Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչն է քայքայում մեր ուշադրությունը․ երկարատև սթրես, վատ տրամադրություն, վտանգի զգացում

Հունվար 19,2023 09:30

Արդյունավետ գործունեության կարևոր նախապայմաններից մեկն ուշադրությունը կենտրոնացնելու կարողությունն է, սակայն դժվար է արդյունավետ լինել երկարատև սթրեսի, բացասական լրատվության և տագնապի անընդմեջ ազդեցության պայմաններում։ Հոգեբանության պրոֆեսոր Ամիշի Ջան իր «Մտքի գագաթնակետ» գրքում պատմում է, թե ինչպես է աշխատում ուշադրությունն ու ինչպես կենտրոնացնել այն՝ հնարավորինս արդյունավետ լինելու համար։

Ուշադրությունը հզոր ուժ է, որը մեր կյանքի վրա ավելի մեծ ազդեցություն ունի, քան մենք կարծում ենք։ Սակայն մենք դժվարությամբ ենք հաղթահարում մեր ուշադրությունը նվազեցնող որոշակի գործոնները, անգամ եթե դրանք շատ ակնհայտ են։ Երբեմն մենք դրանք պարզապես չենք էլ նկատում։

Մեր ուշադրության վրա բացասաբար են անդրադառնում 3 կարևոր գործոններ՝ սթրեսը, վատ տրամադրությունն ու վտանգի զգացումը։ Միշտ չէ, որ հնարավոր է լինում դրանք տարբերակել, քանի որ հիմնականում միասին են դրսևորվում՝ շեղելով մեր ուշադրությունը։

Սթրես

Նյարդային լարվածությունը, որը սթրես ենք անվանում, ժամանակի մեջ մեզ մտովի ճամփորդության է ուղարկում։ Մեր միտքը միտում ունի շեղվել հիշողություններով և անհանգստություններով, անընդհատ նոր պատմություններ հորինել, ինչը սթրեսի աճին զուգահեռ մեզ ավելի է հեռացնում իրականությունից։

Մենք մտածում ենք անցյալում տեղի ունեցածի մասին, երբ շատ ժամանակ է անցել այդ իրադարձությունից։ Կամ էլ անհանգստանում ենք իրադարձությունների մասին, որոնք ոչ միայն դեռ չեն տեղի ունեցել, այլև ընդհանրապես կարող են տեղի չունենալ։ Եվ այդ ամենի հետ կապված մենք միայն մեծացնում ենք մեր սթրեսի մակարդակը։ Երբ երկար ժամանակ լրջորեն անհանգստանում ենք, հայտնվում ենք ուշադրությունը քայքայող ձագարում, և որքան մեծանում է անհանգստությունը, այնքան քիչ ենք կարողանում կառավարել այն, իսկ որքան քիչ ենք կառավարում ուշադրությունը, այնքան շատ ենք նյարդայնանում։

Երբ սթրեսը չափից շատ է դառնում, դա անհատական բնութագիր է։ Շատ մարդկանց համար սթրեսը խնդիր չէ, որը պետք է լուծել։ Նրանք սթրեսն ընկալում են որպես հզոր մոտիվացիա, մի բան, որը ոգեշնչում է իրենց ու ստիպում ավելի շատ աշխատել, հաղթահարել դժվարություններն ու կատարելագործվել։ Դրական սթրեսի՝ Էուսթրեսի այս տեսակը գործունեությունն առաջ մղող հրաշալի շարժիչ ուժ է, որը նպաստում է մարդու զարգացմաննն ու արդյունավետության բարձրացմանը։ Այդպիսի սթրեսը դրական շարժառիթ է, որը նպաստում է կենտրոնացմանը։

Եթե հնարավոր լիներ միշտ այդ սահմանին մնալ, հիանալի կլիներ, սակայն խնդիրն այն է, որ սթրեսի նմանատիպ օպտիմալ քանակն էլ է սկսում հրել մեզ ներքև, եթե մենք այն զգում ենք երկարատև ժամանակահատվածում, և էուսթրեսը վերածվում է դիսթրեսի։ Այսպիսով սթրեսը դառնում է ուշադրությունը քայքայող գործոն։ Ավելի ու ավելի շատ են մեզ սկսում անհանգստացնել բացասական մտքերը։ Զգոնության համակարգը սկսում է խաթարվել, և այն ամենը, ինչ տեսնում եք, տագնապի ազդանշան է թվում։

Վատ տրամադրություն

Վատ տրամադրությունը զգացողությունների մի ամբողջ փունջ է, որը կարող է ներառել կլինիկական դեպրեսիայի ախտանշաններից մինչև վատ լուրերից առաջացած տպավորությունները։
Անկախ առաջացման պատճառից ՝ վատ տրամադրությունը ներքաշում է մեզ բացասական մտքերի շրջապտույտի մեջ։ Մարդիկ, որոնք վատ տրամադրություն ունեն, ավելի շատ են դժվարանում ուշադրության հետ կապված խնդիրներ լուծելու հարցում։

Վտանգի զգացում

Երբ մենք վտանգի զգացում ունենք կամ ենթարկվում ենք վտանգի ազդեցությանը, դժվար է կենտրոնանալ կոնկրետ խնդրի վրա կամ ձգտել կոնկրետ նպատակի։
Երբ վտանգ ենք զգում, մեր ուշադրությունը փոխվում է երկու եղանակով․ (1) ավելանում է զգոնությունը և (2) ուշադրությունը դառնում է կախյալ խթաններից, որպեսզի նկատի այն ամենն, ինչ առնչվում է վտանգին։

Դա բացատրվում է մեկ պարզ պատճառով՝ գոյատևման անհրաժեշտության։ Մարդկության էվոլյուցիան ունեցել է շրջաններ, երբ անհնար էր գոյատևել առանց զգոնության։ Եթե մարդը կենտրոնանար իր գործունեության վրա և չնկատեր գիշատիչ կենդանուն, հնարավոր է մարդկության պատմությունն այդտեղ էլ ավարտվել։ Վտանգի զգացումը պետք է մարդուն վայրկենապես տեղափոխեր գերզգոնության ռեժիմի մեջ՝ չթողնելով, որ ուշադրությունը շեղվի վտանգի աղբյուրից։

Թերևս այդ հատկության շնորհիվ են մեր նախապապերը կենդանի մնացել, սակայն այն այլ հետևանքներ էլ ունի․ անընդհատ վտանգի զգացում ունենալը թույլ չի տալիս կենտրոնանալ գործունեության այլ տեսակների վրա։ Եվ կարևոր չէ, թե որքանով է իրական վտանգը, որը մենք զգում ենք։ Այդ առումով վերջին 35000 տարվա մեջ մեր գլխուղեղն այնքան էլ չի փոխվել, և երբ վստահ է, որ վտանգի մեջ ենք, արձագանքում է համապատասխանաբար՝ բաշխելով մեր ուշադրությունը, և նրան բացարձակապես չի հետաքրքրում, թե արդյո՞ք մեզ իրական վտանգ է սպառնում։

Պատրաստեց Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ

Աղբյուր

Գլխավոր լուսանկարը՝ Ռայմոնդ Հենեսսի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031