Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Քանի դեռ Էրդողանը չի հայտարարել, որ կոչնչացնի Հայաստանը

Հունվար 19,2023 12:00

Հայաստանում քաղաքական մի ուժ է իշխում, որին պետք է բացատրել, որ պետությունների ու նրանց իշխանությունների ոչ բոլոր հայտարարությունները կարող են բացահայտ ասվել

ՔՊ-ական պատգամավոր Գուրգեն Արսենյանն օրերս News.am-ին տված հարցազրույցում հայտարարել է, թե Թուրքիան Հայաստանի անկախությունը ճանաչելուց հետո որեւէ անգամ Հայաստանին չի սպառնացել: Նա այս միտքն արտահայտել է, մեկնաբանելով Հայաստանում ռուսական ռազմաբազայի ներկայության համար տարիներ շարունակ բերվող հիմնավորումը, թե` ռուսական ռազմաբազան Հայաստանում առավելապես ընդդեմ թուրքական սպառնալիք է: Եվ ահա, այս համատեքստում, Արսենյանը հավելել է` Հայաստանում ռուսական ռազմական ներկայությունը հավերժ չէ, ինչ-որ պահի անկարեւոր է դառնալու:

Հայաստանի անկախացումից հետո, Թուրքիան առաջին երկրներից է եղել, որ ճանաչել է Հայաստանը որպես անկախ պետություն, եւ այո՛, Հայաստանի որեւէ իշխանության օրոք, Թուրքիան լինելով Ադրբեջանի համար «եղբայրական երկիր»` չի հայտարարել, որ Հայաստանի դեմ պատերազմելու է, կամ` Հայաստանը ոչնչացնելու է: Անգամ` Արցախի վերաբերյալ նրանք նման սպառնալիքներ հրապարակային չեն հնչեցրել:

Բայց այսօր Հայաստանում քաղաքական մի ուժ է իշխում, որոնց, փաստորեն, պետք է բացատրել, որ պետությունների ու նրանց իշխանությունների ոչ բոլոր հայտարարությունները կարող են բացահայտ ասվել, եւ անգամ որոշ հարցերում նրանց լռությունը կարող է ավելի շատ բան նշանակել, քան հերթապահ արված ինչ-որ հայտարարություն:

Ուրեմն, 2018թ. ի վեր, պաշտոնական Անկարան պարբերաբար հայտարարել է, որ սատարում է Ադրբեջանի դիրքորոշումը` Լեռնային Ղարաբաղի հարցում, թեւ ու թիկունք է Ադրբեջանին, ու գործնականում ապացուցել է, որ դա այդպես է: ՔՊ-ականները, փաստորեն, հաշվի առնելով այն հանգամանքը, որ 44-օրյա պատերազմից առաջ Էրդողանը չէր բացահայտել թուրքական իշխանությունների ռազմական օրակարգը` Ադրբեջանի բանակին ամբողջությամբ սատարելու հարցում, կարծում էին, որ Թուրքիան չի միջամտելու տարածաշրջանային հարցերին, մասնավորապես` Ադրբեջանի կողմից հնարավոր պատերազմի դեպքում: Այսօր էլ, 44-օրյա պատերազմից հետո, ՔՊ-ական պատգամավորը նկատում է, թե` Թուրքիան երբեք չի սպառնացել Հայաստանին:

Գ. Արսենյանի հայտարարության բառացիորեն նույն օրը Baykar Technology ընկերության գործադիր տնօրեն Հալուք Բայրաքթարը HabertՖrk հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ ադրբեջանական բանակը 44-օրյա պատերազմի ընթացքում Bayraktar-TB2 անօդաչու թռչող սարքերով ոչնչացրել է թիրախների 75%-ը։ Ընդ որում, նա հավելել է, թե Թուրքիան, մի երկրից, որը չէր կարողանում Ադրբեջանին ուղղաթիռներ տրամադրել՝ Ղարաբաղյան Առաջին պատերազմի ժամանակ վիրավորներին տարհանելու համար, այսօր վերածվել է մի այնպիսի Թուրքիայի, որը տրամադրում է ամենաժամանակակից անօդաչու թռչող սարքերը։

Իհարկե, այս ամենը վերաբերում էր Ադրբեջանին` Լեռնային Ղարաբաղի պատերազմում աջակցելու թեմային: Իսկ մի՞թե Հայաստանի նկատմամբ այսօր էլ Ադրբեջանի կողմից ագրեսիվ քաղաքականության ցուցադրման պայմաններում Թուրքիան ինչ-ինչ պատճառներով հրաժարվելու է աջակցել Ադրբեջանին: ՀՀ այսօրվա իշխանությունը նման հավաստիացումնե՞ր է ստացել, կամ երաշխիքներ ունի՞:

Չէ՞ որ Հայաստանի գործող իշխանությունն է ամենաբարձր մակարդակով հայտարարում, որ չի բացառում Ադրբեջանի կողմից նոր ռազմական գործողություններն` արդեն Հայաստանի նկատմամբ: Հետեւաբար, այս պայմաններում ՔՊ-ական պատգամավորներին բավարա՞ր է այն, որ Էրդողանը չի հայտարարել, թե` Ադրբեջանի կողմից Հայաստանի նկատմամբ պատերազմի դեպքում կաջակցեն «եղբայրական Ադրբեջանին» ու քանի դեռ սա չի ասվել, նշանակում է` Թուրքիան չի՞ սպառնում Հայաստանին…

Թուրքիան չի սպառնում ուղիղ Հայաստանին, բայց Հայաստանի ռազմավարական դաշնակցի հետ ամենատարբեր խնդիրներով` ամենախորքային բանակցողն է: Օրերս Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը Financial Times-ին տված հարցազրույցում նշել է. «Ինչ-որ մեկը պետք է շփվի Ռուսաստանի հետ… առանց այս երկխոսության փակուղի կլինի։ Արեւմուտքը պետք է շնորհակալություն հայտնի Էրդողանին դրա համար»: Աքարի խոսքով՝ Էրդողանը հաճախ է հեռախոսով խոսում Ուկրաինայի նախագահ Զելենսկու հետ, իսկ հետո զանգահարում է Պուտինին՝ իր ուղերձները փոխանցելու համար։

Պուտին-Էրդողան հարաբերություններն այն մակարդակում են, որ Ադրբեջանի հնարավոր գործողությունները կարող են քննարկվել, հնարավոր են որոշումներ, որոնց վերաբերյալ հրապարակային հայտարարություններ հատուկ ՔՊ-ական պատգամավորների դժվար թե արվեն: Հետեւաբար, հայաստանյան քաղաքական գործիչները, եւ հատկապես իշխանության ներկայացուցիչները, վատ չէր լինի, որ աշխարհաքաղաքական թեմաներով տարածաշրջանային զարգացումներն իրենց «վերլուծություններով» չիջեցնեն կենցաղային խնդիրների մակարդակի:

Ինչ վերաբերում է ռուս-թուրքական հարաբերություններին, ապա Էրդողանի ամբիցիոզ քաղաքականության հետեւանքով Թուրքիան, կարելի է ասել, բոլոր ուղղություններով այսօր շահեկան դիրքերում է, թե՛ Արեւմուտքի, թե՛ Ռուսաստանի հետ իր հարաբերություններով:

Օրերս կայացել են Պուտին-Էրդողան հերթական հեռախոսային բանակցությունները: Ըստ Կրեմլի մամուլի ծառայության. «Հեռախոսազրույցի ընթացքում կողմերը հաստատել են երկկողմ հարաբերությունների համալիր զարգացման մտադրությունը։ Առաջնահերթությունների թվում նշվել է էներգետիկ ոլորտում համագործակցությունը, այդ թվում` Ռուսաստանում արդյունահանված բնական գազի արտահանումը եւ Թուրքիայի տարածաշրջանային գազային հաբի ստեղծումը»։

Ռուսական կողմը հաղորդեց, որ Պուտինն ու Էրդողանը քննարկել են Ուկրաինայում ստեղծված իրավիճակն ու ուկրաինական գյուղմթերքի արտահանման շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը։ «Բացի այդ, քննարկվել են թուրք-սիրիական հարաբերությունների կարգավորմանը վերաբերող հարցեր՝ Անկարայի կողմից նախաձեռնված եռակողմ ռուս-թուրք-սիրիական խորհրդակցությունների համատեքստում»։

Կրեմլի մամուլի ծառայության փոխանցմամբ, մասնավորապես, թուրքական կողմի նախաձեռնությամբ եւ, հաշվի առնելով Անկարայում Ռուսաստանի եւ Ուկրաինայի մարդու իրավունքների հանձնակատարների վերջին շփումները, բարձրացվել է գերիների, առաջին հերթին վիրավորների փոխանակման հարցը։ «Վլադիմիր Պուտինը ուշադրություն է հրավիրել Կիեւի ռեժիմի կործանարար գծի վրա, որը խաղադրույք է կատարում արեւմտյան հովանավորների աջակցությամբ ռազմական գործողությունների սրման, փոխանցվող զենքի եւ ռազմական տեխնիկայի ծավալների ավելացման վրա։ Կիեւի կեղծավոր քաղաքականության օրինակ էր ուղղափառ Սուրբ Ծննդյան տոների ընթացքում կրակը դադարեցնելու առաջարկի մերժումը։

Դիտարկվել է 2022թ. հուլիսի 22-ի ստամբուլյան «փաթեթային» համաձայնագրերի իրականացումը՝ սեւծովյան նավահանգիստներից ուկրաինական հացահատիկի արտահանման եւ Ռուսաստանից սննդամթերքի ու պարարտանյութերի մատակարարումների ապաշրջափակման վերաբերյալ։ Պուտինն ու Էրդողանը հաստատել են իրենց հանձնառությունը ռուս-թուրքական համագործակցության հետագա համակողմանի զարգացմանը»։

Այսպիսով, ռուս-թուրքական հարաբերություններում այսօր առաջնահերթությունների թվում են` համագործակցությունը էներգետիկ ոլորտում, ներառյալ ռուսական բնական գազի մատակարարումները եւ Թուրքիայի տարածքում տարածաշրջանային գազային «հանգույցի» ստեղծումը, որը փորձագետները բավական լուրջ գործարք են համարում:

Ի դեպ, Պուտին-Էրդողան հեռախոսազրույց կայացել էր նաեւ հունվար 5-ին: Նրանք դարձյալ քննարկել էին էներգետիկ հարցեր, ռուս-թուրքական հարաբերությունները, ինչպես նաեւ տարածաշրջանային խնդիրները՝ այդ թվում ռուս-ուկրաինական հակամարտությունը:

Իսկ Թուրքիայի նախագահը Ռուսաստանի հետ երկխոսությունն առաջ է մղում, պարբերաբար գովազդում «դրական արդյունքների» հնարավորություններն ամենատարբեր խնդիրներում` «հացահատիկի միջանցքից», գերիների փոխանակումից, Զապորոժիեի ատոմակայանի շուրջ անվտանգության գոտու ստեղծումից մինչեւ իսկ ռազմական գործողությունների դադարեցման, տարաձայնությունների հաղթահարման, խաղաղության եւ երկխոսության գալու կոչերով է հանդես գալիս:

Բոլորվին վերջերս Անկարան Ռուսաստանին ու Ուկրաինային առաջարկեց մարդասիրական միջանցք բացել գերիների փոխանակման համար: Օրերս Անկարայում Ուկրաինայի եւ Ռուսաստանի օմբուդսմեններ Դմիտրի Լյուբինեցի եւ Տատյանա Մոսկալկովայի հանդիպմանը նշվեց Ռուսաստանի կողմից պահվող ուկրաինացիներին ազատելու համար երկրների միջեւ մարդասիրական միջանցք բացելու մտադրությունը։ Լյուբինեցը հայտնել էր, որ Թուրքիայի նախագահը պաշտպանել է մարդասիրական միջանցք ստեղծելու գաղափարը։ Ըստ Լյուբինեցի՝ ենթադրվում է, որ միջանցքը կգործի պայմանավորվածությունների հիման վրա (ինչպես «հացահատիկային միջանցքը») եւ կնպաստի ինչպես զինվորականների, այնպես էլ քաղաքացիական անձանց վերադարձը Ուկրաինա։

Այնուհետեւ հայտնի դարձավ, որ Ռուսաստանն ու Ուկրաինան աշխատում են գերիների փոխանակման խոշոր գործարքի վրա, որին կմասնակցի ընդհանուր առմամբ 1000 մարդ, հայտնեց Թուրքիայի օմբուդսմեն Շերեֆ Մալկոչը։ «Ուկրաինայի օմբուդսմենը Ռուսաստանին է փոխանցել 800 հոգուց բաղկացած ցուցակ, իսկ Ռուսաստանի օմբուդսմենը՝ 200 հոգուց բաղկացած ցուցակ»,- տեղեկացրեց Մալկոչը։ Ռուսաստանի եւ Ուկրաինայի օմբուդսմենները փոխանակել են ցուցակները Մալկոչի մասնակցությամբ հանդիպման ժամանակ, ասել էր նա՝ հավելելով, որ Թուրքիան պատրաստ է Ստամբուլում «մարդասիրական միջանցք» տրամադրել ցանկացած նման փոխանակման համար։

Այսինքն, Ռուսաստանը 800 գերի կվերադարձնի Ուկրաինային՝ ընդամենը 200-ի դիմաց։ Իսկ թե ինչ գնով է սրան համաձայնել ռուսական կողմը, թերեւս, գործարքի «կնքահորը»`թուրքական կողմին է միայն հայտնի։

Այսօր թուրքական իշխանությունների ակտիվ, նախաձեռնողական, հավակնոտ քաղաքականությունը գնահատելու, հաշվելու համար հարկավոր են լուրջ ուսումնասիրություններ, վերլուծություններ: Այն, ինչ հրապարակային է, հայտնվում է միջազգային լրատվականների հրապարակումներում, արդեն իսկ թույլ է տալիս արձանագրելու, որ աշխարհաքաղաքական տարբեր խնդիրներում դեռ ոչ ոք այնքան շահած չի դուրս գալիս, որքան այսօրվա Թուրքիան` իր երկակի ստանդարտներով, «թուրքական դիվանագիտության» իր ողջ գործիքակազմով:

Ամփոփումը` վաղվա համարում:

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 18.01.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031