Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀՀ իշխանությունները բացարձակապես չեն խառնվում ԼՂ իշխանությունների գործերին». Արթուր Հովհաննիսյան

Հունվար 19,2023 14:08

«Ես չէի շտապի այդպիսի եզրահանգումներ անել, որ խաղաղության պայմանագրի գործընթացը փակուղում է»,- այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանը:

Սարգիս Խանդանյան

Նա հիշեցրեց, որ երեկ վարչապետ Փաշինյանն ու ԱՄՆ պետքարտուղարը հեռախոսազրույց են ունեցել ու պետքարտուղարը եւս պատրաստակամություն է հայտնել որպես միջնորդ նպաստել խաղաղության պայմանագրի առաջխաղացմանը. «Մենք մեր ուղենիշներից չենք ընկճվում եւ շարունակելու ենք ամեն ինչ անել, որ դա իրականություն դառնա»:

Երեկ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ասաց, որ Ադրբեջանի եւ Ղարաբաղի ներկայացուցիչները հանդիպել են, շուտով Լաչինի միջանցքի հարցը հնարավոր է լուծվի, դրան հետեւեցին լուրերը, որ Արայիկ Հարությունյանն է հանդիպել Ադրբեջանի ներկայացուցիչների՝ ԳՇ պետի տեղակալի հետ, բայց առաջընթաց չկա այդ հարցում: Հարցին՝ դուք ի՞նչ տեղեկություններ ունեք եւ արդյոք Ադրբեջանը միջանցքի բացման հետ կապված որեւէ առաջարկ ներկայացրե՞լ է՝ Սարգիս Խանդանյանը պատասխանեց. «Այո, տեղի է ունեցել հանդիպում, դա հաստատել են նաեւ ԼՂ մեր գործընկերները: Այս հարցի շուրջ առաջընթացը Լաչինի միջանցքի բացումն է, դա է բանակցությունների առանցքում եղել եւ մինչեւ այսօր Լաչինի միջանցքը շարունակում է փակ մնալ, այսինքն, բանակցությունների արդյունքները տեսանելի չեն: Լրացուցիչ թե ինչ դետալներ են քննարկվել այդ բանակցությունների ընթացքում, ես տեղյակ չեմ»:

Արթուր Հովհաննիսյան

Հարցին՝ երբ իրավիճակը լարված էր Արցախում, խոսվեց Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանի հնարավոր պաշտոնանկության մասին, որը հերքվեց, Հայաստանի իշխանություննե՞րն են ճնշում գործադրում Արցախի իշխանությունների վրա այս հարցով՝ ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը պատասխանեց. «Նախ արձանագրենք, որ ՀՀ իշխանությունները բացարձակապես չեն խառնվում ԼՂ իշխանությունների գործերին եւ Ղարաբաղի ներքաղաքական կյանքին: Սա նորմալ է եւ հենց այսպես էլ պետք է լինի, մենք ի սկզբանե էլ առաջնորդվել ենք հենց այս տրամաբանությամբ: Ձեր հարցը որեւէ կերպ հնարավոր չի հաստատել եւ դա չի համապատասխանում իրականությանը: Ինչ վերաբերում է ջանքերին, մենք բազմիցս արձանագրել ենք, թե ով ինչ պարտավորություն ունի Լաչինի միջանցքում եւ շարունակում ենք հույս հայտնել, որ բոլորը իրենց պարտավորությունները կկատարեն հնարավորինս արագ՝ հաշվի առնելով նաեւ միջազգային հանրության կողմից կատարված հստակ արձանագրումներն ու գնահատականները պատասխանատուների եւ պատասխանատվության վերաբերյալ: Մենք հույս ունենք, որ վերջիվերջո թե՛ ռուսական խաղաղապահ զորախումբը, թե՛ պատասխանատու այլ սուբյեկտներ կկարողանան լուծել այս հարցը եւ կկարողանան ստիպել Ադրբեջանի ղեկավարությանը ապաշրջափակել Արցախը եւ Լաչինի միջանցքը բացել: Լավրովի հայտարարությունները, որը հույս է հայտնել, որ կբացվի…ես չեմ ուզում որեւէ մեկին մեկնաբանել, որովհետեւ չգիտեմ, թե ինչ հիմքեր է ունեցել իր խոսքում Լավրովը»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031