Շատ դատապարտելի է, քանի որ սա շատ լուրջ հոգեբանական բռնություն է երեխաների նկատմամբ և հատկապես այս երեխաների, որոնք արդեն իսկ հոգեբանական լուրջ տրավմաներ կրել էին, Aravot.am-ի այն հարցին, թե ինչպե՞ս կգնահատի ադրբեջանցիների գործողություններն Արցախ վերադարձող երեխաների նկատմամբ, ասաց «Երեխաների պաշտպանության ցանցի» գործադիր տնօրեն Էլեն Հարությունյանը:
Նրա խոսքով, արցախցի երեխաները այս ամբողջ ընթացքում հեռու լինելով իրենց ընտանիքներից, հարազատներից, արդեն իսկ կրել էին հանրության ավելորդ հետաքրքրասիրությունը, հիմա էլ հայտնվում են թիրախավորված տեսանյութի մեջ, որտեղ որ շատ լուրջ հոգեբանական բռնության են ենթարկվում թշնամու կողմից:
«Հատուկ արձանագրություններ կան, որոնք կարգավորում են կոնֆլիկտային և ճգնաժամային ժամանակներում առանց խտրականության երեխայի լավագույն շահի ապահովման նորմերն ու շրջանակները: Դրանք արձանագրում են, որ անկախ կոնֆլիկտային, ճգնաժամային իրավիճակից` կողմերը պարտադիր հիմքում պետք է դնեն հարգանքը և ապահովեն այն լավագույն շահը, ինչը որ տեսանյութում վառ երևում էր, որ բացարձակ պահված չէ:
Որպես երեխաների իրավունքների պաշտպանության մասնագետ` մեր տեղական լրատվամիջոցներին, քաղաքացիներին կոչ կանեի, չտարածել այն տեսանյութերը, որտեղ երևում են երեխաների դեմքերը: Պետք է խոսել երևույթի մասին, բայց չտարածել ու չաջակցել այդ քարոզչությանը»,-նշեց Էլեն Հարությունյանը:
Կարդացեք նաև
«Օրրան» ՀԿ-ի նախագահ Արմինե Հովհաննիսյանի գնահատմամբ էլ. «Հիմնական ցուցանիշը մարդկության և քաղաքակրթության, անհատի և ժողովրդի վերաբերմունքն է երեխայի նկատմամբ։ Տեղի ունեցած դեպքը խոսում է միմիայն վայրագության մասին, որի, ցավոք, վկան ու զոհն ենք՝ վերջին երեսուն տարիների ընթացքում»։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Ադրբեջանը էմոցիոնալ և հոգեբանական բռնության է ենթարկել 19 երեխաների՝ հայ լինելու համար, երեխաներից մեկն ուշաթափվել է:
Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ