ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը երեկ ասաց, որ Ադրբեջանի եւ Ղարաբաղի ներկայացուցիչները հանդիպել են, շուտով Լաչինի միջանցքի հարցը հնարավոր է լուծվի: Այսօր ԱԺ ճեպազրույցի ժամանակ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը հարցին՝ ի՞նչ տեղեկություններ ունեք այդ հանդիպման հետ կապված, ի՞նչ են պահանջել ադրբեջանցիները՝ պատասխանեց, որ Ադրբեջանն ակնհայտ նպատակ ունի Արցախը հայաթափելու. «Այդ պայմաններում Ադրբեջանի ղեկավարությունը ազդեցություն է փորձում ունենալ ՀՀ ղեկավարության վրա՝ բացի Արցախը Սյունիքում միջանցքի տրամաբանությամբ գործողություններ ծավալելու շրջանակներում: ՀՀ այսօրվա ղեկավարությունն ասում է, որ դրա պատասխանատուները ՌԴ-ն են ու Ադրբեջանը, բայց չհիշեցնելով մեր ժողովրդին, որ այդ փաստաթղթի տակ ստորագրել է նաեւ ՀՀ ղեկավարությունը: Եթե դու ստորագրել ես, որոշակի պատասխանատվություն նաեւ դու պետք է զգաս: Արցախի ազատագրական գործողությունները նաեւ հիմք են հանդիսացել ՀՀ անկախ գործունեության ու ՀՀ-ի ու Արցախի համատեղ զարգացման: Այսօր Արցախը հայտնվել է այնպիսի իրավիճակում, որ այդ անկլավային վիճակը թույլ է տալիս, որ Արցախի ղեկավարությունը որոշակի չափով տեղային պայմաններում համապատասխան հարաբերություններ ունենա Ադրբեջանի իշխանությունների, տեղական ղեկավարների հետ: Թե ինչ են պայմանավորվել, ես տեղեկություններ չունեմ, բայց կարող եմ ասել, որ միջազգային հանրությունը, ՌԴ-ն, Մինսկի խմբի համանախագահ բոլոր երկրները պետք է ջանքեր գործադրեն՝ միջանցքը բացելու եւ Արցախի հումանիտար աղետը վերացնելու համար: ՀՀ իշխանությունները այսօր վախենում են ասել, որ տարիներ առաջ ԽՍՀՄ օրենքների համաձայն Արցախն ինքնորոշվել է նույն ժամանակահատվածում, նույն պայմաններում, ինչ Ադրբեջանը, Հայաստանը: Այս իրավիճակում միանշանակ հարցի լուծումն ինքնորոշումն է»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ