Արցախի շրջափակումը բավականին լուրջ սոցիալ-տնտեսական հետևանքներ, բացասական սպասումներ է առաջացրել և՛ Հայաստանի, և՛ Արցախի Հանրապետություններում: «Փաստի» հետ զրույցում նման կարծիք է հայտնել տնտեսագետ Սուրեն Պարսյանը:
«Մինչև 2020 թվականը Հայաստանի և Արցախի տնտեսությունները բավականին սերտ ինտեգրման մեջ էին: Արցախը ոչ միայն ՀՀ անվտանգության վահանն էր, այլև ՀՀ-ի համար կարևոր, էական տնտեսական ներուժ էր ապահովում: Իրավիճակը փոխվեց 2020 թ. նոյեմբերի 10-ից հետո, երբ ՀՀ գործող իշխանությունները հանձնեցին Քարվաճառի, Քաշաթաղի շրջանները, որտեղ կենտրոնացված էին նաև խոշոր էներգետիկ ռեսուրսներ, հանքեր: 2020 թ.-ից հետո Արցախից եկող տնտեսական ներուժը ՀՀ տնտեսության համար կտրուկ նվազել է: Հիմա ճիշտ հակառակն է՝ ՀՀ-ն է էլեկտրաէներգիա, սնունդ մատակարարում Արցախին»,ասաց տնտեսագետը՝ շեշտելով, որ այնպիսի ճգնաժամերի պարագայում, ինչպիսին այսօր է, ակնհայտ են դառնում ԱՀ և ՀՀ տնտեսության մեջ առկա խնդիրները:
Նա շեշտեց մի քանի ուղղությունների մասին, որոնք վերանայման կարիք ունեն հատկապես Արցախում. «Ընդհանուր առմամբ, բավականին լուրջ հետևություններ պետք է արվեն նաև ապագայի համար՝ հաշվի առնելով, որ նման իրավիճակները կարող են կրկնվել: Արցախում, նաև ՀՀ հարավային շրջաններում որոշակի պաշարներ պետք է կուտակել, համապատասխան ենթակառուցվածքների ստեղծման կարիք ևս կա»: Սուրեն Պարսյանն ընդգծեց, որ 44-օրյա պատերազմից հետո ՀՀ-ի կողմից իրականացված սոցիալ-տնտեսական ծրագրերը ցածր արդյունավետություն ունեին:
«Արցախցիների սոցիալական, տնտեսական բարեկեցության խնդիրները չէին կարող լուծվել զուտ նրանց գումարներ, նպաստներ բաժանելով: Պետք է գիտակցել, որ Արցախը մայր Հայաստանի մի մասն է, և հենց այդ տրամաբանությունից ելնելով քայլեր իրականացնել: Ձեռնարկությունների, տնտեսական ներուժի ստեղծման անհրաժեշտություն կա, որ մարդիկ կարողանան արժեք ստեղծել: Բայց երկու տարվա ընթացքում ՀՀ կառավարությունը միայն գումար տալու համատեքստում էր դիտարկում Արցախը՝ հայտարարելով, թե գումար է տալիս ճանապարհի, նպաստների համար, կոմունալ ծախսերի փոխհատուցման համար: Սա հարցի լուծում չէր, ավելի համակարգված աշխատանքի կարիք կար: Այդ անհրաժեշտությունը կա նաև այսօր: Ավելի լուրջ պետք է մոտենալ այդ հարցին, ինչը, սակայն, ոչ միայն ցանկության, այլև մտավոր կարողության հարց է. ՀՀ կառավարությունն այդ ռեսուրսը չունի: Անգամ ՀՀ-ում չեն կարողանում սոցիալ-տնտեսական ծրագրեր իրականացնել, էլ ուր մնաց Արցախում իրականացնեն կամ խորհրդատվություն տրամադրելու տեսանկյունից օգնեն»,նկատեց տնտեսագետը:
Կարդացեք նաև
Աննա ԲԱԴԱԼՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։