրվող տոկոսները: Հայցվորի ներկայացուցիչը հայտարարեց, որ ավանդը ներդրվել է ամուսնության ընթացքում, համարվում է համատեղ ձեռք բերված գույք, որի իրական շահառուն հանդիսանում է Սերժ Սարգսյանը:

Մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031