Լրահոս
Օրվա լրահոսը

«Ձեր մտքով կանցնե՞ր ռուսական առաջարկները փոխանցել Վաշինգթոնին՝ տվյալ աշխարհաքաղաքական իրադրության ժամանակ». Մամիջանյան

Հունվար 19,2023 13:20

Այսօր Եվրախորհրդարանում քվեարկվելու է երեկ քննարկված բանաձեւը՝ կապված Լաչինի միջանցքի փակման հետ: Այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանն ասաց, որ այն տեքստը, որն այս պահին շրջանառվում է՝ կարեւոր արձանագրումներ ունի, մասնավորապես այն, որ ԵԽ-ն կասկածի տակ է դնում ճանապարհը փակած ադրբեջանցիների իրապես ակտիվիստ լինելու տարբերակը, ինքնակոչ ակտիվիստ է անվանում. «Կարեւոր արձանագրում է այն, որ սա Ադրբեջանի կողմից նոյեմբերի 9-ի պայմանավորվածությունների խախտում է: Եվ ամենակարեւոր ու Հայաստանի իշխանությունների կողմից ամենացավալի արձանագրումը կայանում է նրանում, որ ՀՀ իշխանությունները դադարել են խոսել Արցախի ինքնորոշման իրավունքների, 3 հիմնարար սկզբունքների մասին՝ Հելսինկյան եզրափակիչ ակտը, որը տեքստում հստակ նշվում է որպես հանգուցալուծման հիմնարար տարբերակ: Այսինքն, միջազգային հանրությունն իր խոսույթով մեկ քայլ առաջ է, քան ՀՀ կառավարությունը»:

Մամիջանյանն անդրադարձավ նաեւ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի՝ տարվա ամփոփիչ ասուլիսի ժամանակ հնչեցրած մտքերին, մասնավորապես, ՀԱՊԿ առաքելության մասին. «Շփման գծի երկայնքով առաջարկվում էր ՀԱՊԿ ստորաբաժանումների տեղակայում, որից ՀՀ-ն հրաժարվել է»:

Հարցին՝ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները հիմա փակուղում չե՞ն՝ Մամիջանյանը պատասխանեց, որ առկա է խաղաղության 2 բանակցություն, մեկով Արցախի վերաբերյալ հիշատակում չկա, մյուսում առկա է հիշատակում եւ առկա է ինքնորոշման հնարավորություն տարիներ անց, խոսքը ռուսական տարբերակի մասին է. «Հայաստանը համաձայնել է երկուսին էլ: Երկու անկյունաքարային տարբերություն ունեցող պայմանագրերի պայմաններում ո՞նց կարելի է երկուսին էլ համաձայնել, ո՞ր լոգիկայով: Որը որ ստացվի: Հիմնականում ստացվում է մենակ իրենց թիմի հարստանալը»:

Մամիջանյանն ասաց, որ Փաշինյանը 2021-ին ձայներ է կորզել՝ խոսելով խաղաղության օրակարգի, Արցախի հարցը երկու հիմնարար սկզբունքների հիման վրա լուծելու մասին:

Մամիջանյանը տարակուսած է. «Ձեր մտքով կանցնե՞ր ռուսական առաջարկները փոխանցել Վաշինգթոնին՝ տվյալ աշխարհաքաղաքական իրադրության ժամանակ: Պաշտոնական Երեւանը ռուսական տարբերակի առաջարկի պատասխանները Վաշինգթոնին է փոխանցում»:

Մամիջանյանը հիշեցնում է Լավրովի խոսքերը, որ պատրաստ էինք շարունակել բանակցությունները մեր ներկայացրած առաջարկների շուրջ, բայց ՀՀ եւ Ադրբեջանի ներկայացուցիչներն եկան արդեն իսկ Պրահայում կնքված պայմանավորվածություններով, որի անկյունաքարը Ալմա Աթայի հռչակագիրն է»: Մամիջանյանը հիշեցրեց, որ այդ հռչակագրին Հայաստանը միացել է վերապահումով եւ այն Արցախին վերաբերելի չի. «Եթե հիմնական բանակցողը այս սխալները գործել է, հասել է այս փուլին, էլ քանի՞  կոպեկի արժեք ունի իր ասածները՝ վավերացնելու եմ, չեմ վավերացնելու: Փաստերը այլ բան են հուշում»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031