«Ադրբեջանի իշխանություններին, որոնք իմ դեմ վհուկների որս են սկսել, ուզում եմ զգուշացել, որ դուք ոչ ինձ կվախեցնեք, ոչ էլ կլռեցնեք։ Ձեր հարձակումները բացահայտում են ձեր թուլությունը։ Դու իջել եք օրենքից ցածր։ Բայց ես չեմ իջնի։ Ես, հետևելով Միշել Օբամայի օրինակին, կասեմ՝ երբ դուք իջնում եք, ես բարձրանում եմ»,- Եվրոպական խորհրդարանի հունվարի 18-ի լիագումար նիստի ընթացքում հրավիրված «Լեռնային Ղարաբաղում շրջափակման մարդասիրական հետևանքները» վերնագրով հրատապ բանավեճ-քննարկման ժամանակ հայտարարեց այս թեմայով բանաձևի հեղինակներից, Եվրոպական խորհրդարանում Հարավային Կովկասի հետ հարաբերությունների պատվիրակության ղեկավար Մարինա Կալյուրանդը։
Նա, փաստելով, որ Ադրբեջանը փակ պահելով Լաչինի միջանցքը, առաջացրել է սուր հումանիտար ճգնաժամ, նաև բարձրաձայնեց բորբոքող և սադրող ադրբեջանական բարձր մակարդակի հռետորաբանության մասին։ Մարինա Կալյուրանդը նշեց․ «Ամենաբարձր մակարդակով հայերին ասվում է՝ կամ ընդունեք Ադրբեջանի քաղաքացիություն կամ հեռացեք Լեռնային Ղարաբաղից։ Այս հայտարարությունները անընդունելի են մի երկրի համար, որն իրեն համարում է ԵՄ վստահելի գործընկեր։ Ես կոչ եմ անում Ադրբեջանին հարգել միջազգային հանձնառությունները, դադարեցնել Լաչինի միջանցքի շրջափակումը, ապահովել միջազգային կազմակերպությունների անարգել մուտքը Լեռնային Ղարաբաղ և սկսել բանակցություններ համապարփակ խաղաղության համաձայնագրի շուրջ, որը երաշխավորելու է Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության բոլոր իրավունքները և անվտանգությունը»։
Նա, շնորհակալություն հայտնելով բանաձևի համահեղինակներին, կոչ արեց Պալատին քվեարկել բանաձևի օգտին։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Եվրոպական խորհրդարանը բանաձևը կընդունի այսօր։
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ