Ռազմական ոստիկանության նախնական տվյալներով, Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի հրդեհային անվտանգության կանոնների խախտման արդյունքում տեղի է ունեցել բռնկում, որի ժամանակ օգտագործվել է արգելված միջոց՝ ավտոբենզին, որը հնարավոր չի եղել հետագայում մարել։ Այս մասին այսօր կառավարության նիստում ասաց պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն՝ անդրադառնալով նշված զորամասում տեղի ունեցած հրդեհին, որի հետեւանքով 15 զինծառայող զոհվել է, 3 զինծառայողի վիճակը գնահատվում է ծանր։
Քննչական կոմիտեի ղեկավար Արգիշտի Քյարամյանն էլ հայտնեց, որ դեպքի առթիվ վարույթ է հարուցվել ․«Կա վարկած, որ հրդեհը տեղի է ունեցել ջեռուցման հետ կապված հարցում անվտանգության կանոնների խախտման պատճառով։ Սա նախնական վարկած է, որը այս պահին բավականին հիմնավորվել է»։
Նիկոլ Փաշինյանն էլ հավելեց, որ հրշեջ ծառայությունը պատշաճ ժամանակվա ընթացքում հասել է դեպքի վայր։
«Պարզել ենք, որ 2022 թվականի դեկտեմբեի 21-ի ԶՈՒ ԳՇ պետը ստորագրել է կարգադրություն՝ ԶՈՒ զորամասերում տեղի ունեցած հրդեհների եւ դրանց կանխարգելման մասին եւ հստակ հրաման է տվել թե ինչ պետք է անել հակահրդեհային կանոնները պահպանելու համար՝ խստիվ արգելել վառարանների շահագործման համար որպես կպչան ավտոբենզին, նեֆրազ եւ այլ տեսակի դյուրավառ հեղուկների օգտագործումը։ Դրանք պահպանել այլ հեղուկներից առանձին»,-ասաց Փաշինյանը։
Կարդացեք նաև
«Հինգ լիտրանոց տարայով փորձ է արվել լցնել վառարանի մեջ, երբ արդեն բաց կրակ է եղել, այրվել է ոչ միայն վառարանը, այրվել է նաեւ բենզինը, հրդեհն անցել է վառարանը վառել փորձող սպային, որից հետո, էլի նախնական տվյալներով, ինքնապաշտպանական բնազդով էդ հինգ լիտրանոց բենզինը շպրտվել է զորամասի կացարանի ուղղությամբ։ Ենթադրում եմ՝ ոչ դիտավորյալ»,-նշեց Փաշինյանը։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ