Լրահոս
Օրվա լրահոսը

«Դա չի նշանակում, որ մենք պետք է փորձենք գտնել քավության նոխազների եւ ամեն ինչ փաթաթենք մեկ մարդու վզին». Սուրեն Պապիկյանի հրաժարականի պահանջի մասին

Հունվար 19,2023 12:34

ԱԺ ճեպազրույցներն այսօր ՔՊ պատգամավորները սկսեցին 1 րոպե լռությամբ հարգելով Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում հրդեհի հետեւանքով զոհված 15 զինծառայողների հիշատակը:

ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը մատնանշեց այն, որ դեպքի հետ կապված բանակում պաշտոնանկություններ են եղել: Ինչպես տեղեկացրել ենք, ազատվել են 2-րդ բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Վահրամ Գրիգորյանը, 2-րդ բանակային կորպուսի շտաբի պետ-կորպուսի հրամանատարի տեղակալ, գնդապետ Միհրան Մախսուդյանը 2-րդ բանակային կորպուսի հրամանատարի տեղակալ թիկունքի և ԿՇԾ գծով, թիկունքի պետ, գնդապետ Շիրազ Խաչատրյանը եւ այլք:

Արթուր Հովհաննիսյանն ասաց, որ համապատասխան մարմինները կպարզեն դեպքի հանգամանքները: Լրագրողները հարցրեցին՝ այս ողբերգությունը պատճառ չէ՞, որ բացի ձեր նշած պաշտոնյաներից, նաեւ հրաժարական ներկայացնի ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանը, այսինքն, իրավական գործընթացներից զատ նաեւ հետեւի քաղաքական պատասխանատվություն: Արթուր Հովհաննիսյանը պատասխանեց. «Քաղաքական պատասխանատվության մասին կխոսենք, երբ որ դեպքի հանգամանքները կպարզվեն: Բայց մենք այս առիթով էլ նաեւ ցավալիորեն պետք է նշենք, որ ողբերգական դեպքերից հետո նոր սկսում ենք մտահոգվել, սկսում ենք զբաղվել: Խոսքը վերաբերում է բոլոր քաղաքացիներին առհասարակ՝ տնտեսվարողներից սկսած: Գոյություն ունեն օրենքներ, կանոնակարգեր, որոնց պահպանման դեպքում նման ողբերգական դեպքեր չենք ունենա, հիշում ենք «Սուրմալուի» դեպքը: Մենք պետք է ամեն ինչ անենք, որ բացառենք նման երեւույթները եւ ինչպես վարչապետն էլ նշեց, ընդհուպ ֆիզիկապես փակենք բոլոր այն օբյեկտները, որտեղ չեն պահպանվում այս նորմերը, որովհետեւ արդյունքում մենք մեր հայրենակիցներին ենք կորցնում: Ինչ վերաբերում է քաղաքական պատասխանատվությանը, քաղաքական եւ քրեաիրավական պատասխանատվության մասին կխոսենք, երբ որ դեպքի մանրամասներն ամբողջությամբ պարզ կլինեն»:

Լրագրողները ճշտեցին՝ այսինքն, չե՞ք բացառում, որ կլինի՝ նա պատասխանեց. «Կներեք, էլի, հիմա ողբերգական դեպք է տեղի ունեցել եւ ես կարծում եմ՝ այս հարցն այս պահին տեղին չի, քանի դեռ հանգամանքները պարզված չեն: ՊՆ նախարարը, այո, քաղաքական պատասխանատուն է, մենք բոլորս ենք պատասխանատու, իշխանությունն է պատասխանատու բոլոր տեղի ունեցած իրավիճակների համար մեր երկրում, բայց դա չի նշանակում, որ մենք պետք է միանգամից փորձենք գտնել քավության նոխազների եւ փորձենք ամեն ինչ փաթաթել մեկ մարդու վզին»:

Նա ասաց, որ պետք է քննություն լինի ու պատասխանատվության կենթարկվի այն մարդիկ, որոնք պատասխանատվության տիրույթում է եղել դա:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031