ՍԴ-ում կքննվի Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրության պարտավորությունների հարցը
ՀՀ սահմանադրական դատարանը հունվարի 10-ին որոշում է ընդունել «1998 թվականի հուլիսի 17-ին ստորագրված՝ Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործով հրավիրել նիստ: Քննությունը նշանակվել է 2023 թվականի փետրվարի 14-ին: Գործով զեկուցող է նշանակվել Սահմանադրական դատարանի դատավոր Վ. Գրիգորյանը:
Ուշագրավ է, որ դեռ 2004թ. օգոստոսի 13-ի Սահմանադրական դատարանի թիվ 502 որոշմամբ հակասահմանադրական ճանաչվեցին հետեւյալ պարտավորությունները. «1. 1998թ. հուլիսի 17-ին Հռոմում ստորագրված` Միջազգային քրեական դատարանի կանոնադրության մասին համաձայնագրում (կից հայտարարությամբ) ամրագրված այն պարտավորությունը, ըստ որի Միջազգային քրեական դատարանը լրացնում է ՀՀ ներպետական քրեական իրավազորության մարմինները (Կանոնադրության նախաբանի 10-րդ մաս եւ 1-ին հոդված), չի համապատասխանում Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 91 եւ 92 հոդվածներին: 2. Միջազգային քրեական դատարանի կանոնադրության 105 հոդվածի դրույթներով ստանձնած պարտավորությունները, որոնցով բացառվում է դատապարտված անձանց ներպետական ընթացակարգով ներման իրավունքի եւ համաներման հնարավորության իրացումը, չեն համապատասխանում Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 40 հոդվածի, 55 հոդվածի 17 կետի, 81 հոդվածի 1-ին կետի պահանջներին»: Այդ ժամանակ զեկուցողը եղել է ՍԴ նախկին անդամ Կ. Բալայանը: Գործը դատարան էր ներկայացրել ՀՀ նախագահը:
Միջազգային քրեական դատարանի կանոնադրությունն ընդունվել է 1998թ. հուլիսի 17-ին Հռոմում` Միավորված ազգերի կազմակերպության Լիազոր ներկայացուցիչների դիվանագիտական կոնֆերանսում: Կոնֆերանսին մասնակցած պետություններից 120-ը կողմ են քվեարկել Կանոնադրության ընդունմանը:
Կարդացեք նաև
Հայաստանի Հանրապետությունը Կանոնադրությունն ստորագրել է 1999 թվականի հոկտեմբերի 1-ին: Կանոնադրությունն ուժի մեջ է մտել 2002թ. հուլիսի 1-ից:
Կանոնադրությունը հայերեն թարգմանել են ՍԴ նախագահի նախկին տեղակալ Վլադիմիր Հովհաննիսյանը, ՍԴ առաջատար մասնագետ Լիանա Հակոբյանը:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
18.01.2023