Վերջերս «Էջ» հրատարակչության թողարկած Դեֆնե Սումանի «Նախաճաշի սեղանը» վեպի (թարգմանիչ՝ Կարոլինա Սահակյան, խմբագիր՝ Արմեն Հայաստանցի) արձագանքների շրջանակը գնալով ընդարձակվում է։ Հրատարակիչ Էմմա Կիրակոսյանը մեզ հակիրճ ներկայացրեց վեպի սյուժեն. «Չորս տարբեր տեսանկյուններից ներկայացնող «Նախաճաշի սեղանը» ստեղծագործությունը թաքնված պատմությունների եւ ընտանեկան գաղտնիքների մասին է։ Ընտանիքը հավաքվում է նշելու հայտնի նկարչուհի Սիրին Սակայի ծննդյան 100-ամյակը, ինչը ենթադրում է հաճելի հիշողություն, հետադարձ հայացք գցելու երկար ու բեղմնավոր ստեղծագործական կարիերային, կարճ ասած՝ մեկ դար ձգվող հիշողություններին։ Սիրինն իր անցյալում թաքցրած ինչ-որ գաղտնիքներ ունի, որ թոռներն ամեն գնով ուզում են բացահայտել, բայց չի ստացվում։ Ի վերջո Սիրինն արտահայտում է ցավն իր իմացած ձեւով՝ ճաշասենյակի պատին նկարելով իր կյանքի պատմությունը, բացահայտելով հանրային գիտակցությունից ջնջված իրողություններ եւ սեփական ընտանիքի տառապանքի պատճառը, որը նստած է սերունդների ենթագիտակցության մեջ…»։
Մեր զրուցակիցը մեկ-երկու խոսքով էլ անդրադարձավ գրողի գործերին, տեղեկացնելով, որ Սումանի առաջին գիրքը՝ «Կապույտ անտառը», ճամփորդական գրառումների ժողովածու է, որը հրատարակվել է 2011-ին, կարճ ժամանակ անց Թուրքիայի ժամանակակից եւ պահպանողական շերտերի բեւեռացման խնդիրներն են ներկայացվում գրողի «Պահմտոցի» վեպում։ Վիպագրի «Փոխառված ժամանակներ» երկում, որը լույս է տեսել 2015թ., նկարագրված է կոսմոպոլիտ օսմանյան Զմյուռնիայի կործանումը։ Ընդ որում, այս գործը միաժամանակ հրատարակվել է նաեւ Հունաստանում՝ «Շեհերազադեի լռությունը» վերնագրով։ Ինչ վերաբերում է «Նախաճաշի սեղանը» վեպին, մեր զրուցակիցը նշեց, որ այն թարգմանված է 14 լեզվով, որում հեղինակը շարունակում է ուսումնասիրել իր նախորդ վեպերի առանցքային թեմաներն ու սյուժեները՝ դրանք ներկայացնելով նոր անկյան ներքո։
Մեր խնդրանքով Էմմա Կիրակոսյանը օգնեց տեսակապով մի քանի հարց ուղղել Դեֆնե Սումանին։
– Ձեր գրքերում կարծես շեշտադրված լույս եք սփռում փոքրամասնությունների հանդեպ իրականացված հանցանքների վրա, ցույց տալիս, թե ինչ ազդեցություն են ունենում դրանք մյուսների վրա։ Չե՞ք կարծում, որ պատմությունը կրկնվում է եւ որ մարդկությունը մեծ հաշվով դասեր չի քաղում դրանից։
Կարդացեք նաև
– Բոլոր տեսակի փոքրամասնությունների նկատմամբ բռնությունը համընդհանուր երեւույթ է։ Փոքրամասնություն ասելիս նկատի ունենք նրանց, որոնք չեն համապատասխանում հեգեմոն դասակարգերի կանոններին ու նրանց գաղափարախոսությանը։ Ժամանակակից աշխարհում ամենուր ականատես ենք լինում պետությունների ու կառավարությունների ճնշող գործելաոճին, որի պատճառը ծայրահեղ ազգայնական գաղափարախոսություններն են, կրոնական ֆունդամենտալիզմը եւ հայրիշխանությունը։ Յուրաքանչյուր ոք, ով չի համապատասխանում հեգեմոն կառավարությունների կրոնական, պահպանողական, ազգայնական ու նահապետական պահանջներին, բախվում է բռնության՝ միկրո կամ մակրո մակարդակներում։ Ինչ վերաբերում է փոքրամասնություններին, ինչպիսիք են ֆեմինիստները, գեյ ակտիվիստները, կրոնական եւ էթնիկ փոքրամասնությունները, կարծում եմ, որ դասերը շատ լավ են քաղված եւ նրանք, ովքեր պատասխանատու են բռնության համար, նրանք, ովքեր օգուտ են քաղում պատմությունից՝ լռեցնելով ցանկացած հակադրվող ձայն, ջանք չեն խնայում, որպեսզի դադարեցնեն նմանատիպ այլընտրանքային համայնքների գոյությունը։ Այլապես նրանք կկորցնեն իշխանությունը։ Ժամանակակից աշխարհում հետաքրքիրն այն է, որ փոքրամասնություններն այլեւս փոքրամասնություն չեն։ Աշխարհում ընդդիմադիր ուժերն ավելի շատ են, քան իշխանության ներկայացուցիչները։ Եթե բոլոր փոքրամասնությունները միավորվեն, նրանք կստեղծեն շատ հզոր ընդդիմություն՝ պայքարելու այս համաշխարհային կապիտալիստական, պահպանողական ու ծայրահեղ ազգայնական, կրոնական հիմնարար իշխանության ներկայացուցիչների դեմ։
– Ձեր գրքերում, բնականաբար, կան տղամարդ եւ կին կերպարներ, բայց ձեր պատմությունները նախընտրում եք ներկայացնել հենց կանանց տեսանկյունից…
– Հասկանալի է ձեր հարցը։ Կանայք պատմության ընթացքում այնքան վաղուց են դիտարկվում որպես օբյեկտ (ինչը ներառում է նաեւ գրականության պատմությունը), որ կին գրողի համար դժվար է կին կերպարներին դիտարկել որպես սուբյեկտ։ Եկեք օրինակ վերցնենք սեքսի եւ ցանկության թեման։ Կինն ամենից հաճախ պատկերվում է որպես ցանկալի էակ։ Կանայք, ինչպես եւ տղամարդիկ, ցանկություններ ունեն եւ սեքսից հաճույք են ստանում։ Նույն օրինակը կարելի է բերել անկախության եւ ազատության առումով։ Որոշ կանայք, ինչպես եւ որոշ տղամարդիկ, սիրում են ազատությունը, բայց կանայք ստիպված են ավելի շատ պայքարել ազատության համար, քան տղամարդիկ։ Իմ գրքերում ես խոսում եմ կանանց ամենօրյա պայքարի մասին. ցանկացած ժամանակ թողնել-հեռանալու, սիրահարվելու (նույնիսկ եթե ամուսնացած են) ազատության՝ երեխաներին եւ տունը առաջին տեղում չդնելով՝ ժամերով իրենց սիրելի աշխատանքով զբաղվելու ազատության։ Այս ամենը սովորական է տղամարդու կամ գրքի տղամարդ հերոսի համար, բայց երբ կինն է ձգտում ազատության, մենք ասես վարանում ենք ընդունել նրան։ Ես ուզում եմ ցույց տալ, թե ինչ է նշանակում ապրել՝ լինելով կին։
– Ձեր ստեղծագործություններում բացահայտում եք պատմության անհայտ էջերը, իսկ ինչպե՞ս եք ընկալում ձեր երկրի անցյալը։ Կարո՞ղ եք այսօրվա իրականության հետ զուգահեռներ անցկացնել։
– Թուրքիայի նոր հանրապետությունում գրվեց պաշտոնական պատմություն, որում խոսք անգամ չկար նրա բռնի անցյալի մասին, այն է՝ 20-րդ դարասկզբի ոչ մահմեդական համայնքների նկատմամբ բռնությունները, նրանց բռնի տեղահանումները հայրենիքից եւ նրանց մշակութային հետքերի անհետացումը հավաքական հիշողությունից։ 20-րդ դարի ընթացքում այս պատմության բազմաթիվ վարկածներ պատմվել եւ վերապատմվել են տարբեր սերունդների քաղաքական գործիչների, դիվանագետների, պատմաբանների, լրագրողների ու արվեստագետների կողմից։ Հետեւաբար այս պատմությունը միաձայն ընդունվել է որպես գիտական պատմագրություն եւ հասարակական գիտակցության գլխավոր վարկած։ Հիշողության մշակույթը ներկայումս ձեւավորվում է արվեստագետների, ակտիվիստների, լրագրողների ու գիտնականների նոր սերնդի կողմից՝ ողջ Թուրքիայում, ովքեր ավելի ու ավելի են սկսում կասկածի տակ դնել Թուրքիայում ազգի կառուցման ծրագրին հետապնդող ու խոչընդոտող անցյալի վայրագությունների անիրական լինելը։
Զրուցեց Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆԸ
«Առավոտ» օրաթերթ
18.01.2023