Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե ԵՄ հանձնաժողովը և նախագահն ուզում են իրենց հայելու մեջ նայել կարողանալ, պետք է կանխեն այս անմարդկային աղետը Լեռնային Ղարաբաղում»․ Եվրախորհրդարանի պատգամավոր

Հունվար 19,2023 10:35

«Ինչո՞ւ պետք է Կովկասը լինի ռազմական գործողությունների տարածք, եթե ոչ բարգավաճող տարածք»,- Եվրոպական խորհրդարանի հունվարի 18-ի լիագումար նիստի ընթացքում հրավիրված «Լեռնային Ղարաբաղում շրջափակման մարդասիրական հետևանքները» վերնագրով հրատապ բանավեճ-քննարկման ժամանակ հայտարարեց Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Վիոլա ֆոն Կրամոն-Տաուբադելը։

Նա, դիմելով գործընկերներին, ասաց․ «Եկեք պատկերացնենք բոլոր հնարավորությունները։ Գնացքը գնում է Բաքվից -Երևան և հակառակը։ Երբեմնի բարեկամները, որոնք թշնամացել են, նորից բարեկամներ են դառնում։ Ներդրումները հոսում են, Կովկասը բարգավաճում է։ Այս իրավիճակի հաստատման համար 120 հազար հայերը, որոնք այժմ գտնվում են անմարդկային շրջափակման մեջ, պետք է հնարավորություն ունենան ապրել խաղաղության մեջ, առանց էթնիկ զտման վախի»։

Եվրախորհրդարանի պատգամավորները կոշտ ելույթներ ունեցան Ադրբեջանի դեմ՝ պահանջելով բացել Լաչինի միջանցքը։ Նրանցից որոշները հայտարարեցին, որ այսպես կոչված «բնապահպանական ակտիվիստներին» Ադրբեջանի իշխանություններն են ֆինանսավորում։ Նրանցից շատերը քննադատեցին նաև ՌԴ-ին։ Վիոլա ֆոն Կրամոն-Տաուբադելը հայտարարեց․ «Ռուսաստանը քաոս է ստեղծում դրանից շահ ստանալու համար։ Մինչդեռ ԵՄ-ն ինքը պետք է երկու երկրներին բերի կայուն խաղաղություն, որովհետև մեր եվրոպական արժեքներից է բխում տեսնել խաղաղ և բարգավաճող Կովկաս»։

Նատալի Լուազոն քննադատեց Ռուսաստանին․ «Ասում են՝ իբր ռուս խաղաղապահները ապահովում են Լաչինի միջանցքի անխափանությունը։ Իրականում նրանք ոչինչ չեն անում։ Իրականում ՌԴ-ն ամեն ինչ անում է, որ այս թունավոր հակամարտությունը մնա չլուծված։ Այն, ինչ անում է Ալիևը, ավելին է, քան շրջափակումը։ Իսկ ի՞նչ ենք մենք՝ եվրոպացիներս, անում։ Ոչինչ»։

Պատգամավոր Բերտ-Յան Ռաուսենը ևս քննադատեց Ռուսաստանին․ «Հասկանալի է, որ Ադրբեջանն է կանգնած այս ամենի հետևում։ Վերջերս այդ երկիրը նաև հարձակվեց ՀՀ տարածքների վրա։ Սա պետք է դադարեցնել։ Հասկանալի է, որ ՌԴ-ն չի հարգում 2020-ի պարտավորությունները, և մենք պետք է մեր պարտավորությունները կատարենք։ Պետք է ավելի մեծ թվով եվրոպացի դիտորդներ ուղարկենք և ավելի մեծ ճնշում գործադրենք Բաքվի վրա»։

Պատգամավոր Միխելսն էլ ահազանգեց․ «Մարդիկ սառչում ու քաղցում են Լեռնային Ղարաբաղում։ Նրանց պետք է օդային կամուրջ։ ԵՄ-ն պետք է դադարեցնի երկակի ստանդարտները, որովհետև մենք գիտենք, որ Ադրբեջանի գազին տիրապետում է Ռուսաստանը։ Եթե ԵՄ հանձնաժողովը և նախագահն ուզում են իրենց հայելու մեջ նայել կարողանալ, պետք է կանխեն այս անմարդկային աղետը Լեռնային Ղարաբաղում ՄԱԿ-ի և ԵԱՀԿ-ի միջոցով»։

Նա նշեց, որ ամոթալի կլինի ԵՄ-ի համար կիրառել երկակի ստանդարտներ ադրբեջանական գազի պատճառով։

Պատգամավոր Էմանուիլ Ֆրակոսը հայտարարեց․ «Հայ բնակչությանը օդային կամրջի միջոցով փրկելը նվազագույնն է, որ պետք է անենք մինչև այս շաբաթվա վերջ»։

Պատգամավոր Ֆաբիո Մասիմո Կաստալդոն էլ կարևորեց, որ ԵՄ մոնիտորինգային առաքելությունը կարողանա հասանելիություն ունենալ Լաչինի միջանցքին։

ԵՄ հանձնակատար Ադինա-Լոանա Վալեան, ամփոփելով քննարկումը հայտարարեց, որ ԵՄ-ն շատ ուշադիր հետևում է Լաչինի միջանցքի հետ կապված իրավիճակին։ Նա ևս մեկ անգամ կրկնեց ԵՄ-ի դիրքորոշումը՝ անհապաղ բացել Լաչինի միջանցքը և դադարեցնել ճնշումները քաղաքացիական բնակչության նկատմամբ։ Նաև հայտնեց, թե անվտանգային ինչ ծրագրեր են իրականացվում ու վստահեցրեց՝ ԵՄ-ն պատրաստ է աջակցել վստահության կառուցման և խաղաղության հաստատման բոլոր բանակցություններին։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031