Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախցի երեխաների նկատմամբ ադրբեջանցիների արարքը ոչ այլ ինչ է, քան ահաբեկում. «Վորլդ Վիժն Հայաստանի» ներկայացուցիչ

Հունվար 19,2023 13:54

Արցախցի երեխաների նկատմամբ ադրբեջանցիների արարքը ոչ այլ ինչ է, քան ահաբեկում: Այսպես պատասխանեց «Վորլդ Վիժն Հայաստանի» երեխաների իրավունքների պաշտպանության փորձագետ Աիդա Մուրադյանը Aravot.am-ի այն հարցին, թե ինչպե՞ս կգնահատի ադրբեջանցիների գործողություններն Արցախ վերադարձող երեխաների նկատմամբ։

«Մեքենայում գտնվող երեխաներն արդեն ամսից ավելի ընտանիքներից հեռու էին և սթրեսային վիճակում էին: Ադրբեջանցիների կողմից այդ արարքը, այսինքն` նրանց լուսանկարելը, հետո բաց դեմքերով հրապարակելը, բնականաբար, հոգեբանական լուրջ ճնշում է եղել երեխաների վրա: Գնահատականն այլ բան չի կարող լինել, քան երեխաների դիտավորյալ ահաբեկում: Բնականաբար սա մարդու, երեխաների իրավունքների կոպտագույն խախտում է:

Մենք փորձում ենք մեր գործընկեր կառույցների սոցիալական աշխատողների միջոցով կապ հաստատել այդ երեխաների հետ, վստահ լինելու համար, որ անհրաժեշտ օգնություն իրենք կստանան: Քանի որ մանկական վախերը, տագնապը շատ լուրջ հետևանքներ կարող է թողնել ամբողջ կյանքի ընթացքում, մենք ամեն ինչ պետք է անենք, որպեսզի թույլ չտանք, որ դա տեղի ունենա:

Կարծում եմ՝ այս և նման գործողությունները առանց համապատասխան արձագանքի թողնելը սովորական երևույթ կդառնա և բարենպաստ պայմաններ կստեղծի ապագայում ևս նման վարքագիծ դրսևորելու այդ ճանապարհով երթևեկող յուրաքանչյուր մարդու նկատմամբ՝ առավել ևս երեխաների: Ռազմական կամ լարված իրավիճակները կապ չունեն երեխաների հետ, երեխաներն անկախ այն հանգամանքից, թե որ երկրի քաղաքացի են, փախստականի կարգավիճակ ունե՞ն, թե՞ ոչ, եթե նրանք երեխա են, ապա նրանք միջազգային իրավունքի պաշտպանության սուբյեկտ են: Միջազգային իրավական այդ ակտերը վավերացրել է նաև Ադրբեջանը և այս քայլով Ադրբեջանը խախտել է, և՛ երեխաների իրավունքները, և՛ միջազգայնորեն ստանձնած պարտավորությունները:

Լինելով հասարակական կազմակերպություն՝ մենք կարող ենք ապահովել հարցի առավել հանրային հնչեղությունը, գործընկեր միջազգային կազմակերպություններին իրազեկել, ցավոք ՀԿ–ների լծակները բավականին սահմանափակ են, հետևաբար, շատ կարևորում եմ այս միջադեպին ինչպես պետական, այնպես էլ միջազգային և հասարակական կազմակերպությունների արձագանքը»,-ասաց Աիդա Մուրադյանը:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Ադրբեջանը էմոցիոնալ և հոգեբանական բռնության է ենթարկել 19 երեխաների՝ հայ լինելու համար, երեխաներից մեկն ուշաթափվել է:

Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ

Լուսանկարը Վոլդ Վիժն Հայաստան-ի ֆեյսբուքյան էջից է

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031