Հունվարի 16-ին Բարձրագույն դատական խորհրդում մեկնարկեց ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Դավիթ Սերոբյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ միջնորդության քննությունը: Դատավորը առարկել է ներկայացված միջնորդության հիմնավորումները եւ գտնում էր, որ միջնորդությունը ենթակա չէ բավարարման: Դ. Սերոբյանը ԲԴԽ-51-Ո-143 որոշմամբ ներկայացված առաջարկությամբ՝ ՀՀ նախագահի՝ 2018 թվականի նոյեմբերի 30-ի հրամանագրով նշանակվել է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր: Գործի քննությունն ավարտվել է, խորհուրդը հեռացել խորհրդակցական սենյակ որոշում կայացնելու: Որոշման հրապարակման օրը դեռ հայտնի չէ, ԲԴԽ-ն իր կայքում տեղեկացրել է, թե լրացուցիչ կտեղեկացնի:
Նշեմ, որ 2022թ. դեկտեմբերի 19-ին ԲԴԽ-ն ծանոթացել էր Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողովի ներկայացրած միջնորդության հիմնավորումներին: Դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու հիմք է հանդիսացել հայցվոր Ա. Բեգլարյան-Հայրապետյանի փաստաբան Մ.Հակոբյանի հաղորդումը:
Ընդհանուր իրավասության դատարանում աշխատանքային վեճի՝ աշխատանքից ազատման, պայմանագրի խզման գործով, հայցվոր կողմը տեղեկացրել է դատարանին, թե կա զուգահեռ մեկ այլ վարույթ, խնդրել է միավորել այդ գործը: Դատավորն ասել է միջնորդություն ներկայացրու՝ կասեցնելու մասին…
ԲԴԽ-ում միջնորդությունը ներկայացրած Հակոբյանն ասաց, թե կխոսի մատչելի, քանի որ դիտում են իրենց ուղիղ եթերով: Նա ասաց, որ խոսքը քաղիրավունքի հայտնի մասնագետի մասին է, մի շարք աշխատությունների հեղինակի, ինչի համար ինքը նույնպես շնորհակալ է (Իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Դ. Սերոբյանը հեղինակել է «ՀՀ քաղաքացիական իրավունք. սեփականության իրավունք» ուսումնական ձեռնարկը, «ՀՀ Սահմանադրության մեկնաբանություններ» մենագրությունը. «Քաղաքացիական իրավունք» երկրորդ մասը…-Ռ.Մ.):
Կարդացեք նաև
«Դատավարական են բոլոր խախտումները… Շատ հայտնի սկզբունքի մասին է խոսել անգլիացի դատավորը, ասելով. «Արդարադատությունը ոչ թե միայն պարտադիր պետք է իրականացվի, այլ թվա, երեւա, թե իրականացվել է»: Խախտումները վերաբերում են տարբեր փուլերին, այս կամ այն փուլում սխալ կիրառելուն, բողոքներին չանդրադառնալուն: Դատավորը Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի քաղաքացիական գործի վարույթը կասեցնելու մասին որոշման դեմ ներկայացված վերաքննիչ բողոքը նախ՝ ընդունել է վարույթ, ապա՝ կայացված որոշմամբ մերժել է վերաքննիչ բողոքը, գտնելով, որ որոշումը բողոքաբերի համար հանդիսանում է բարենպաստ դատական ակտ, եւ բողոքաբերն ի սկզբանե չուներ այն բողոքարկելու իրավունք»,-ասաց Հակոբյանը:
Հիշեցնեմ, որ ըստ Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողովի. «Նշված վերաքննիչ բողոքը՝ այդպիսի բողոք ներկայացնելու իրավունք չունեցող անձի կողմից ներկայացված լինելը գնահատման ենթակա էր վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու փուլում, եւ ժամանակին կատարված նման եզրահանգումը պետք է հանգեցներ բողոքի ընդունումը մերժելուն: Վերաքննիչ քաղաքացիական դատարանը կայացրել է բողոքի քննությունը վերսկսելու մասին որոշում՝ նշանակելով դատական ակտի հրապարակման օր, սակայն վերսկսման որոշումը բովանդակում է բացառապես ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 381-րդ հոդվածի 8-րդ մասի դիսպոզիցիայի շարադրանքը, առանց բացահայտելու բողոքի վարույթը վերսկսելու անհրաժեշտությունը»:
Հակոբյանն ասաց, որ դատավորը երկու տարբեր եզրահանգման է եկել, կա որոշակի խառնաշփոթ, ապա հավելեց. «Սերոբյանի այդ խախտումը դատական իշխանությունը հեղինակազրկող հետեւանքներ է առաջացրել»:
Նա ներկայացրեց, թե որ դեպքերում են վերաքննիչ բողոք բերում: Դատավորը պարտավոր էր, ըստ նրա, կասեցներ, եթե կա զուգահեռ վարույթ, իսկ որոշ հանգամանքներ կարող են պարզվել, երբ առկա լինի զուգահեռ դատական ակտը:
Հաջորդ խախտումը վերաբերում էր բողոքի քննությունը վերսկսելուն: Ինչ հանգամանք պարզելու համար է վերսկսվում գործի քննությունը, Հակոբյանն ասաց, թե պատճառաբանությունը չկար, թե որ ապացույցները հետազոտելու անհրաժեշտությունը կար, դատավորը միայն հղում է կատարել օրենքին, ոչ թե հնարավոր պարզվելիք հանգամանքի բացահայտմանը. «Դատավորը սխալ, անտեղի է կիրառել իր լիազորությունը՝ գործի քննությունը վերսկսելու համար»:
«Ի՞նչ է նշանակում այլ ելք, քան կասեցումն էր, չկա, հանձնաժողովը ի՞նչ է սա համարում, փա՞ստ»,- հարցրեց դատավորի ներկայացուցիչ Մուղնեցյանը հանձնաժողովական Շահնազարյանին: Ենթադրյալ խախտումը ով է կատարել օբյեկտիվ իրականության մեջ, առաջին ատյանի դատարանի խախտումը վերագրելի է ում՝ առաջին ատյանի դատավորի՞ն, բայց ոչ թե դատավոր Սերոբյանին:
«Վերաքննիչ դատարանում, եթե չկա վկայակոչված կասեցման հիմքը, դատարանը պիտի անդրադառնա՞ր»,-շարունակեց դատավորի ներկայացուցիչ Մուղնեցյանը:
Վերջինն առարկեց միջնորդության երկու-երեք էջի շրջանակներում վկայակոչված դատավարական ժամկետների ենթադրյալ խախտումներին, գործը ողջամիտ ժամկետներում չքննելուն, հայցվորի համապատասխան իրավունքի խախտմանը:
«Արդյո՞ք պարոն Սերոբյանը թույլ է տվել աշխատանքային վեճի քննության ողջամիտ ժամկետներում խախտում»,- Մուղնեցյանի հարցին հետեւեց պատասխանը՝ «Ոչ»:
Նշեմ, որ հանձնաժողովի միջնորդության մեջ հիմնավորումներ էին ներկայացվել, որ կասեցման որոշումը համարվել է ոչ բարենպաստ, հիմքում դրել էր այն հանգամանքը, որ հայցվորը ներկայացրել է միջնորդություն, թե ոչ, կասեցումը դատավորի պոզիտիվ պարտականությունն էր:
Բացարկի, ինքնաբացարկի հարցը նույնպես քննության առարկա դարձավ՝ վարույթի վերսկսման հարցի ժամանակ: Մուղնեցյանը հարցրեց. «Գործի վերսկսման որոշման պատճառաբանությունները ինչպես պետք է լինեին»: «Տեսանելի եւ առակայական»,- հետեւեց «միջնորդության պաշտպանի» պատասխանը:
ԲԴԽ քննության ժամանակ երբեմն հարցուպատասխանները վերածվում են երկարաշունչ տեսական-գիտական դասախոսության: Հասկանալի է՝ կողմերը դատավորներ են, բարձրագույն իրավաբանական կրթություն ստացած ներկայացուցիչ-իրավաբաններ:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
18.01.2023