Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախը, արցախցին հրատապ փրկության կարիք ունեն, փրկություն առանց համաձայնության՝ առանց Ադրբեջանի՛ համաձայնության. «Հայաստանի Հանրապետություն»

Հունվար 19,2023 13:16

Եթե մի որեւէ պայմանական երկիր ցեղասպանություն կամ բռնություններ, ճնշումներ իրականացնի կամ փորձի իրականացնել իր երկրում ապրող ազգային փոքրամասնությունների նկատմամբ, ՄԱԿ-ը կամ որեւէ այլ կառույց, անգամ որեւէ այլ երկիր գործնական միջամտություն կիրականացնեն տվյալ երկրում: Եթե, իհարկե, դա համընկնի իրենց աշխարհաքաղաքական շահերին, կամ որեւէ պատճառով, պատրվակով դա իրենց անհրաժեշտ լինի…

Եթե անգամ երեւակայության ամենավերջին նշույլով մի պահ պատկերացնենք, թե Արցախն ու Ադրբեջանը մի երկիր են, ապա այս պահին Արցախում ստեղծված իրավիճակին՝ Ադրբեջանի կողմից շրջափակմանը միջազգային արձագանքը գործնական առումով համարժեք չէ…

Առաջին հարցը կամ, այսպես ասած, հակափաստարկը, որ սովորաբար հնչում է, այն է, թե տվյալ երկրի կառավարությունը պետք է համաձայնություն տա: Ինչպես ասվում է հանրահայտ հարցադրման մեջ՝ իսկ բարոյակա՞ն մարդ էր, արդյոք, «հանգուցյալը»…

Կներեք, իսկ Սերբիայի կառավարությունը 1999 թ. համաձայնություն տվե՞լ էր իր քաղաքների վրա ՆԱՏՕ-ի ավիահարվածներին, ընդ որում՝ առանց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հաստատման:

Իսկ 2022 թ. Ուկրաինայի կառավարությունը համաձա՞յն էր, որ Ռուսաստանը հատուկ ռազմական գործողություն կամ պատերազմ նախաձեռնի:

Իսկ 1979 թ. Աֆղանստանի իշխանությունը համաձա՞յն էր, որ ԽՍՀՄ-ը տապալի իրեն եւ զորք մտցնի իր երկիր…

Իսկ 1989 թ. Պանամայի իշխանությունները համաձա՞յն էին, որ դեկտեմբերին ԱՄՆ-ը իրենց դեմ ռազմական գործողություններ սկսի…

Իսկ 1992 թ. Սոմալիի իշխանությունները համաձա՞յն էին, որ իրենց երկիր մուտք գործեն ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերը…

Իսկ 2011 թ. Լիբիայի իշխանությունները համաձա՞յն էին, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը իրենց դեմ պատժամիջոցներ կիրառելու բանաձեւ ընդուներ…

Իսկ…

Անկախ այս թվաբանությունից, աշխարհագրությունից, քաղաքականությունից ու չգիտեմ ինչից՝ Արցախը, արցախցին այս պահին հրատապ փրկության կարիք ունեն, փրկություն առանց համաձայնության՝ առանց Ադրբեջանի՛ համաձայնության:

Գագիկ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031