«Ես Ադրբեջանի իշխանություններին պահանջում եմ դադարեցնել Լաչինի միջանցքի շրջափակումը և իրականացնել իրենց պարտավորությունները՝ համաձայն 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարության։ Ավելի քան մեկ ամիս է անցել, և Ադրբեջանի կողմից այս շրջափակումը հանգեցրել է սուր հումանիտար ճգնաժամի՝ այդ թվում մեկ մարդու մահվան»,-քիչ առաջ Եվրոպական խորհրդարանի հունվարի 18-ի լիագումար նիստի ընթացքում հրավիրված «Լեռնային Ղարաբաղում շրջափակման մարդասիրական հետևանքները» վերնագրով հրատապ բանավեճ-քննարկման ժամանակ հայտարարեց այս թեմայով բանաձևի հեղինակներից Մարինա Կալյուրանդը։
Նշենք, որ Եվրոպական խորհրդարանում այս հարցով նախագիծ է դրված շրջանառության մեջ, որը խորհրդարանը կընդունի վաղը։
Բանաձևում ամրագրված է, որ Ադրբեջանի կողմից արգելափակվել է միակ ճանապարհը, որը ՀՀ-ն կապում է Արցախին, ինչը խաթարել է ապրանքների և ծառայությունների հասանելիությունը՝ ներառյալ սննդի, վառելիքի և դեղորայքի՝ 120,000 հայերի փաստացի թողնելով շրջափակման մեջ։ Շրջափակումը հանգեցրել է հումանիտար ծանր ճգնաժամի, որը զգալիորեն ազդել է առավել խոցելի բնակչության վրա։
Բանաձևում մասնավորապես ամրագրված է․ «Ծանր հիվանդների տեղափոխումը գրեթե անհնար է, ինչի պատճառով արդեն մեկ մահ է գրանցվել։ Հարյուրավոր ընտանիքներ բաժանված են։ Ադրբեջանը, պահելով Լաչինի միջանցքը փակ, խախտում է 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ներքո ստանձնած միջազգային պարտավորությունները, որի համաձայն՝ Ադրբեջանը պետք է երաշխավորի մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների անվտանգ տեղափոխումը միջանցքի երկայնքով։ Լաչինի միջանցքի օգտագործման խոչընդոտները հետ մղեցին խաղաղության հաստատման գործընթացը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև, խաթարեցին միջազգային վստահության մեխանիզմները։ Այդ շրջափակումն առաջացնում է ողբերգական հումանիտար հետևանքներ»։
Կարդացեք նաև
Եվրոպական խորհրդարանն այս բանաձևով Ադրբեջանին պահանջում է հարգել և իրականացնել 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը և անմիջապես վերաբացել Լաչինի միջանցքը՝ ազատ տեղաշարժն ու մուտքն ապահովելու համար՝ այդպիսով երաշխավորելով անվտանգությունը տարածաշրջանում։ Բանաձևում Ադրբեջանին ներկայացված են նաև հետևյալ պահանջները․ «Ադրբեջանին կոչ ենք անում զերծ մնալ ԼՂ-ի և Հայաստանի միջև տրանսպորտային, էներգետիկ գործունեությունը խաթարելուց, խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի կողմից իրավապաշտպանների և ՔՀԿ-ների՝ քավության նոխազ դարձնելը և կոչ ենք անում ԵՄ-ի և անդամ պետությունների ներկայացուցչություններին աջակցել նրանց աշխատանքին»։
Բանաձևով Եվրոպական խորհրդարանը նաև դատապարտում է ռուս «խաղաղապահների» անգործությունը. համարում է, որ պետք է սկսել հրատապ բանակցություններ դրանց՝ ԵԱՀԿ միջազգային խաղաղապահներով փոխարինման հարցով։
Նաև խորհրդարանը կոչ է անում միջազգային կազմակերպություններին անարգել մուտք գործել Լեռնային Ղարաբաղ՝ իրավիճակը գնահատելու և անհրաժեշտ մարդասիրական օգնություն տրամադրելու համար։
Բանաձևով Եվրոպական խորհրդարանն անհրաժեշտ է համարում ՄԱԿ-ի և ԵԱՀԿ-ի փաստահավաք առաքելության ուղարկումը Լաչինի միջանցք, որպեսզի հումանիտար իրավիճակը գնահատվի տեղում։
Բանաձևում նաև ամրագրված է․ «Եվրոպական խորհրդարանը կոչ է անում ԵՄ-ին ակտիվորեն ներգրավվել և ապահովել, որ Լեռնային Ղարաբաղի բնակիչներն այլևս պատանդ չլինեն Բաքվի «ակտիվիստությանը», Ռուսաստանի կործանարար դերին և Մինսկի խմբի անգործությանը»։
Այս բանաձևը Եվրոպական խորհրդարանը կընդունի վաղը։
Քննարկման մանրամասները՝ վաղն առավոտյան։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ