Aravot.am-ի տեղեկություններով՝ գիշերը Գեղարքունիքի մարզի Ազատ բնակավայրում տեղակայված զորամասի հրդեհից այրվածքներ ստացած զինծառայողների թիվն ավելին է, քան ներկայացված է պաշտոնական տվյալներում:
Մասնավորապես, «Առավոտի» ունեցած տեղեկություններով՝ Ժիրայր անունով մի զինծառայող այս պահին գտնվում է Գեղարքունիքի կայազորային հոսպիտալում։
Մեզ հասած տեղեկությունների համաձայն, վաշտում միայն չորս հոգու է բախտ վիճակվել համեմատաբար թեթեւ այրվածքներ ստանալ, 15-ը մահացել են, 3-ը ծանր այրվածքներով վերակենդանացման բաժանմունքներում են:
Համեմատաբար թեթեւ այրվածքներ ստացած 4 զինծառայողների կյանքին վտանգ չի սպառնում, սակայն նրանք նույնպես Երեւանի տարբեր բժշկական կենտրոններում են այս պահին բուժում ստանում:
Կարդացեք նաև
ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանը Aravot.am-ին ասաց, որ ՊՆ-ն վերահաստատում է այն հաղորդագրությունը, որ հրդեհի հետեւանքով մահացել է 15 զինծառայող, վնասվածքներ ստացել՝ 3-ը:
Խոսնակը հիշեցրեց, որ տուժած զինծառայողների գտնվելու վայրի ու առողջական վիճակի մասին տվյալներ հայտնել է ԱՆ նախարարը կառավարության նիստի ժամանակ, զինծառայողների առողջական վիճակի մասին տվյալներ են հրապարակել նաեւ բուժհաստատությունից:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ