Լրահոս
Օրվա լրահոսը

Պետք է ունենանք երաշխիքներ, որ երեխաներին տեղափոխող ավտոմեքենան այլեւս չկանգնեցնեն, որ խաղաղապահների հետ մեկտեղ երեխաներին ուղեկցեն նաեւ Կարմիր խաչի ներկայացուցիչները. Գեղամ Ստեփանյան. «Հրապարակ»

Հունվար 19,2023 12:04

Կապ հաստատեցինք Ստեփանյանի հետ եւ հետաքրքրվեցինք՝ այսօր դեռ քանի՞ արցախցի երեխա է շրջափակման հետեւանքով մնացել Հայաստանի Հանրապետությունում, ի՞նչ քայլեր են ձեռնարկվում նրանց տուն վերադարձնելու ուղղությամբ։ Այս եւ այլ հարցերի մասին զրուցեցինք Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանի հետ:

– Երեկ տեղեկացանք, որ 19 արցախցի երեխա, մեծ դժվարություններով, ադրբեջանական սադրանքին դիմադրելով, Գորիսից Ստեփանակերտ է տեղափոխվել: Այժմ քանի՞ արցախցի երեխա կա Հայաստանի տարածքում:

– Հայաստանում այս պահին կա ավելի քան 250 երեխա, բայց նրանցից ոչ բոլորն են առանց ծնողական խնամքի: Շատերը՝ մոր, շատերը հոր հետ են: Սակայն կան նաեւ դեպքեր, որ հայրն ու մայրը մեկ երեխայի հետ մնացել են Հայաստանում, մյուս երեխան մնացել է Արցախում մենակ: 70 երեխա, առանց ծնողական խնամքի, մնացել է Հայաստանում:

– Երեկ տեղեկացանք, որ Շուշի-Քարինտակ հատվածում՝ ճանապարհի շրջափակված մասում, դիմակավորված ադրբեջանցիները կանգնեցրել են երեխաներին տեղափոխող ավտոմեքենան, բանը հասել է նրան, որ վախից մի երեխա է ուշաթափվել:

– Այո, Շուշի-Քարինտակ հատվածում՝ ճանապարհի շրջափակված մասում, որտեղ տեղակայված են էկոակտիվիստ ձեւացող ադրբեջանական կառավարական գործակալները եւ նրանց սպասարկող լրագրողները, մեքենան կանգնեցվել է ադրբեջանցիների կողմից։ Այնուհետեւ մեքենային են մոտեցել քաղաքացիական հագուստով, դեմքերը փակած 10-15 ադրբեջանցիներ՝ տեսախցիկներով։ Նրանցից ոմանք ներխուժել են մեքենա եւ նկարահանել մեքենայում գտնվող երեխաներին։ Իրարանցման հետեւանքով երեխաներից մեկն ուշաթափվել է:

– Ամեն դեպքում ստացվում է, որ այս իրարանցումն առաջացել է ռուս խաղաղապահների թողտվության պատճառով: Ինչո՞ւ են ադրբեջանցիներին թույլ տվել մոտենալ երեխաներ տեղափոխող ավտոմեքենային, բարձրանալ մեքենա: Այս հարցի պատասխանը չե՞ք փորձել ստանալ:

– Ոչ թե չենք փորձել պարզել, այլ տեղեկացել ենք միայն, որ երթեւեկելի հատվածում ադրբեջանցիները մեքենան կանգնեցրել են՝ նրանք էլ կանգնել են:

– Նշում եք, որ 250 արցախցի երեխա տուն վերադառնալ չի կարողանում: Այս մասով քայլեր արվո՞ւմ են, թե՞ ոչ:

– Հստակ ինֆորմացիա չունեմ, քննարկումներ լինում են այդ մասով` Կարմիր խաչի հետ, սակայն ես երեկ անգամ տեղյակ չէի, որ 19 երեխա պետք է Արցախ տեղափոխվի: Հնարավոր է, որ առաջիկայում եւս աշխատանքներ արվեն, սակայն եկեք հաշվի առնենք երեկ տեղի ունեցած դեպքը: Պետք է երեխաների անվտանգության մասին մտածենք, նաեւ պետք է ունենանք երաշխիքներ:

– Ինչպե՞ս եք դա պատկերացնում, ի՞նչ երաշխիքներ:

– Երաշխիք, որ երեխաներին տեղափոխող ավտոմեքենան այլեւս չկանգնեցնեն, որ ռուս խաղաղապահների հետ մեկտեղ երեխաներին ուղեկցեն նաեւ Կարմիր խաչի ներկայացուցիչները: Ադրբեջանցիների հետ ցանկացած կոնտակտ պետք է բացառվի:

Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031