Երեւանում նոր նախաձեռնություն է ծնվել՝ մարդիկ ձեռք են բերել օդի աղտոտվածությունը չափող սարքեր եւ միացել են միջազգային ընդհանուր ցանցին, որը զբաղվում է օդի աղտոտման չափումներով եւ ամենօրյա տվյալներ է հրապարակում, թե աշխարհի որ կետում էկոլոգիական վիճակն ինչպիսին է։ Նպատակը տեղեկացնելն է բնակչությանը, թե ինչ օդ են մարդիկ շնչում։ Սա քաղհասարակություն չէ, այլ բարի կամքով միավորված մարդկանց առաքելություն, որին միացել են նաեւ որոշ հայաստանցիներ, եւ մեր թերթը որոշել է լուսաբանել այդ գործընթացը, իսկ կայքում ամենօրյա ռեժիմով տեղադրել օդի աղտոտվածության տվյալները՝ այլ մայրաքաղաքների հետ համեմատության մեջ։ Այս առաջարկը մեր թերթին արել է դիվանագետ, ԱԳ նախկին փոխնախարար, տարբեր երկրներում, այդ թվում՝ Հնդկաստանում, Բանգլադեշում, Նեպալում, Լիտվայում արտակարգ եւ լիազոր դեսպան աշխատած Արմեն Մարտիրոսյանը։ Այսօր դիվանագետը, որն այլեւս դեսպանի պաշտոն չի զբաղեցնում, որոշել է զբաղվել մթնոլորտի աղտոտվածության չափումներով։ Ասում է, որ այդ միտքը ծագել է իր աշխատած երկրներում տիրող էկոլոգիական աղետն անձամբ դիտարկելու ժամանակ։
«Ինձ համար շոկ էր, երբ Հնդկաստանի բժիշկները մեզ խորհուրդ տվեցին՝ 6 ամիսը մեկ թոքերի ֆլուորոգրաֆիա անցնել։ Ես այդպիսի բան ոչ մի տեղ չեմ տեսել։ Մանավանդ, երբ ջերմաստիճանն ընկնում էր, աղտոտված փոշին, գազերն իջնում էին ներքեւ, եւ տեսանելիությունն այնպես էր ընկնում, որ օդանավակայանը փակում էին։ Սկսեցի ուսումնասիրել հետեւանքները, առաջին հերթին՝ օնկոլոգիական եւ շնչուղիների հիվանդությունների վիճակագրությունը երիտասարդների ու երեխաների մոտ։ Այդ ամենը կար բաց աղբյուրներում։ Դելիում ապրելու 6 տարին ինձ համար ահավոր ծանր էր։ Դելիից հետո իմ նշանակումը եղավ Լիտվա, որտեղ սար ու ձորի տարբերություն կար Հնդկաստանի հետ»,- հիշում է դիվանագետը։
Դելիում նա գնել եւ հետագայում Երեւան է բերել լազերային անալիզատոր՝ հատուկ սարք, որը վերլուծում է օդի բաղադրությունը եւ 6 կոմպոնենտով ցուցադրում էկրանին։ Այն գործի դնելով՝ Երեւանում երկրորդ ցնցող բացահայտումն է արել․ «Երբ օդի ջերմաստիճանն ընկնում է, այստեղ մթնոլորտի հագեցվածությունը վտանգավոր նյութերով ավելի մեծ է, քան Դելիում»։ Մինչեւ 2015 թվականն աշխարհում աղտոտվածության ամենամեծ աստիճան ունեցող մայրաքաղաքը Պեկինն է եղել։ Չինաստանի ղեկավարությունը կատարել է որոշակի բարեփոխումներ, եւ 2016-ին աղտոտվածության ցուցանիշով առաջին տեղում հայտնվել է Հնդկաստանի մայրաքաղաքը։
Արմեն Մարտիրոսյանը մեզ ցույց է տալիս օդի աղտոտվածությունը ցուցադրող հավելվածի տվյալներն իր բջջայինում։ Հյուսիսային պողոտայում 2023 թվականի հունվարի 17-ին, ժամը 15.00-ին օդի աղտոտվածության ցուցանիշը 233 էր, Դելիի ցուցանիշը՝ 180-ին մոտ, Թեհրանինը՝ 87, Բաքվինը՝ 80։ Մարտիրոսյանը բացատրում է, թե ինչ են ասում այս թվերը։
«Այստեղ երեւում է կոշտ մասնիկների չափը։ Անգլերեն կոչվում է particulate matter, այսինքն՝ կոշտ մասնիկներ, տարբեր չափերի՝ 2,5, 10 կամ 1։ Որքան կոշտ մասնիկն ավելի փոքր է, այնքան ավելի արագ է անցնում արյան մեջ։ Կա անառողջ աղտոտվածություն, կա անառողջ աստիճան, որը մերն է։ Փարիզինը, որը մեծ մեգապոլիս է, 20-ի սահմաններում է։ Մոսկվայում, Սկոլկովո դպրոցի կողքը 2 էր, անտառի մոտ, համարյա բնության գրկում։ Մոսկվայում այդ նույն ժամանակ 20 էր, իսկ մեզ մոտ՝ 180»։
Կարդացեք նաև
– Ի՞նչ է ստացվում։ Երեւանի օդն ավելի աղտոտված է, քան Մոսկվայինը, նույնիսկ Դելիի՞նը։ Ինչո՞ւ։
– Չեմ ուզում համեմատել Երեւանն ու Դելին։ Նախ, 20 մլն-ից ավելի բնակչություն ունի Դելին, ունի ծանր արդյունաբերություն քաղաքի ծայրամասերում, էլեկտրակայանները 90 տոկոսով աշխատում են քարածխի վրա։ Երեւանում արդյունաբերություն չկա, էլեկտրաէներգիան ստանում ենք գազից, որն ավելի մաքուր աղբյուր է։ Բայց Երեւանում մթնոլորտի աղտոտվածության պատճառը մեքենաների անկանոն շահագործումն է։ Հայաստանը ԵԱՏՄ-ում եղել է կատալիզատորների խոշոր արտահանող երկիրը։ Մեր տեխսպասարկման կայաններում ուղղակի վարորդներին առաջարկում են՝ եղբայր, եթե կատալիզատորը հանես, էսքան գումար կտանք, որը թույլ կտա քեզ խնայել քո վառելանյութը, եւ մեքենայի հզորությունը կմեծանա։ Մեր կիսագրագետ վարորդներն էդ 50-60 դոլարի համար՝ կախված մեքենայի տիպից, կատալիզատորները հանել են, եւ այսօր Հայաստանի ու Երեւանի մեքենաների մեծ մասը շահագործվում է առանց այդ կատալիզատորների։ Երկրորդ պատճառն անկանոն շինարարությունն է, ծառահատումներն ու նորմալ ծառատունկ չանելը։ Ամեն մարդ կարող է իր գարաժի կամ բեսեդկի համար ծառ կտրել, ու ոչ ոք ոստիկանություն չի զանգի։ Ամենավտանգավորն այն է, որ մեր ժողովուրդը համակերպվում է այս վիճակի հետ։
Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: